Ավստրիան բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով՝ հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը։ 2017-ի հունվարից Ավստրիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Կուրցն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը` ռազմական նոր դրսևորումները բացառելու նպատակով, քանի որ դրանց կրկնությունը կարող է ճակատագրական լինել:
«Միանշանակ է՝ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, և ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ ռազմական գործողության վրա: Բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի, և միջազգային հանրությունը դրան կողմնակից չէ, բոլորը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում: Մի շարք առաջարկներ քանիցս եղել են բանակցային սեղանին, իսկ վերջերս վստահության հաստատման միջոցների մասին որոշ գաղափարներ են ընդունվել, որոնք սպասում են կիրառման»,- ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը։ Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքներում. «Թերևս չափազանց վաղ է խոսել հստակ նախաձեռնությունների մասին՝ շատ բան կախված է տարածաշրջանում զարգացումներից: Վիեննան այս տարվա մայիսին նախագահական գագաթնաժողովի անցկացման վայրն էր, մենք միշտ պատրաստ ենք կրկին բանակցություններ հյուրընկալել, եթե կա ցանկություն: Մենք Մինսկի խմբի անդամ չենք, սակայն կանենք առավելագույնը՝ աջակցելու Մինսկի գործընթացին: Մենք դա կանենք որպես ԵԱՀԿ նախագահ և որպես պետություն, որը շատ լավ հարաբերություններ ունի երկու ներգրավված երկրների հետ»։
Հարցին, թե ե՞րբ է ծրագրում այցելել Հարավային Կովկասի տարածաշրջան, Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է. «ԵԱՀԿ նախագահի պաշտոնում ես, անշուշտ, կայցելեմ Հարավային Կովկաս և կգամ Երևան ու Բաքու: Դա կապված կլինի բանակցային գործընթացի առաջընթացի հետ: 2017-ին Ավստրիան նաև կնշի երկու երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25- ամյակը, որ լրացուցիչ խթան է՝ առաջիկա տարում ակտիվացնելու դիվանագիտական հարաբերությունները»: