Բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների զարգացում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով հարցին՝ մտավախություն չկա՞, որ զինծառայողները ստիպված կլինեն ընտրել այն քաղաքական ուժին, որի ցուցակը գլխավորում է ինքը:
«Երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Իհարկե, պաշտպանության նախարարի քաղաքական ռեսուրսի շահարկումը, նախարարի կուսակցական լինելը մի կողմից թվում է, թե առավելություն է, մյուս կողմից` պետք է հասկանանք, որ այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, ու չլուծված հարցերը ևս կապում են քաղաքական այն կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ: Ես կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ հասկանալ` բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների զարգացում, ինչպես և եղել է նախորդ ընտրությունների ընթացքում»,- ասաց Վիգեն Սարգսյանը: «Իսկ եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը և որոշեն քվեարկել այն կուսակցությանը, որի նախընտրական ցուցակն եմ ես ղեկավարում, դա իրենց քաղաքացիական իրավունքն է»,- ընդգծեց նա:
Նախարարի խոսքով, բանակը չի ուղղորդվել ու չի ուղղորդվի քվեարկության ժամանակ: