Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

1905, Բաքու

1905,  Բաքու
28.10.2016 | 11:32

(սկիզբը` այստեղ)

Բալաբեկ Լալայանի տունը, որտեղ, նրանից բացի, ապրում էին այլ հայ ընտանիքներ ևս` 17 անձով, գտնվում էր «Շամախինկա» թաղում:
Երբ թուրքերը հարձակվեցին, սկսեցին կրակել ու հրդեհել, սարսափահար Բալաբեկը նետվեց դեպի հեռախոսը: Զանգահարեց նահանգապետ Նակաշիձեին, քաղաքագլուխ Իրեցկուն, ոստիկանապետ Դեմյանովսկուն, բայց պատասխանեցին երկրորդական մարդիկ ու հայտնեցին, որ ոչնչով չեն կարող օգնել: Լեղապատառ Բալաբեկը զանգեց քաղաքի մյուս ծայրում բնակվող նշանավոր հորեղբորը: Ծերունի Կարապետ աղայի հեռախոսազանգին պատասխանեց անձամբ Նակաշիձեն և հավաստիացրեց, թե ոչ մի արտառոց բան չկա, թող անհոգ լինի: Եղելությունն իմանալով, շամախեցի 20 զինված թուրքեր եկան իրենց պաշտելի Կարապետ աղայի մոտ և օգնություն առաջարկեցին: Բայց Կարապետ Լալայանը հրաժարվեց` չարաչար սխալվելով, և նորից զանգեց Նակաշիձեին: Նահանգապետը վստահեցրեց, որ անձամբ կգնա նրա եղբորորդու մոտ, և խոսքը չդրժեց` գնաց կազակների ուղեկցությամբ:


Պատուհանից տեսնելով նահանգապետին, Բալաբեկը բղավեց.
-Օգնեցե՜ք, ձերդ պայծառափայլություն…
Տունը շրջափակած ջարդարարները Նակաշիձեին տեղեկացրին, թե, իբր, Բալաբեկի տան ներքնահարկում, 10 պարկերի մեջ պայթուցիկ է թաքցված, իսկ տանիքից կրակում են իրենց վրա:
Բալաբեկը խնդրեց, որ գան ու տունը խուզարկեն: Կազակները խուզարկեցին ու ոչինչ չգտան: Դրանով բավարարված` Նակաշիձեն հեռացավ:
Թուրքերը ներխուժեցին բակ: Հուսակտուր Բալաբեկը կնոջ, եղբոր և մյուս 17-ի հետ ստիպված իջավ ներքնահարկ ու փակվեց:

40-ամյա զուռնաչի Սահակը իր «դաստայի»` ղավալչի Արշոյի ու քամանչահար Մկոյի հետ գտնվում էր Գուբերնսկայա (Նիզամիի) և Բազարնայա (Ադրբեջանի պողոտա) փողոցների անկյունում, երբ նկատեց աջուձախ կրակող հայասպան թուրքերի ամբոխին: Արագորեն մտան նախիջևանցի դերձակ Օհանի արհեստանոց ու դուռը կողպեցին: Այդտեղ պատսպարված ուրիշ հայեր էլ կային, բոլորը միասին` ութ հոգի:

Մալայա Մորսկայա (Թոդորսկու) և Սուրախանսկայա (մի մասը` Չինգիզ Մուստաֆաևի, մյուսը` Դիլյարա Ալիևայի) փողոցների անկյունում, 3-րդ գիմնազիայի հարևանությամբ, կրակեցին թաղային ոստիկանի վրա, բայց գնդակը չդիպավ: Ոստիկանը դիմեց մոտերքում գտնվող զինվորներին: Վերջիններս` շուրջ 50 հոգի, ունտեր-օֆիցերի հրամանատարությամբ, եկան դեպքի վայր: Ոստիկանը մատնացույց արեց երկհարկանի տան առջև կանգնած մի խումբ հայերի, որոնց մեջ էին սիսիանցի դռնապանը, երկու ջրկիր սայլապան, նրանց ծանոթները, իսկ պատշգամբում` մի քանի հետաքրքրասեր երեխաներ:
ՈՒնտեր-օֆիցերը զինվորներին շղթայաձև շարեց և հավաքվածներին հրամայեց.
-Немедленно разойдитесь!
Քանի որ գյուղից եկած մարդիկ էին ու ոչ ոք ռուսերեն չգիտեր, սկսեցին ծիծաղել:
Սպան հրամայեց համազարկ տալ:
Վիրավորվեցին երկու մեծահասակ ու երկու երեխա: Ծանր վիրավոր սիսիանցուն խուզարկեցին, բայց մի քոռ դանակ իսկ չհայտնաբերեցին:

Հրապուրվելով գեղեցիկ ձևավորված խանութի տեսքով, որի վրա փակցված էր «Книжный магазин Самсона Арутюняна» վահանակը, զինված և անգրագետ թուրք ջարդարարների ամբոխը դուռը կոտրեց ու ներխուժեց: Տեսնելով, որ ներսում ոչ մի նյութական արժեք ներկայացնող բան չկա, հիասթափված թուրքերը գրքերը թափեցին հատակին, կրակ տվեցին ու հեռացան:


Երջանիկ պատահականությամբ հրդեհ չբռնկվեց, և այդպես փրկվեց Բաքվի հայոց Մարդասիրական ընկերության խորհրդի այդ ժամանակվա նախագահ Սամսոն Հարությունյանի գրախանութը:

«Ամսի 7-ի ցերեկվա ժամը երկուսն է: Թուրքերը կոտրում են մեր բնակարանի ներքնայարկի դուռը: Այդ գործողութիւնը երկար չը տևեց, միայն մի քանի րոպէներ: Ծուխ է բարձրանում, թուրքերը հրդեհել են, ներքնայարկը այրվում է, իսկ մենք 8 հոգի վերևում ենք: Հասկանո՞ւմ ես, ընթերցող, մեր դրութիւնը, կարո՞ղ ես գրի առնել, թէ այդ րոպէին վերին յարկում գտնվողներս ինչ էինք մտածում: Դուրս գանք` սպանում են, իսկ ներսը մնանք` ածուխ ենք դառնալու, բայց իւրաքանչիւրը մեզանից ուզում է ոչ սպանվել և ոչ էլ մոխիր դառնալ, այլ ապրել: Քիչ յետոյ բարեբախտաբար անցնում են մեր փողոցով մեծ թւով կօզակներ և ոստիկաններ: Միևնոյն մեր բնակարանի ներքին յարկում ապրող ռուս ընտանիքների խնդրանօք նրանք կանգնում են հրդեհը հանգցնելու: Ես և հարևան սենեակում ապրող ինժեներ Յակոբեանցը դուրս եկանք պատշգամբ և աղերսեցինք ոստիկաններին. «Ի սէր Աստծոյ, սա մեր բնակարանը չէ, այլ փախած ենք այստեղ, ազատեցէք մեզ»: Մեր աղերսանքին պատասխանում է ոստիկանը ներքևից. «Ո՞վ է ձեզ խանգարում, դուրս եկէք, գնացէք»: «Ինչպէ՞ս թէ ով է խանգարում, սպանում, մորթում են, ինչպէ՞ս գնանք»: «Այնպէս, ինչպէս գնում են ուրիշները»,-պատասխանում է ինձ: Բոլորս դուրս եկանք տանից կեանք ազատող րոպէն չը կորցնելու համար և մտանք զինւորների մէջ ու աղերսում ենք. «Ազատեցէք մեզ, ինչ ուզում եք` կը տանք»: Մենք տուեցինք և նրանք ազատեցին մեզ»:
«Մշակ», 19 փետրվարի, 1905 թ.

«Պէտք է ասեմ, որ հայերը չէին սպասում այդպիսի դժբախտութեան: Նրանք ոչ միայն ոչինչ պատրաստութիւն չէին տեսել, այլև հետևեալ օրը, երկուշաբթի առաւօտ, տեսնելով որ հանգստութիւն է տիրում քաղաքում, միամիտ դուրս գնացին իրանց տներից, ամեն մէկը շտապում էր իր սովորական գործին: Բայց դա մի թակարդ էր: Չարագուշակ էր այդ լռութիւնը: Ժամը 10-ից նորից դժոխային հրացանաձգութիւն և այս անգամ արդէն ոչ թէ մի տեղ, այլ քաղաքի այն բոլոր կողմերից, ուր թուրքերի թաղերն են գտնվում: Աներևակայելի սարսափ և տագնապ: Ով կարողացաւ մնաց խանութում, գրասենեակում, մի խօսքով, ուր որ գտնվել էր այդ րօպէին. սկսվեց պաշարման դրութիւնը: Ամեն մէկը թագնված էր իր տեղը, ընտանիքների անդամները միմեանցից բաժանված, միմեանց կացութեան անտեղեակ: Թուրքերը, խմբերի բաժանված, րէվօլվէրներով, հրացաններով զինված, խփում կոտորում էին ուր որ պատահում էին հայերին»:

«Մշակ», 11 փետրվարի, 1905 թ.

«Գլխիս մի հատ սպիտակ մազ չը կար, իսկ այժմ ահա այս 4 օրուայ միջոցում ճերմակել եմ…
Սարսափների առաջին օրը ես անտեղեակ անցնում էի փողոցով, յանկարծ յարձակվում են ինձ վրա երեք թուրքեր և յիշոցներ տալով ատրճանակ են արձակում ինձ վրա: Ոտքս սլկհում է և ես վայր եմ ընկնում ձիւնապատ գետնի վրա: Թուրքերը` կարծելով, որ ես սպանված եմ` նայում, հեռանում են: Բայց ես բախտի բերմամբ նոյն իսկ վիրաւորված չէի… Դիմացի տանից գալիս է մի հայ և ինձ գրկում տանում է իր մօտ…»:
«Մշակ», 13 փետրվարի, 1905 թ.

«Փետրվարի 7-ին հայերի և թուրքերի ընդհարումները շարունակվեցին ամբողջ օրը. տուժածների թիվը մինչ այժմ ստույգ հայտնի չէ»:
«Кавказ» պաշտոնաթերթ, 14 փետրվարի, 1905 թ.

…Մութը միանգամից վրա տվեց, և պատշգամբում ծվարած Ադամյանը ցրտից կծկվեց: Մութը թուրքերին էլ ստիպեց կրակոցները դադարեցնել: ՈՒ քանի որ փողոցային լապտերի կերոսինն օգտագործել էին, խարույկներ վառեցին, որպեսզի լույս ու ջերմություն լինի, և խումբ-խումբ ժողովվեցին դրանց շուրջ:
Ադամյանը ձայն տվեց որդուն.
-Նիկո, տղաս, կանչիր Թաթոսյանին ու Քալանթարյանին:
-Հիմա, հայրիկ:
Երբ քիչ անց եկան ինժեներն ու նրա որդին և Թաթոսյանը, Ադամյանն ասաց.
-Հարկ է հերթապահություն սահմանել: Չեմ կարծում, թե թուրքերը մթության մեջ հարձակում կձեռնարկեն, բայց դրանց նենգությունն անսահման է, և պետք է աչալուրջ լինել: Տղաները թող մեկական ժամ հերթապահեն, մենք` երկուական:
Առաջինը պատրաստակամություն հայտնեց Թաթոսյանը. պատշգամբում զգուշությամբ զբաղեցրեց Ադամյանի տեղը և վերարկուի օձիքը բարձրացնելով` հենվեց պարկերին:
Լսելով, որ հրաձգությունը դադարել է, եկան Մարիամը և Քալանթարյանի կինը` մեկական մոմ ձեռքներին:
-Ալե՜քս,- ցածրաձայն ասաց Մարիամը և նստեց բազմոցին` ամուսնու ու որդու կողքին:
-Ինչպե՞ս ես, շա՞տ ես վախեցել,- հարցրեց Ադամյանը:
-Չէ, ամենևին չեմ վախենում, անհոգ եղիր, միայն քեզ համար եմ անհանգստանում: Մենք կանանցով ու երեխաներով մեր նկուղում ենք, տղամարդիկ` Քալանթարյանի:
Ապա բացեց ծնկներին դրած կապոցը.
-Ալեքս, դու և Նիկոն ամբողջ օրը չեք սնվել: Տանն ով ինչ ուներ, բերել է, սա ձեր բաժինն է:
Ադամյանը նոր միայն զգաց, որ, իրոք, ոչինչ չէր կերել: Բայց օրվա ահավոր լարվածությունն ու հոգնածությունը զգացվում էին, աչքերը փակվում էին: Հասցրեց միայն նկատել, որ Նիկոն սկսեց ագահորեն ինչ-որ բան կլանել, իսկ Քալանթարյանի կինը մոմի լույսի տակ շոյեց ամուսնու սպիտակող մազերը ու գլուխը դրեց նրա ուսին:
Բաքվի պարզկա երկնքում երևում էր սառնաշունչ լուսինը…

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ