Թուրք սյունակագիր Սերդար Քորուջուն gazeteduvar.com.tr կայքում անդրադարձել է վերջին շրջանում տարբեր թուրք պաշտոնյաների կողմից հաճախակի կրկնվող թուրքական քարոզչական մի թեզի, որ թուրք վերնախավը հաճախ փորձում է քրդական հարցը բարդել համայն աշխարհի հայության վրա:
Ինչպես գրում է Քորուջուն, դեռևս 1980-ականին մեծ տարածում գտած «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայկական նախագիծ է»,«Այս երկրում չկա քրդական հարց, կա միայն հայկական հարց» շարքի թեզերը Թուրքիայում սկսեցին ավելի հաճախ վերհիշել վերջին շրջանում, երբ Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում նոր թափով վերսկսվեցին թուրք-քրդական բախումները: Ստամբուլում նոյեմբերի 18-21-ին անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քննարկումների ժամանակ ՔԱԿ-ի ներսում իբրև թե հայ գրոհայինների առկայության մեղադրանք հնչեցվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով: Վեհաժողովի քննարկումների ժամանակ հայկական պատվիրակության նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին պատասխանող Չավուշօղլուն հայտարարեց. «Մեր ձերբակալած ՔԱԿ գրոհայինների շարքում հայեր էլ կան»: Թուրքիայում բավականին լայն տարածում ստացած այս քարոզչական թեզի մասին խոսելիս թուրք սյունակագիրը հիշեցնում է դեռևս տարիներ առաջ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի թեմայի վերաբերյալ տված պատասխանը. «Մինչև այսօր ձերբակալված ՔԱԿ զինյալների շրջանում ոչ մի հայ չկա: Եթե այդպես լիներ՝ օրվա մեջ 10 անգամ հեռուստացույցով ցույց կտային: Թող ապացույցներ ներկայացնեն՝ մենք էլ հավատանք»:
Սերդար Քորուջուն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին ի՞նչ հետևանքների բերեց նման քարոզչությունը:
1994-ի հունվարի 12-ին Tempo ամսագրին տված հարցազրույցում պատրիարք Մութաֆյանը պատմել էր, որ անհիմն մեղադրանքների պատճառով հայկական համայնքի շուրջ չափից դուրս լարված իրավիճակ է ստեղծվել: «Նրանք ուզում են, որ մենք լքե՞նք երկիրը: Այսօր իշխանությունները հայերի դեմ ատելությունն օգտագործում են ՔԱԿ-ի դեմ պայքարում: Նրանք ցանկանում են ցույց տալ, թե Թուրքիայի միակ խնդիրը փոքրամասնությունների խնդիրն է: Մինչդեռ Թուրքիայի քրիստոնյա հայերի քանակը ընդամենը 60 000 է: Անատոլիայի տարածքում որքա՞ն են մնացել՝ չգիտեմ, սակայն այնտեղ էլ շատ չեն: Այսքան քիչ մարդկանց խումբն ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել: Վերջին շրջանում հայերի՝ ՔԱԿ-ի հետ իբրև թե համագործակցելու վերաբերյալ սուտ լուրերը ավելի են շատացել: Մեր դպրոցների շենքերը քարկոծվում են: Հայ բառն օգտագործվում է որպես հայհոյանք: Անցյալ օրը Բեյազիդի մզկիթի դիմացից մի խումբ քայլել է դեպի եկեղեցի: Լավ է, որ ոստիկանությունը ճանապարհին կանգնեցրել է: Անցյալ ամառ նորից հարձակում էր իրականացվել եկեղեցու վրա, եկեղեցու պատուհանները, դռները կոտրվել էին»,- ասել էր Մութաֆյանը: Սերդար Քորուջուն, մեջբերելով 23 տարի առաջվա հարցազրույցը, ցավով արձանագրել է, որ հայերի՝ ՔԱԿ-ի հետ կապերի մասին սուտ քարոզչական թեզը պաշտոնապես վերադառնում է օրակարգ:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978-ին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որ ցմահ ազատազրկված է Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։