ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քրդստանը և Թուրքիայի նոր սահմանները

Քրդստանը և Թուրքիայի նոր սահմանները
28.10.2016 | 13:00

Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է թոթափելու պատրանքը, որ Սիրիայում պայքարը բռնակալ Բաշար Ասադի դեմ է՝ տարածաշրջանում վաղուց արևմտյան քաղաքակրթության տարտղնված ժողովրդավարական արժեքներ հաստատելու համար: Այնտեղ բազմաշերտ եռակողմ պատերազմ է (ԱՄՆ-ՌԴ-Պարսից ծոցի միապետություններ), որտեղ կողմերից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական-տնտեսական համալիր ծրագրերը: Այդ արդեն գլոբալ պատերազմի ձևաչափի առանձնահատկությունը ամենասկզբից տարածաշրջանի կրոնական-պատմական յուրահատկությունն է՝ կապված դեռ ոչ վաղ անցյալում վիրտուալ իրականության՝ արմատական «իսլամական գործոնի», ձևավորման ու ինստիտուցիոնալացման հետ: Ով էլ հղացել է (իսկ ծնվել է VII դարում), գաղափարը դուրս է եկել ծրագրված շրջանակներից ու վերածվել շոշափելի պետության՝ խալիֆաթի, որ աճել է Իրաքի ու Լևանտի իսլամական պետության գաղափարից: Նրան դեռ ի վիճակի չեն վերացնել ոչ պայմանականորեն ամերիկամետ (ձևավորման պահին՝ 55 երկիր և ԵՄ-ն, Արաբական երկրների լիգան և ՆԱՏՕ-ն), ոչ պայմանականորեն ռուսամետ (4 երկրներ) կոալիցիաները:

Միայն 2016-ին խալիֆաթը կարողացավ շատ որակով ցնցել ռուսական-ասադական զորքերը Ռաքքայի մերձակայքում, իսկ հիմա՝ ամերիկամետ ուժերի գրոհը Մոսուլի վրա, նրանք միանգաման անսպասելիորեն ոչ թե խուլ պաշտպանության անցան, այլ ժամանակն անցկացնում են տպավորիչ ու արդյունավետ գրոհներում (Քիրկուկի վրա, Ար-Ռաբահի): Ստեղծվում է տպավորություն, որ խալիֆաթին հնարավոր է ոչնչացնել (զանգվածային ոչնչացման զենքերը դեռ ոչ ոք չի վերացրել), բայց ոչ հաղթել: Ինչո՞ւ: Բացատրությունները շատ են: Ոչ տրիվիալ, բայց դրանից ոչ նվազ ռացիոնալ դարձող բացատրությունը խալիֆաթի զինվորների խոր նպատակամիտվածությունն է: Այն նպատակամիտվածությունը, որ հաճախ խլացնում է նույնիսկ ինքնապահպանման բնազդը: Աբդուլսատար Կասեմը՝ Իրաքյան Քրդստանի տարածքային կառավարության նախարար և 1981-ից Փեշմերգայի զինվոր, մասնավոր խոսակցության ժամանակ այսպես բնութագրեց ԻՊ-ականներին. «Նրանք էլ ունեն իրեց գաղափարները և հավատում են այդ գաղափարներին: Նրանք ունեն իրենց շարիաթի աշխարհն ու ուզում են այդպիսին դարձնել մնացած աշխարհը: Նրանք կռվում են ամբողջ հոգով, իսկ հոգով կռվողները միշտ լավ զինվորներ են: Նրանք վտանգավոր են, որովհետև վստահ են, որ եթե թշնամուն սպանեն, դրախտ են ընկնելու: Այդ պատճառով ուզում են հնարավորինս շատ սպանել: Նրանք լավ, գաղափարարական և լավ զինված մարտիկներ են»: Կարելի է ծիծաղել այդպիսի նպատակայնության վրա, իբրև հիվանդագին պատմական երևակայության, բայց եթե փաստերի աչքերին ես նայում, հենց նպատակամիտված ջոկատներն են (քրդերը և ԻՊ-ը) կարողացել այս տարիներին ստեղծել թեկուզ քվազի, բայց պետություններ: Մնացած մասնակիցները միայն կորցրել են՝ մեկը փող (ՌԴ), մեկը հեղինակություն (ԱՄՆ), մեկը եկամուտներ (Սաուդյան Արաբիա), մեկը նյարդեր (Իսրայել), նաև տարածքներ (Սիրիա և Իրաք):


Բայց վերջին օրերին հստակ երևում է նոր նպատակ՝ թուրքական: Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Մոսուլն ու Հալեպը պատկանում են թուրք ժողովրդին: Հաջորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում Էրդողանն առավել անկեղծ արտահայտվեց. «Մեզ խցկեցին 720 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մեջ, երբ մենք տիրում էինք 20 միլիոն քառակուսի կիլոմետրի: Մեզ ստիպեցին պահպանել այդ փոքրիկ հողակտորի սահմանները: Բայց դա արդեն չի անցնի: Մենք դուրս կգանք ներկա տարածքի սահմաններից՝ ով էլ ինչ ասի»: Նախագահը հղում էր անում մի փաստաթղթի, որ Թուրքիայում սրբազան նշանակություն ունի՝ Misak-ı Millî (Ազգային երդումը)՝ Օսմանյան կայսրության վերջին խորհրդարանի որոշումը (1920), որ Մուստաֆա Քեմալը (շուտով դառնալով Աթաթուրք՝ «թուրքերի հայր») անվանեց «պատմության աննալներում մեր անկախության հիմնական սկզբունք»: «Երդման» առաջին կետը սահմանում է, որ «Արաբական մեծամասնությամբ բնակեցված տարածքների ապագան Մուդրոսի հաշտության (1918) ստորագրման պահին կորոշվի հանրաքվեի ճանապարհով:

Մյուս կողմից՝ տարածքները, որ այն ժամանակ չեն օկուպացվել և բնակեցված են թուրք մեծամասնությամբ, թուրք ազգի հայրենիքն են»: Եթե այդ պոստուլատը համարենք հիմնարար, մնացած բոլոր պայմանագրերը (Սևրի, Կարսի, Լոզանի) կարելի է հայտարարել չնչին և ինչպես հիմա են սիրում ասել՝ «ստորագրված՝ ինքնաձիգի փողի տակ»: Իսկ Մուդրոսի հաշտության ժամանակ Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը, Արաբիան և Միջագետքը օկուպացված չէին և Մուդրոսի պայմանագրի տառից ելնելով՝ «թուրք ազգի հայրենիքն են»: Իբրև արդյունք՝ վերջին ժամանակներս Թուրքիան և նրա դրածոները «Սիրիական ազատ բանակից» ծայրահեղ ակտիվացրել են իրենց գործողությունները Հալեպի նահանգի հյուսիսում՝ Դաբիկ-Մարի-Թել-Ռիֆաթ գծով՝ զրկելով սիրիացի քրդերին իրենց նվիրական երազանքից՝ միացնել Աֆրինի արևմտյան անկլավը «մայրականին»՝ Ռոժավային արևելքում: Թուրքական զորքերը մտել են սիրիական Իդլիբ նահանգը, գրավել են Ագրաբաթ քաղաքը և սկսել են գնդակոծել Աֆրինի տարածքն արդեն արևմուտքից: Ասադի վարչակարգը (միակ լեգիտիմը Մերձավոր Արևելքում միջազգային իրավունքի փլատակներում) բողոքում է, բայց թուրքերն անտեսում են բողոքները: Իրաքում թուրքերն արդեն վաղուց են զորքեր մտցրել երկրի հյուսիս (Իրաքյան Քրդստանի Փեշմերգային ուսուցանելու պատրվակով), չորս բազա են ստեղծել հյուսիսում և հայտարարել են Մոսուլի գրավմանը մասնակցելու մասին: ԱՄՆ-ի թողտվությամբ՝ հոկտեմբերի 22-ին ԱՄՆ ՊՆ նախարար Էշտոն Քարտերը հայտարարեց. «Մենք սկզբունքորեն պայմանավորվել ենք Մոսուլի գործողությանը Թուրքիայի մասնակցության մասին»:

Հայտարարեց նախագահ Էրդողանի, վարչապետ Յիլդիրիմի, պաշտպանության նախարար Իշիկի հետ հանդիպումից հետո: Այսպիսի աջակցության պարագայում՝ զարմանալի չէ, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի բողոքներին ի պատասխան Էրդողանն առաջարկեց «իր տեղը ճանաչել»:
Գնահատելով Սիրիայում ու Իրաքում ձևավորված նոր իրավիճակը, համարձակվում եմ եզրակացնել, որ ոչ ռազմական սցենարը Սիրիայում ու Իրաքում դառնում է անհնար: Թուրքիան իբրև պատմական-ազգային հնչեցրեց իր նոր շահը տարածաշրջանում, այսինքն` ստեղծեց նոր նպատակ, որից հրաժարվելը Էրդողանի կառավարության համար կդառնա քաղաքական ինքնասպանություն: Նշանակում է՝ սցենարը փոխվել է և կոնֆլիկտի ավարտը (արդեն հասկանալի է՝ ոչ շուտ) կապված է ոչ Ժնևում դիվանագիտական ջանքերի հետ, այլ՝ առայժն անհայտ է՝ ում բայց մարտական հաղթանակների, որ կբերեն գոյություն ունեցող սահմանների փոփոխություն և նոր պետությունների ձևավորում: Հոկտեմբերի 25-ին՝ Մոսուլի գործողության ութերորդ օրը, քրդական Rudaw-ն հաղորդեց, որ, քուրդ հրամանատարների խոսքով, Փեշմերգան չի շարունակելու մասնակցել Մոսուլի ազատագրմանը: Բաշիկ քաղաքի մերձակայքում քրդերը սկսել են պաշտպանական գծեր կառուցել: Դա նշանակում է, որ բուն գործողությունը ձախողման եզրին է, (փեշմերգան հիմնական ուժն է), իսկ քրդերը սկսում են ամրապնդել իրենց պետության ՆՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ: Չլսելով Բաղդադի բողոքի ձայները:
«Սայքս-Պիկոյի ձևաչափի» Մերձավոր Արևելքի դարաշրջանն անցնում է պատմության գիրկը:
Անդրեյ ԳԱՆԺԱ, REGNUM


Հ.Գ. Հիմա ո՞վ կարող է ասել՝ ո՞րն է Թուրքիայի ու ԻՊ-ի տարբերությունը: Մեկը ուզում է վերականգնել, մեկը՝ ստեղծել: Նույնը՝ խալիֆաթ: Ռուսները ճիշտ էին, երբ ապացուցում էին ԻՊ-ի ու Թուրքիայի կապերը: Իսկ մենք քննարկում ենք՝ երբ ու քանի շրջան հանձնենք Ադրբեջանին՝ ինչի դիմաց: Հաստատուն են զինվորների, ոչ թե դիվանագետների որոշած սահմանները: Թուրքերի «ազգային հայրենիքը» նրանց երբեք հայրենիք չի դառնա՝ որքան էլ հայկական պատմական հուշարձանները վերացնեն: Ինչով էլ երդվեն ու որ երկրի տարածքն էլ փորձեն սեփականը հայտարարել, այս տարածաշրջանում թուրքերը եկվորներ են, որ լավ հիմնավորվեցին բնիկների քաղաքակրթության ու հյուրամեծարության պատճառով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ