Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սերժ Սարգսյան. Հակասություններից օգուտ քաղելը շատ վտանգավոր է, իսկ փոքր երկրների համար կարող է լինել ճակատագրական

Սերժ Սարգսյան. Հակասություններից օգուտ քաղելը շատ վտանգավոր է, իսկ փոքր երկրների համար կարող է լինել ճակատագրական
15.03.2017 | 11:27

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը:


- Մեծարգո պարոն նախագահ, մեզ համար մեծ պատիվ է Ձեր ընդունելությունը, շատ շնորհակալ ենք այս հնարավորության համար և ուրախ ենք գտնվել Հայաստանում:
- Ես եմ շնորհակալ, որ այսպիսի հնարավորություն ունեմ:
- Նախ կուզեինք սկսել Ձեր այցերից: Վերջերս Դուք գտնվում էիք Բրյուսելում: Շուտով նաև մեկնելու եք Ռուսաստան` Մոսկվա: Ո՞րն է այս ակտիվ դիվանագիտության նպատակը:
- Յուրաքանչյուր երկիր ունի խնդիրներ, յուրաքանչյուր երկիր ցանկանում է սերտ համագործակցել իր գործընկերների հետ, այդ համագործակցությունը բազմաշերտ է: Կարծում եմ` ամենաբարձր մակարդակներով ակտիվ քաղաքական երկխոսությունը ամենաարդյունավետ միջոցն է, և դա շատ լավ ազդակներ է հաղորդում մնացած բոլոր ոլորտներին: Այո, ես գրեթե մեկ շաբաթ առաջ եմ եղել Բրյուսելում, երեկ վերադարձել եմ Փարիզից և երեքշաբթի մեկնելու եմ Մոսկվա: Հավելեմ, որ մարտին նաև լինելու եմ Արաբական Միացյալ Էմիրություններում և Մալթայում:
-Ռուսաստանը Հայաստանի ամենակարևոր գործընկերներից մեկն է: Ինչպե՞ս են ձեր հարաբերություններն այսօր Ռուսաստանի հետ` հաշվի առնելով, որ Ռուսաստանը բավականին լարված հարաբերություններ ունի Արևմուտքի հետ: Ձեր կարծիքով` արդյոք Արևմուտքն անարդար է Ռուսաստանի նկատմամբ: Հայաստանը կարո՞ղ է ինչ-որ կերպ նպաստել Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների բարելավմանը:
-Ռուսաստանն իրոք մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք Ռուսաստանի հետ ունենք հարաբերությունների շատ երկար պատմություն: Այդ հարաբերությունների ընթացքում ձևավորվել են բազմաթիվ կապեր, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Մենք որևէ պատճառ չենք տեսնում այդ կապերը խզելու համար, ընդհակառակը, մենք ցանկանում ենք այդ կապերն էլ ավելի ամրապնդել, ընդլայնել, դա բխում է մեր ազգային շահերից: Ռուսաստանը մեր առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկն է, այն այսօր ամենախոշոր ներդրողն է Հայաստանում, ՌԴ հետ ունենք շատ լավ ռազմատեխնիկական համագործակցություն: Ռուսաստանը մեծ շուկա է` ահռելի շուկա: Ռուսաստանը մի երկիր է, որտեղ Հայաստանը լավ են ճանաչում, և որը մեզ համար եղել է և կա որպես մեծ զբոսաշրջային բազա: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով. մենք ԵԱՏՄ անդամ ենք, ՀԱՊԿ անդամ ենք, համագործակցում ենք այլ միջազգային կառույցներում ևս: Ես չեմ ուզում գնահատական տալ արևմտյան երկրներին, որոնք այսօր դժվարին հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, որովհետև վստահ եմ, որ ցանկացած երկիր, ցանկացած կազմակերպություն իր քայլն անելիս համարում է, թե ինքն արդար է: Այստեղ պարզապես մի բան կարող եմ ասել` ժամանակակից աշխարհում ժողովուրդները կարող են շահել, երբ ապրանքները, կապիտալը, աշխատուժը ազատ կարողանում է տեղաշարժվել: Տնտեսական հաջողությունների կարելի է հասնել աստիճանաբար: Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում: Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, չափազանցություն կլինի: Սակայն սրանով հանդերձ մենք մշտապես աշխատում ենք, որ հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև, քանի որ համոզված ենք` հակասություններից օգուտ քաղելը շատ վտանգավոր երևույթ է, իսկ փոքր երկրների համար շատ պարագաներում դա կարող է լինել ճակատագրական: Ելնելով սրանից` մենք մշտապես մեզ լավ ենք զգում, երբ ՆԱՏՕ- Ռուսաստան, Արևմուտք- Ռուսաստան, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները լարված չեն, դա մեզ համար ամենաընդունելի վիճակն է:
-Ձեր որոշ հարևաններ, օրինակ՝ Վրաստանը, ընտրել է իր զարգացման ուղին եվրոպական ուղղությամբ: Դուք ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպիսի՞ն եք պատկերացնում Հայաստանի զարգացումն այդ ուղղությամբ, արդյոք հակասություններ չեք տեսնում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև:
-Գուցե կան հակասություններ այդ երկու տնտեսական, քաղաքական կառույցների միջև, բայց մենք, լինելով ԵԱՏՄ անդամ, փորձում ենք համագործակցել նաև Եվրամիության հետ: Ընդհանրապես, Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը մեր արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է: Մենք ամեն տարի բարելավում ենք մեր հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ, սա ևս բխում է մեր ազգային շահերից: Գիտեք, որ Եվրամիությունն ունի հատուկ քաղաքականություն` Արևելյան գործընկերությունը, որն իր ներսում խնդիրներ էր պարունակում: Երբ 2015-ին Ռիգայի գագաթնաժողովում որոշվեց, որ ԵՄ-ն պետք է տարբերակված մոտեցում ունենա Արևելյան գործընկերության յուրաքանչյուր անդամի նկատմամբ, մենք անմիջապես ցանկություն հայտնեցինք վերսկսելու բանակցությունները ԵՄ-ի հետ հարաբերությունների շրջանակային փաստաթղթի շուրջ: 2015-ի դեկտեմբերին Եվրամիությունը և մենք հայտարարեցինք այդ բանակցությունների սկզբի մասին: Մեկ շաբաթ առաջ Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ պարոն Տուսկը և ես հայտարարեցինք, որ այդ բանակցություններն ավարտված են և փաստաթուղթը պատրաստ է նախաստորագրման: Մենք մեր քաղաքականության մեջ հակասություն չենք տեսնում: Ընդհակառակը, մեր խորին համոզմամբ սա փոխլրացնող քաղաքականություն է, մենք ոչ մեկ, ոչ էլ մյուս փաստաթղթում չունենք իրար հակասող դրույթներ: Ինչու եմ հղում կատարում փաստաթղթերին` որովհետև իմ կարծիքով պետությունների կարևորագույն պարտականություններից մեկն է լինել պատասխանատու և տեր լինել ստորագրված փաստաթղթերին:
-Հաշվի առնելով փախստականների հետ կապված ճգնաժամը, որն այսօր ապրում է Եվրոպան` տեղյակ ենք, որ Հայաստանը Սիրիայից բավականաչափ փախստականներ է ընդունել իր երկիր: Ի՞նչ խորհուրդ Դուք կարող եք տալ եվրոպացիներին այս հարցում:
-Խորհուրդ տալու համար շատ բան է անհրաժեշտ: Ես այդ ամենը չունեմ: Միայն կարող եմ ասել, որ մենք Սիրիայից ժամանած մեր քույր-եղբայրներին անվանում ենք հայրենադարձներ, որովհետև մենք նույն միս ու արյունից ենք: Մենք ընդունել ենք Սիրիայից եկած քսան հազար մարդու` հիմնականում հայերի, ովքեր, իհարկե, Հայաստանում որոշակի դժվարություններ ու խնդիրներ ունեն, քանի որ այսօր Հայաստանի բնակչությունն ինքն ունի դժվարություններ ու խնդիրներ: Սակայն մենք փորձում ենք անել հնարավոր ամեն բան, որ այդ մարդիկ կարողանան հարմարվել նոր պայմաններին: Իհարկե, դա մեծ ողբերգություն է, մարդիկ թողել են իրենց տները, որ տասնամյակներով կառուցել են, կահավորել, մարդիկ թողել են իրենց ժառանգությունը, իսկ այնտեղ մենք մեծ հայկական ժառանգություն ունեինք, մարդիկ ուղղակի փախել են` ոչ թե տեղափոխվել են, այլ փախել: Այս հանգամանքները մենք, իհարկե, հաշվի ենք առնում: Ներգաղթյալները տարբեր են լինում` կան մարդիկ, ովքեր պարզապես իրենց, իրենց երեխաների կյանքը փրկելու համար փախչում են բնակության վայրից և փորձում են տեղ գտնել Եվրոպայում: Կան մարդկանց խմբեր, որոնք Եվրոպայում ավելի բարեկեցիկ կյանք են փնտրում: Կան մարդկանց խմբեր, ովքեր գալիս են Եվրոպա այլ նպատակներով. ես վստահ եմ, որ եվրոպացիները քաջ տարբերակում են այս խմբերին:
-Երկու տարի առաջ դուք նշեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Կցանկանայի հասկանալ` որևէ կերպ դա ազդեցություն ունեցել է Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու գործում: Կուզեի նաև մի փոքր խոսեիք Թուրքիայի հետ Ձեր նախաձեռնած քաղաքականության մասին, որը հայտնի է մեզ մոտ որպես սպորտային քաղաքականություն:
-Կարծում եմ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառումները որևէ ազդեցություն չեն ունեցել հայ-թուրքական հարաբերությունների վրա, քանի որ այդ հարաբերությունները պարզապես գոյություն չունեն: Մեր նպատակը մեր երկրում կամ ամբողջ աշխարհում հակաթուրքական հիստերիա բարձրացնելը չէր: Այո, մենք շատ խիստ քննադատում ենք այսօրվա թուրքական իշխանություններին իրենց ժխտողականության համար: Մեր մեղադրանքը թուրք ժողովրդին չէ ուղղված: Մենք համարում ենք, որ, այո, ժխտողականությունը հանցագործության շարունակություն է: Մենք համարում ենք, որ անպատժելիությունն ու ժխտողականությունն են, որ ծնում են նոր հանցագործություններ: Մենք պայքարում ենք, ոչ միայն Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար, այլ պայքարում ենք ընդհանրապես բոլոր ցեղասպանությունների դեմ: Այո, Դուք ճիշտ եք, ես 2008-ին ձեռնարկեցի հայ և թուրք դիվանագետների միջև շփումների հանրայնացումը: Տևական ժամանակ բանակցելուց հետո ստորագրեցինք երկու փաստաթուղթ, այդ ստորագրումը տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք պետությունների արտգործնախարարների ներկայությամբ: Սպասեցինք, որ թուրքերը վավերացնեին այդ փաստաթղթերը, քանի որ դրանցով նախատեսված էր վավերացում ինչպես թուրքական, այնպես էլ հայկական խորհրդարանում: Մինչ օրս սպասում ենք: Վստահ ենք, որ թուրքերը չեն վավերացնելու այդ փաստաթղթերը, քանի որ թուրքերը շատ հստակ և բարձրաձայն արտահայտեցին իրենց կարծիքը. նրանք այսօր հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերություններով, մեզ նախապայմաններ են առաջադրում: Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործում մենք որևէ նախապայման չենք դնում և ինքներս էլ պատրաստ չենք որևէ նախապայման ընդունել թուրքերի կողմից: 21-րդ դարում պետությունները պետք է հարաբերություններ ունենան: Մենք ասում ենք` եկեք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, այնուհետև կքննարկենք մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց:
-Խոսքս Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է. ունե՞ք ծրագրած հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ, քանի որ Ձեր վերջին հանդիպումը եղել է նախորդ տարի հունիսին: Կարծո՞ւմ եք, որ այդ հանդիպումը որևէ կերպ կարող է նպաստել հարաբերությունների շտկմանը:
-Գիտեք, մենք երբեք չենք հրաժարվել որևէ բանակցային գործընթացից, այդ թվում նաև բարձր մակարդակով հանդիպումներից: Սակայն մենք նախընտրում ենք, որ գոնե ինչ-որ մասով, ինչ-որ չափով կատարվեն նախկին հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, այնուհետև մտածենք նոր հանդիպումների մասին: Հակառակ պարագայում ո՞ւմ են պետք այդ հանդիպումները, որոնց ընթացքում ձեռք են բերվելու պայմանավորվածություններ, որոնք չեն կատարվելու: Որպես օրինակ կարելի է բերել մեր վերջին ու նախավերջին հանդիպումները: Մենք հանդիպեցինք Վիեննայում, այնուհետ Սանկտ Պետերբուրգում, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք` ստեղծելու միջադեպերը հետաքննող մեխանիզմ, որպեսզի մեր սահմաններին լարվածությունը թուլանա, ինչը նպաստավոր պայման կստեղծեր բանակցությունների շարունակման համար: Բայց, ցավոք սրտի, այդ պայմանավորվածությունները չեն կատարվում, ավելին, Վիեննայի հանդիպումից ընդամենը երկու-երեք շաբաթ անց Ադրբեջանը սկսեց հայտարարել, որ այդ պայմանավորվածությունները, այդ հայտարարությունը համանախագահներինն է, այլ ոչ թե Ադրբեջանինը:
-Ձեր սեղանի վրա շարունակո՞ւմ է մնալ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելը:
-Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը միայն ու միայն մի պատճառով` որպեսզի հնարավորություն տանք շարունակելու բանակցային գործընթացը: Ի վերջո Ղարաբաղի պայքարը պայքար է ինքնորոշման համար, պայքար է անկախության համար, և Հայաստանն այդ բանակցություններին մասնակցում է, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում Ղարաբաղի հետ բանակցել:
Ճիշտ է, որ ինչ-որ չափով Ղարաբաղը մասնակցում է բանակցային պրոցեսին, համանախագահները պարբերաբար լինում են նաև Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը տեղյակ են պահում բանակցային գործընթացի մասին, բայց կոնկրետ բանակցային սեղանի շուրջ, եթե կարելի է այսպես ձևակերպել, Հայաստանը նստում է Ղարաբաղի փոխարեն: Պատկերացրեք, եթե այս պարագայում Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կլինի բանակցությունների վերջը: Իսկ ինչպես հայտնի է` բանակցություններին այլընտրանք¬¬¬¬¬ը պատերազմն է: Մենք սա որպես զիջում ենք համարում, որպես մեր կողմից ներդրում՝ բանակցային պրոցեսը շարունակելու: Բայց տարբեր հանգամանքներում, իհարկե, մեր մոտեցումը կարող է փոխվել: Եվ ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ՝ եթե Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանը սկսի լայնածավալ գործողություններ, մենք անմիջապես ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորն է: Կարծում եմ` տրամաբանությունը հասկանալի է: Մենք չենք ճանաչում, որ պատերազմ չլինի: Իսկ եթե պատերազմը կա, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ինչո՞ւ պետք է չճանաչենք:
-Դուք վատատեսորե՞ն եք տրամադրված հարցի կարգավորմանը:
-Գիտեք, շատ ակնհայտ է, հստակ է, որ Ադրբեջանը, սկսած 2011-ից, այսինքն՝ այն ժամանակից, երբ հրաժարվեց Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձևավորված փաստաթուղթը ստորագրելուց, փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Եվ այդ ընթացքում մի քանի անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, հսկայական քանակով զենք, զինամթերք է ձեռք բերել, կոշտացրել է իր հռետորաբանությունը, և 2014-ից սկսել է մտածված սադրանքներ իրականացնել շփման գծում: Այսինքն, քաղաքականությունը շատ հստակ է և հասկանալի. Ադրբեջանը փորձում է լարված պահել իրավիճակը, Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Ղարաբաղի և Հայաստանի վրա, հարմար պարագաներում մեծացնում է լարվածությունը, սադրանքներ է իրականացնում, որպեսզի մի կողմից ուշադրություն հրավիրի խնդրի վրա, մյուս կողմից փորձի վախեցնել Ղարաբաղին ու Հայաստանին ռազմական գործողություններով: Եվ այդ լարվածությունն իր գագաթնակետին հասավ անցյալ տարվա ապրիլի սկզբին, երբ ադրբեջանցիները մի քանի ուղղությամբ հարձակում ձեռնարկեցին: Այդ ռազմական գործողությունները հիմնականում տևեցին չորս օր, և այդ չորս օրվա ընթացքում հետևանքներն, իհարկե, շատ վատն էին, կորուստները մեծ էին: Մենք էլ կորուստներ ունեցանք, բայց Ադրբեջանի կորուստները շատ ավելի մեծ էին: Այդ ռազմական գործողությունների պատճառով է, որ մենք հանդիպեցինք Վիեննայում` այն հանդիպումը, որի մասին ասացի: Իհարկե, հանդիպումներից հետո իրավիճակը շատ չբարելավվեց, մինչ օրս էլ շարունակվում են սադրանքները: Ինչպես ասացի, այդ ռազմական գործողությունների հետևանքները ծանր էին, սակայն մյուս կողմից էլ կարծում եմ, որ այդ գործողություններից դասեր քաղեցին և ադրբեջանցիները, և մենք: Մենք այն առումով, որ մեր ուշադրությունը մշտապես շատ-շատ լարված պետք է լինի, մենք ուշադիր պետք է լինենք շփման գծի ցանկացած հատվածի նկատմամբ, պետք է այդ շփման գիծը հագեցնենք ժամանակակից տեխնիկական միջոցներով, որ հակառակորդի տեղաշարժերը կարողանանք ժամանակին ֆիքսել: Դասեր քաղեց նաև Ադրբեջանն այն առումով, որ, ամենայն հավանականությամբ, իրենք չէին սպասում կորուստների այդպիսի քանակ, նրանց թվում էր, թե այնքան ուժեղ են, որ շատ կարճ ժամանակում կարող են խնդիրները լուծել: Այս պարագայում, իհարկե, լարվածությունը մնում է: Օրինակ՝ երեկ ամբողջ գիշերվա և ցերեկվա ընթացքում քառասունմեկ անգամ ադրբեջանցիները խախտել են հրադադարի կանոնները: Բայց դա տասն անգամ ավելի քիչ է, քան նախորդ ամիս յուրաքանչյուր օր: Ես համարում եմ, որ հավանականությունը շատ մեծ չէ, որ մոտակա տեսանելի ապագայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այսպես ասելուց ես մշտապես մտքում կրկնում եմ, որ երկրի նախագահը և պաշտպանության նախարարն այսպիսի պարագաներում պետք է մտածեն, որ ոչ թե վաղը, այլ հնարավոր է, որ երկու կամ մի քանի ժամ հետո սկսվեն լայնածավալ գործողություններ:
-Կցանկանայի փոխել թեման և անդրադառնալ խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է շուտով տեղի ունենան: Դուք նպատակ ունե՞ք շարունակելու Ձեր գործունեությունը ընտրություններից հետո և մնալ որպես վարչապետ:
-Ես արդեն շատ երկար ժամանակ է, որ աշխատում եմ Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում, բարձր պաշտոններում: Առաջին անգամ 1993-ին եմ նշանակվել պաշտպանության նախարար: Որտեղ էլ աշխատել եմ, երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ պարտականությունը: Հիմա էլ նույնն է: Ամեն ինչ իրավիճակից է կախված: Անկեղծորեն եմ ասում, որ նախատեսած որևէ պլան չկա: Առաջնային նպատակն է ապրիլի երկուսին անցկացնել խորհրդարանական ընտրություններ՝ այն մեծ նպատակով, որ խորհրդարանը վայելի մեր ժողովրդի վստահությունը, քանի որ այս խորհրդարանն էապես տարբերվելու է նախորդ բոլոր խորհրդարաններից, որովհետև կառավարման համակարգն է փոխվում: Ընդ որում, մեր կառավարման համակարգը ոչ թե նախագահական է, այլ կիսանախագահական: Եվ, իհարկե, շատ-շատ լավ կլինի, և ես շատ ուրախ կլինեմ, եթե լավ ընտրության հետ միասին կուսակցությունը, որը ես ղեկավարում եմ, ստանա շատ քվե: Այդ պարագայում վստահ եղեք, որ մեր վարչապետի թեկնածուն լինելու է այսօրվա գործող վարչապետը, ես այդ մասին հայտարարել եմ ամիսներ առաջ և ոչ մեկ անգամ: Եվ եթե կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կարողանա նույն տեմպով շարունակել բարեփոխումները մեր երկրում, ես որևէ մեծ խնդիր չեմ տեսնում, որ նույն վարչապետը շարունակի իր գործունեությունը: Ես մեծ կուսակցության ղեկավար եմ: Ես միշտ էլ ինձ համար իմ փորձի, իմ ջանքերի ներդրման տեղ կգտնեմ: Ես արդեն մի անգամ եղել եմ վարչապետ և գիտեմ, թե ինչպիսի տաժանակիր աշխատանք է դա: Դրա մասին երազում են նրանք, ովքեր երբեք մոտիկից չեն տեսել և չեն պատկերացնում, որ դա իրոք տաժանակիր աշխատանք է և ոչ թե վայելք:
-Վստա՞հ եք, որ Ձեր կուսակցությունը կհաղթի այս ընտրություններում:
-Գիտեք, հիմա աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ շատ բարդ է խոսել որևէ ընտրության մասին հարյուր տոկոս վստահությամբ: Գոնե մի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Ֆրանսիայում, օրինակ, այսպիսի իրավիճակ կստեղծվի: Բոլոր հիմնական սոցիոլոգիական հաստատությունները խոսում էին Քլինթոնի հաղթանակի մասին, տեղի ունեցավ հակառակը: Բայց ես չեմ համարում, որ դրանով սոցիոլոգիան ջնջվեց և չեմ համարում, որ հասարակական կարծիքի ուսումնասիրությունը սուտ գիտություն է: Եվ այդ իսկ պատճառով հավատում եմ մեր և օտարերկրյա սոցիոլոգներին, ովքեր ասում են, որ մեր կուսակցությունը այսօրվա դրությամբ ունի շատ լավ հնարավորություններ բարձր տոկոս ստանալու:
-Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը ԱՄՆ նախագահ Թրամփի մասին՝ հաշվի առնելով ԱՄՆ կարևորությունն աշխարհում:
-Գիտեք, դեռևս վաղ է կարծիք հայտնել, քանի որ նախ պարտավոր ենք հարգել ամերիկացիների ընտրությունը, և երկրորդ` շատ քիչ ժամանակ է անցել, պետք է սպասել, տեսնել: Չգիտեմ, գուցե սխալվում եմ, ես մեծ մասնագետ չեմ այդ հարցում, բայց կարծում եմ, որ ԱՄՆ-ում նախագահի թեկնածուներն էապես տարբեր մարդիկ են, սակայն տարբեր պաշտոնյաներ, երբ նույն մարդիկ դառնում են նախագահներ: Անկախ որևէ հանգամանքից, մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ շատ ամուր են: Եվ ամենակապող ամուր օղակը ԱՄՆ-ում մեծ հայկական համայնքն է, որը և հարգանք է վայելում, և մեծ ջանքեր է ներդնում ԱՄՆ-ի հզորացման գործում:
-Խոսելով մեծ սփյուռքի մասին, որ ունեք աշխարհում` կցանկանայի խոսել այն հայերի մասին, ովքեր ապրում են Լատինական Ամերիկայում: Ինչպե՞ս եք կառուցում Ձեր հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների հետ` հաշվի առնելով մեծաքանակ սփյուռքը, որն ունեք այդ երկրներում:
-Իրոք, մենք աշխարհով մեկ սփռված, յոթ միլիոնից ավելի քույրեր ու եղբայրներ ունենք, և նրանք մի հատկանիշ ունեն, որը չգիտեմ` շատ լավ է, թե շատ վատ: Դա այն է, որ նրանք հեշտությամբ են ինտեգրվում այն հասարակություններում, որտեղ ապրում են: Այդպիսի վիճակում են մեր այն հայրենակիցները, ովքեր ապրում են Լատինական Ամերիկայում և գրեթե բոլոր երկրներում նրանք էական դերակատարություն են ունեցել այդ երկրների զարգացման գործում: Եվ նրանք գնահատվում են այդ երկրների կողմից, որովհետև տեսնում են նրանց երախտագիտությունը, տեսնում են նրանց պատրաստակամությունը՝ մաս լինել հասարակությանը: Պատահական չէ, որ աշխարհում առաջինն ՈՒրուգվայն է ընդունել Հայոց ցեղասպանության փաստը դեռևս 1965-ին: Եվ հիմա Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այսինքն, սա վերաբերմունք է ոչ միայն արժեքների նկատմամբ, սա վերաբերմունք է առաջին հերթին մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր իրենց հանրության մաս են կազմում: Երկու, թե երեք տարի առաջ եղել եմ Լատինական Ամերիկայի երկրներում, եղել եմ Արգենտինայում, ՈՒրուգվայում, Չիլիում: Այստեղ և հոծ, և շատ կենսունակ համայնքներ ունենք, որոնք ունեն իրենց մշակութային կենտրոնները, լրատվամիջոցները, կան շատ մեծ հաջողությունների հասած անհատներ: Նրանցից մեկը, օրինակ, հսկայական գործունեություն է ծավալել Հայաստանում. Էդուարդո Էռնեկյանը, թերևս, Լատինական Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկն է, և շատ ուրախ ենք, որ նա Հայաստանում մեծ գործունեություն է ծավալել: Եվ այս պարագայում աշխարհագրական հեռավորությունը որևէ նշանակալի դեր չի կատարում:
-Որպես վերջին հարց կուզեի ասեիք` իսպանացիների համար Հայաստանն ինչո՞վ կարող է գրավիչ լինել, որպեսզի կարողանանք ավելի շատ զբոսաշրջիկներ բերել Հայաստան: Ծրագրված այց ունե՞ք Իսպանիա և այդ մասին խոսե՞լ եք մեր կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյի հետ:
- Ոչ, դեռևս այդ մասին չենք խոսել, բայց մենք պարոն Ռախոյի հետ նույն կուսակցությանն ենք անդամակցում՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, մենք ունենք շփումներ այդ մակարդակում: Այո, ես վստահ եմ, որ իսպանացիները լավ չեն ճանաչում Հայաստանը, բայց հայերը շատ լավ են ճանաչում Իսպանիան: Իսպանիան հայաստանցիների հիմնական զբոսաշրջային ուղղություններից մեկն է. գալիս են վայելելու Միջերկրական ծովը, հարուստ իսպանական մշակույթը: Գիտեք, հայերի և իսպանացիների հարաբերությունները նոր չեն սկսվել, դեռևս վաղ միջնադարում մեր արքաները դաշնակիցներ էին, և դա երևի թե առաջին հերթին պայմանավորված էր ընդհանուր կրոնով՝ քրիստոնեությամբ: Մենք աշխարհում առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, և արդեն 1700 տարուց ավելի է` դավանում ենք այդ կրոնը: Այդ ընթացքում ստեղծել ենք բազմաթիվ հուշակոթողներ: Մի քանի տարի առաջ իսպանացի լրագրողների հետ շփումների ժամանակ նրանցից մեկն ասաց, որ մի երկրում, որտեղ այդքան հին վանքեր, եկեղեցիներ ու խաչքարեր կան, չեմ հավատում, որ մարդն այստեղ կարող է Աստծուն չհավատալ: Անցյալ տարի Հայաստան այցելեց Սրբազան քահանայապետը՝ Ֆրանցիսկոսը, և նա իր այցելությունն անվանեց «ՈՒխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»: Իսպանացիները` որպես գինու մշակույթի կրողներ, Հայաստանում կարող են իմանալ, որ այդ մշակույթը վաղուց է մեր երկրում, և, ըստ Աստվածաշնչի, առաջինը գինեգործությամբ սկսել են զբաղվել Հայաստանում: Հայաստանում շատ բաներ կան, որ կարող են հետաքրքրել իսպանացիներին` լավաշից սկսած Մատենադարանով ավարտած, որտեղ պահվում են ձեռագրեր վաղ ժամանակաշրջաններից` աշխարհի ամենափոքր գրքերից մինչև ամենամեծը: Միջազգային կառույցների վարկանիշներով՝ Հայաստանն ամենաանվտանգ երկրներից մեկն է: Հայաստանում կարելի է համտեսել օրգանական սննդամթերքի շատ տեսակներ, մրգեր: Բայց ամենակարևորը՝ հայերը հյուրասիրել գիտեն:
-Շատ շնորհակալ եմ այս հարցազրույցի համար: Մաղթում եմ ամենաբարին Ձեզ և Ձեր երկրին:
-Շատ շնորհակալ եմ, ես եմ Ձեզ շնորհակալ այս հնարավորության համար: Իսպանալեզու լսարանը շատ կարևոր է մեզ համար:

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ