ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՊԵԿ-ում գտել են խոշոր բիզնեսի թաքցրած հարկերը

ՊԵԿ-ում գտել են խոշոր բիզնեսի թաքցրած հարկերը
06.10.2016 | 21:10

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված տնտեսավարողների հարկային եկամուտներն 9 ամսում գերազանցել են 2015 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշն ավելի քան 5 %-ով կամ 15,5 մլրդ դրամով, հայտնում են ՊԵԿ-ից:
2016-ի 9 ամսում խոշոր բիզնեսը պետբյուջե է վճարել 26,3 մլրդ դրամ հարկային եկամուտ, երբ այս բոլոր կազմակերպությունները միասին ունեցել են իրացման շրջանառությունների 2,5 % նվազում: «Մենք հաշվի ենք առնում արտաքին տնտեսական գործոնների ազդեցությամբ ձևավորված օբյեկտիվ պայմանները և վարչարարություն իրականացնում այն կազմակերպություններում, որոնք վերլուծական աշխատանքների արդյունքում գնահատվում են ռիսկային»,- ասել է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:


Վերլուծական նոր գործիքներ կիրառելով, ոլորտային առանձնահատկությունների ճիշտ գնահատմամբ, փաստաթղթաշրջանառության կարգավորմանն ու հարկ վճարողների իրազեկմանն ուղղված աշխատանքներով տեսչությունը հասել է նրան, որ հարկային եկամուտների աճ է արձանագրվել մի քանի ոլորտներում:


Մասնավորապես՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող 4 կազմակերպություններում հարկային եկամուտների աճը 9 ամսում կազմել է 6,7 մլրդ դրամ, ծառայությունների մատուցմամբ զբաղվող 29 կազմակերպություններում՝ շուրջ 4,7 մլրդ դրամ: Ճանապարհաշինության ոլորտում գործող 15 կազմակերպությունները միասին ապահովել են 1,8 մլրդ դրամ հարկային եկամուտների աճ, վառելիքի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունները՝ 1 մլրդ դրամ: Պարենային ապրանքների ներմուծմամբ զբաղվող 27 կազմակերպություններ միասին հարկային եկամուտներն ավելացրել են մոտ 900 մլն դրամով:
«Մեր ջանքերի շնորհիվ խոշոր բիզնեսը, ի տարբերություն նախորդ տարիների, ներկայացնում է ճշգրտված հաշվարկներ կամ հենց սկզբից ճիշտ է հայտարարագրում հարկվող օբյեկտները: Ինքնահայտարարագրման արդյունքում առաջացող հարկերի չափը գրեթե հավասար է հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտված հարկային վճարումներին: Ինչպես վարչարարության, այնպես էլ ինքնահայտարարագրման արդյունքում մենք ունենում ենք հարկային եկամուտների աճ»,- ընդգծել է ԽՀՎՀՏ պետ Ռաֆիկ Մաշադյանը:


Նրա դիտարկմամբ, տեսչությունը կիրառել է վարչարարական նոր մոտեցումներ և բարձրացրել է հսկողության ինտենսիվությունն այն ոլորտներում, որտեղ արտաքին գործոնների բացասական ազդեցություն չի եղել կամ եղել են հարկվող օբյեկտների թերհայտարարագրման ռիսկեր՝ ստվերային շրջանառություններ: Վարչարարությունն ուժեղացել է մանրածախ առևտրի ոլորտում: Միայն «Ալեքս Գրիգ», «Սաս գրուպ», «Էվրիկա գրուպ», «Նոր զովք», «Ծիրան մարկետ» խոշոր ընկերություններում կատարված հսկողական աշխատանքների արդյունքում բյուջե վճարման ենթակա ավելի քան 401 մլն դրամ լրացուցիչ գումար է արձանագրվել:


Ալկոհոլային խմիչք ներմուծող «Անդակո», «Սարգիս-Կարոլինա», «Ադամիում» ընկերություններում իրականացված ընթացիկ հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է շուրջ 150 մլն դրամի պակասորդ, և կազմակերպություններին առաջադրվել է 75 մլն դրամի տուգանք:


«Հսկողական աշխատանքների ինտենսիվության արդյունքում թռչնի մսի, ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում իրացման ծավալների շուրջ 20 % աճ ենք արձանագրել: Նույն պատկերն է նաև սուպերմարկետների դեպքում. այս ոլորտում շրջանառությունը ևս 20 %-ով ավելացել է»,- նշում է Ռ. Մաշադյանը:
Տեսչության իրականացրած վարչարարությունը մեծ դերակատարում է ունեցել նաև ծառայությունների մատուցմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից հարկային վճարումներն ավելացնելու գործում: Միայն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության արդյունքում արձանագրվել է մոտ 600 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ ընդհանուր առմամբ, կազմակերպությունն իր հարկային եկամուտներն ավելացրել է ավելի քան 4 մլրդ դրամով:


«Վարչարարության արդյունավետության բարձր ցուցանիշները մեկ անգամ ևս վկայում են, որ ՊԵԿ-ի որդեգրած հարկային քաղաքականությունը նպատակային է և ուղղված է ստվերային շրջանառությունների բացահայտմանն ու վերացմանը, հետևաբար՝ հարկային եկամուտների աճին»,- նկատել է Ռաֆիկ Մաշադյանը:

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ