Ադրբեջանն ու Ռուսաստանը լուծել են մի շարք հարցեր, որոնք բարդ քննարկումների տեղիք էին տալիս՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո:
Դմիտրի Ռոգոզինը Բաքու է մեկնել ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: «Կոմերսանտը» որոշ մանրամասներ է հայտնում առաջիկա ռուս-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ: Թերթի աղբյուրը նշում է, որ Ռոգոզինի այցի շրջանակներում քննարկվելու է նաև զենքի վաճառքի նոր համաձայնագրերի հարցը: Բանակցություններին մասնակցելու է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Անդրեյ Բոյցովը:
«Ռուսաստանցի բանագնացների հիմնական առաքելությունը Հայաստանին «Իսկանդեր» համակարգ մատակարարելու մասին որոշումը բացատրելն է»,- գրում է «Կոմերսանտը»՝ հավելելով, որ Ադրբեջանում չափազանց բացասական են արձագանքել Ռուսաստանի այդ որոշմանը:
«Իսկանդերի» մեկ մարտական հաշվարկ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ում գործող համաձայնությունների շրջանակում, իր ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանին տրամադրել էր աշնանը: «Պաշտոնապես այդ մասին չէր հայտարարվել, սակայն սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի կապակցությամբ Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ «Իսկանդեր»-ներն անցան Հանրապետության հրապարակով, ինչը հարուցել էր Բաքվի զայրույթը»,- գրում է «Կոմերսանտը»: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ վարչապետն ասել էր. «Ռուսաստանը միշտ ձգտել է պահպանել ուժերի հավասարակշռությունը: Եթե մի պահ պատկերացնենք, որ մենք կողմերին զենք չենք վաճառում, նրանք այդ զենքը կգնեն երրորդ երկրներից, և դրանից այդ զենքը պակաս մահաբեր չի լինի»: Թերթը հիշեցնում է, որ 2010-2014 -ին Բաքում և Մոսկվան կնքել էին երկու С-300ПМУ-2 զենիթային հրթիռների, «Тор-М2Э» հրթիռային համակարգերի, հարյուրական ուղղաթիռների, տանկերի ու զրամեքենաների, «Смерч» և ТОС-1А համակարգերի գնման պայմանագրեր:
Զինտեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին Ռուսաստանը շարունակել է նաև այս տարի: Ադրբեջանը Ռուսաստանից շուրջ 5 մլրդ դոլարի զենք է գնել: Վերջին ամիսներին Ադրբեջանը սպառազինություն գնելու և համատեղ արտադրություն սկսելու բանակցություններ է վարում Պակիստանի հետ: Երեք օր առաջ, ըստ Իսրայելի կառավարության պաշտոնական կայքի, վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Իլհամ Ալիևն ընդգծել էր, որ Ադրբեջանը Իսրայելից 4,8 մլրդ դոլարի զենք է գնել: Ադրբեջանը իսրայելական արտոնագրով անօդաչու թռչող սարքեր է արտադրում: