«Ռեզոնանսի» թերթը ներկայացրել է Վրաստանի ու Ֆրանսիայի միջև ստորագրված ՀՕՊ-ի պայմանագրերի մանրամասները։ Թերթը, վկայակոչելով «Արսենալի» ռազմական պարբերականի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլուն, հայտնել է, որ Ֆրանսիան Վրաստանին կտա VL MICA տիպի զենիթահրթիռային համալիրներ ու շարժական ռադիոտեղորոշիչ կայաններ։
VL MICA համալիրն ունակ է միաժամանակ երկինք արձակել 16 հրթիռ։ Դա նշանակում է, որ կարող է լավ պաշտպանել կոնկրետ օբյեկտը, սակայն ծածկում է փոքր տարածք։
Պաշտոնական այցով Վրաստան առաջին անգամ այցելեց Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը և հայտարարեց, որ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի սպան այցելելու է Վրաստան՝ կապված Վրաստանում ՀՕՊ-ի համակարգերի տեղակայման հետ։