Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ազատվել ենք, գա՞նք, թե՞ չգանք»

«Ազատվել ենք, գա՞նք, թե՞ չգանք»
30.09.2016 | 09:39

Արարատի մարզի Մասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղի բնակչուհի ԵՎԳԵՆՅԱ ԳԱԼՍՏՅԱՆՆ իր մոր` Վալյա Մնացականյանի համար շտապօգնություն է կանչել: Շտապօգնության մեքենան տեղ է հասել մոտ 3 ժամ ուշացումով:


Այս մասին «Իրատեսին» տեղեկացրեց Եվգենյա Գալստյանը, նշելով, որ բջջային հեռախոսի մեջ արձանագրված են ելքային ու մուտքային զանգերի ժամերը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, շտապօգնություն են կանչել 19-ն անց 29 րոպեին: «Մեզ ասացին, որ Երևանից մարզ պատվերն արժե 20 հազար դրամ: Անվճար բուժօգնություն ստանալու համար պետք է զանգել Մասիսի շտապօգնություն: Իսկ ահա Մասիսի շտապօգնության ծառայությունից զգուշացրին, որ երկու կանչ ունեն, նրանց սպասարկելուց հետո նոր կարող են գալ, կամ կարող ենք քաղաքից պատվիրել: Ասացի` կսպասենք: ՈՒշացան: Կանչի մասին հիշեցրինք նաև 20:30-ին: Պարզվեց՝ էլի պիտի սպասենք, 13 տարեկան երեխա է վթարի ենթարկվել, վիճակը ծանր է, դեպքի վայրում են»:


21:50-ին զանգահարում են շտապօգնության ծառայությունից, ասում են` ազատվել ենք, գա՞նք, թե՞ չգանք: Դրական պատասխան ստանալով` 22:15-ին ժամանում են: Այսինքն, կանչն ընդունում են շուրջ 3 ժամ ուշացումով:


«Երբ դժգոհեցի, շտապօգնության բժշկուհին ասաց, որ իրենք նույնպես դժգոհ են,- պատմեց Եվգենյա Գալստյանը:- Մասիս քաղաքին և հարակից 26 գյուղերին մեկ մեքենա է սպասարկում: Մեքենա ասվածն էլ հնամաշ ՈՒԱԶ է: Բժշկուհին նկատեց, որ երբ կանչն ուշանում է, բնակիչներն այդ պահին բորբոքվում են, անցնում-գնում է, ինչպես հարկն է՝ ձայն չեն բարձրացնում: Հարցրի` ծննդաբերության դեպքերի ժամանակ էլ ե՞ք ուշանում: Ասաց` այո, օրինակ, եթե հոգեբուժարան հիվանդ պետք է տեղափոխենք, 4-5 ժամ չենք կարողանում կանչ ընդունել»:


Խնդիրը նոր չէ: Մասիսի բնակչուհին ասաց, որ անցյալ տարի նույնպես հոր համար պատվիրած կանչը ուշացել է, մի ուրիշ առիթով` 20 հազար դրամ են վճարել Երևանից օգնություն ստանալու համար:


Երևանի շտապբուժօգնության ծառայության տնօրեն ԹԱԳՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ մարզերն սպասարկելն իրենց գործառույթը չէ, բայց երբ բնակիչը ցանկանում է օգտվել իրենց ծառայությունից, մարզերի դեպքում դա վճարովի է: Նշեց նաև, որ կանչը Երևանից Մասիս արժե 10 հազար դրամ, գուցե Խարբերդի բնակչուհին Մասիսի շտապօգնության ծառայությանն է դիմել` հիվանդին Երևան տեղափոխելու համա՞ր: Եվգենյա Գալստյանին նույն հարցով դիմեցինք:

Պատասխանն անփոփոխ էր. մայրաքաղաքից Մասիս կանչը 20 հազար է: Առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ ՌՈՒԶԱՆՆԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻՑ փորձեցինք ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես` շտապօգնությունը կանչի դեպքում ի՞նչ ժամանակահատվածում պետք է ժամանի, հաճա՞խ են ուշացման դեպքեր գրանցվում և ի՞նչ պատճառներով: Բաժնի պետն ասաց, որ հարցազրույց կարող է տալ կոնկրետ հարցերի դեպքում, նախարարության կայքում կան չափորոշիչներ՝ գյուղում, քաղաքում քանի՞ րոպեում շտապօգնությունը պետք է տեղ հասնի, բացառությամբ ճանապարհային պատահարների, խցանման դեպքերի, երբ մեքենային ճանապարհ չեն տալիս: Բոլորի մոտ պլանշետներ կան, ուշացման պատճառները արձանագրվում են:


Առողջապահության կայքում չգտանք մեզ հետաքրքրող բաժինը, սակայն մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ կանչի դեպքում շտապօգնության մեքենան պետք է ժամանի 8-12 րոպեում, իսկ 13-րդ րոպեից հետո, նույնիսկ մեկ րոպե ուշանալու դեպքում բժիշկը կարող է կարգապահական տույժի ենթարկվել: Եվ, ի վերջո, առանց չափորոշիչների էլ պարզ է` ինչ է ենթադրում շտապօգնության ծառայությունը, լինի մայրաքաղաքում, թե մարզերում: Մասիսի օրինակով կարելի է ենթադրել, թե ինչպիսին է պատկերը մյուս շրջաններում, բայց առայժմ շարժվենք Մասիսի շտապօգնության հետքերով` փորձելով բացատրություն, գնահատական ստանալ նշված դեպքի առիթով:


«Հնարավո՞ր է օպտիմալ ժամանակում հասնել կանչի վայր և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, երբ ամբողջ շրջանը շտապօգնության մեկ մեքենա և մեկ անձնակազմ է սպասարկում»,- այս հարցերն ուղղեցինք Արարատի մարզպետի լիազոր ներկայացուցիչ ԳԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝ տեղեկացնելով նաև Նոր Խարբերդի բնակչուհու բողոքի մասին: Գարիկ Վարդանյանն ասաց, թե խնդիրը ֆինանսական է, մեկ բժշկական անձնակազմ պահելու համար մոտավորապես 4-5 միլիոն գումար է դուրս գրվում, բայց, կարծես, լրացուցիչ մեքենա ունեն:


Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ ճշտեցինք, որ շտապօգնության անձնակազմը մեկն է: ՈՒնեն երկու մեքենա, որոնցից մեկը վերանորոգվում է. «Բայց երկու մեքենան դեռ չի նշանակում, որ երկուսն էլ «գիծ են դուրս գալիս»: Մեկ մեքենա պահելը նշանակում է` չորս վարորդ, չորս հերթափոխային բժիշկ, չորս բուժքույր, վառելիք: Կան չափորոշիչներ, մասնագիտական նրբություններ, կան նաև ֆինանսական խնդիրներ»: Այսինքն, «Մասիսի շտապօգնության ծառայությունում իսկապես խնդիրներ կան, բնակիչների դժգոհությունն անհիմն չէ՞» հարցին ի պատասխան տնօրենն ասաց, որ խնդիրները քիչ չեն, ամեն տեղ էլ խնդիրներ կան:


Վիճակագրությունը փաստում է, որ պատահարների 90 տոկոսի դեպքում հնարավոր կլիներ փրկել տուժածի կյանքը, եթե հենց տեղում առաջին իսկ րոպեներին օգնություն ցուցաբերվեր, ինչի համար անհրաժեշտ է իմանալ որոշակի կանոններ։
Այս մասին նշված է 1-03.am կայքում: Հետաքրքիր է` ի՞նչ է փաստում վիճակագրությունը բժշկական օգնության ուշացման դեպքերի առիթով:


Երկու հարց էլ ուղղենք առողջապահության նախարարությանը. ուշադրության կենտրոնո՞ւմ են, արդյոք, ՀՀ մարզերի հիվանդանոցները, ի՞նչ արժե մարդկային կյանքը` անկախ առողջապահության նախարարության կայքում զետեղված չափորոշիչներից ու մասնագիտական «նրբություններից»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ