Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մարտի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության են առնվել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունում պատրիարքական տեղապահի ընտրությունների առնչությամբ տեղ գտած վերջին զարգացումները:
Ամենայն Հայոց կաթողիկոսը, անդրադարձ կատարելով ստեղծված իրավիճակին, ժողովականներին տեղեկացրել է նաև պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի ատենապետ Տ. Եղիշե վարդապետ ՈՒչքունյանի և ատենադպիր Տ. Տրդատ քահանա ՈՒզունյանի կողմից մարտի 24-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին առաքված գրության մասին, որով Ամենայն Հայոց Հայրապետին պաշտոնապես տեղեկացվել է մարտի 15-ին պատրիարքարանում տեղի ունեցած ժողովի արդյունքում Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու վերաբերյալ:
Քննարկումների ավարտին Նորին Սրբությունը ծանուցել է պատրիարքական տեղապահի ընտրությունն օրհնելու վերաբերյալ կայացված որոշման մասին, ինչը ողջունել են Գերագույն հոգևոր խորհրդի անդամները: Նույն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը նամակ է հղել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի դիվանին:
«Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Կ. Պոլսո Հայոց պատրիարքության ընտրյալ տեղապահին, հոգևոր ողջ դասին և պոլսահայ հավատավոր մեր բոլոր զավակներին: Մեր հորդորն ենք բերում ձեզ` խոհեմությամբ ու սիրո ոգով հաղթահարել առկա խնդիրներն ու խոչընդոտները և եկեղեցական կարգաց ու կանոնաց համաձայն գտնել բարվոք լուծումներ պատրիարքական ընտրությունը իրականացնելու՝ ի նպաստ պոլսահայության կյանքում խաղաղության ու համերաշխության վերահաստատման»,- պատգամել է Վեհափառ Հայրապետը` Ամենողորմ Տիրոջ զորակցությունն ու հովանին հայցելով Կ. Պոլսո Աթոռի ուխտապահ եկեղեցականաց հոգևոր իրենց ծառայության մեջ: