Ազգային գաղափարախոսություն հորինել պետք չէ, ոչ էլ վախենալ այդ գաղափարախոսությունից՝ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան:
Հարցին, թե հայերին պետք է ազգային գաղափարախոսություն, նա պատասխանել է. «Մեր իմաստությունը պետք է լինի ոչ թե ազգային գաղափարախոսություն հորինելու, այլ մեր անցած պատմության մեջ այդ ճշմարտությունը գտնելու: Նժդեհը երկար տասնամյակներ գրեթե մոռացված էր: ՈՒնենք Նարեկացի, որն աշխարհի մակարդակով ճանաչվում է որպես հոգևոր գաղափարախոսության առանցք, նրան տիեզերական վարդապետ է հռչակել կաթոլիկ եկեղեցին: Ազգային գաղափարախոսություն հորինել պետք չէ, ոչ էլ վախենալ այդ գաղափարախոսությունից:
Շատ ժամանակ ասվում է, որ ազգային գաղափարախոսությունը բնորոշ է փակ, տոտալիտար երկրներին: Որոշ առումով այդպես է, եթե ազգային գաղափարախոսությունն ընդունենք որպես խմբով քայլելու միջոց, բայց եթե դա աշխարհընկալման հիմք է, եթե դա ներքին կոդերի թույլատրելիի և անթույլատրելիի սահմանագիծ է, ուրեմն ազգային գաղափարախոսությունն առաջին քրիստոնեական երկրին անհրաժեշտ է: Նոր բան մենք հազիվ թե հորինենք, պարզապես պետք է հասկանանք, թե որտեղից ենք գալիս»: