Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության կողմնակիցների, ինչպես նաև Հայաստանին միանալ ցանկացողների թիվը՝ նախորդ՝ 2015 թ. տվյալներով 91,7 %-ից աճելով մինչև 95,1% 2016-ին: Բնակչության հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անվտանգությունը:
«ԱյՓիԷսՍի»քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը նոյեմբերի 17-ին, Բրյուսելում եվրոպական դիվանագետների, լրագրողների և տարածաշրջանով զբաղվող միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար ներկայացրել է ՂՀ սոցիալ-տնտեսական զարգացումների, արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային ընկալումների, միջազգային ճանաչման և հակամարտության կարգավորման խնդիրների վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները: Հետազոտությունը իրականացվել է 2016-ի հուլիսին (ապրիլյան քառօրյա պատերազմից կարճ ժամանակ անց)՝ 1081 ընտրանքով, Ստեփանակերտում և ԼՂՀ 7 շրջաններում: Հետազոտության արդյունքները համեմատական վերլուծության են ենթարկվել «ԱյՓիԷսՍի»-ի կողմից 2015-ի մարտին ԼՂՀ-ում կատարված համանուն սոցհարցման արդյունքների հետ:
Ստացված տվյալները փաստում են, որ վերջին մեկ տարում ԼՂՀ-ում աճել է անկախության համախոհների թիվը՝ նշանակալի միտումներ են նկատվել բնակչության երիտասարդ և կրթված զանգվածի շրջանում: Նրանք աջակցում են անկախությանը (18-30 տարեկանների 61,2 %-ը անկախության կողմնակից է, բարձրագույն կրթություն ստացածների 53,6 %-ը անկախության կողմնակից է):
Պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում կառավարության գործունեության հանդեպ հանրային դժգոհությունը աճել է 2 նիշով, բնակչության 78,6 %-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը ճիշտ ուղու վրա է:
Խաղաղության և պատերազմի հիմնահարցը շարունակում է մնալ բնակչության մտահոգության առաջնային խնդիրը հարցվածների կեսից ավելիի համար: Գործազրկության և ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրները երկրորդ և երրորդ տեղերում են: Բնակչության արտագաղթի միտումները շատ ցածր տոկոս են կազմում:
Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի բնակչության քաղաքական հասունության մակարդակը. ««Քառօրյա պատերազմը» փոխեց իրադրությունը, բայց դա հիմնավոր փոփոխություն չէր: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շատ հասուն մոտեցում է ցուցաբերում իր դիրքորոշման մեջ, հատկապես Արցախի Հանրապետության անկախության ճանաչման առումով»: Նրա կարծիքով, չնայած ժողովուրդը ավելի շատ է քննադատել իշխանություններին, այդուհանդերձ, ուժեղ լոյալություն է դրսևորում սեփական երկրի հանդեպ, իսկ իրավիճակի հետագա հնարավոր սրումները ավելի կուժեղացնեն այդ միտումները:
Հետազոտության արդյունքների քննարկման ավարտից հետո EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն նշեց, որ ուրախ է տեսնել Ղարաբաղի բնակչության վճռականությունն ու տոկունությունը՝ չնայած ադրբեջանական ագրեսիային և իրավիճակը ապակայունացնելու փորձերին: Բավականին շատ են մտահոգությունները բռնությունների կրկնության մասով, սակայն ԼՂՀ բնակչությունը պայքարում է խաղաղության համար՝ վստահելով ԵԱՀԿ Մինսկի կարգավորման գործընթացին և միջազգային հանրությանը: «Որպես Հայաստանի եվրոպացի բարեկամներ՝ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ԵՄ-ին հուսախաբ չանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Պետք է շարունակել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալով, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, և զինադադարի նոր խախտումներն այլևս անթույլատրելի են»,- ասաց նա: