Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»

«Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»
04.04.2017 | 10:42

2018 թվականի մայիսի 28-ին լրանում է Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը: Հոբելյանական տարեդարձի նախապատրաստական աշխատանքների շուրջ «Իրատեսը» զրուցել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ հետ:

-Թանգարանի աշխատակազմն ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ է նախապատրաստվում հոբելյանական տարեդարձին: Մենք ցանկանում ենք տոնակատարությունը նշել ոչ միայն որպես մայիսյան հերոսամարտ, այլև հայոց պետականության վերականգնման 100-ամյակ: Եվ քանի որ առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունները հաջորդում են միմյանց, ուստի մեր պետականության սկիզբն ու Սարդարապատի հերոսամարտի նշումը պետք է նույնանան, ի վերջո, մեր բոլոր հաղթանակները պատկանում են հայ ժողովրդին: Սարդարապատի հերոսամարտն ու ներկայիս մարտահրավերները մեզ հուշում են, որ մեր հակառակորդն ամենևին չի փոխվել, և սպառնալիքները նույնն են, ինչ 100 տարի առաջ: Անհրաժեշտ է պատմության քառուղիներում սերտած դասերի և մեր հերոսական պատմության հենքի վրա մշակել ազգային գաղափարախոսություն, որը կնպաստի թե՛ հայոց պետականության ամրապնդմանը, թե՛ նոր սերնդին հայրենասիրության ոգով դաստիարակելու գործին,- ասաց Կարեն Արիստակեսյանը: Անդրադառնալով թանգարանի հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, պարոն Արիստակեսյանն ասաց, որ միջոցառման մեկնարկը կազդարարի Զանգաշտարակի նոր ձայնային համակարգը՝ հնչեցնելով Սարդարապատի հիմնը։ Նախապատրաստվում է նաև մայիսյան հերոսամարտերը ներկայացնել խտասկավառակով, որն ուսուցողական նշանակություն կունենա դպրոցականների համար:
Հոբելյանական տարեդարձին թանգարանը կներկայանա նոր ցուցադրությամբ, նոր հրատարակություններով, կկազմակերպվեն գիտաժողովներ և այլ միջոցառումներ: Համալիրի տարածքի բարեկարգմանը զուգահեռ կիրականացվեն նաև շինարարական աշխատանքներ: Ավարտին կհասցվեն Սարդարապատի հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի մտահղացած մի քանի նախագծեր: Կ. Արիստակեսյանն ակնկալում է, որ արմատական բարեփոխումների արդյունքում հուշահամալիրը կնպաստի հանրապետությունում և արտերկրում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական իրադարձություններից մեկի առավել ճանաչմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:
2014 թ. Սարդարապատի հուշահամալիր-թանգարանը հրատարակել է «1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում» ժողովածուն, որում ամփոփված են իրադարձությունների անմիջական պատկերն արտացոլող վկայություններ ու հուշեր: Այն 100-ամյակի առիթով կվերահրատարակվի լրացումներով և այլ նորահայտ նյութերով:
1918 թ. Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում կասեցնելով թուրքական բանակի հարձակումը` հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը փրկեցին Արևելյան Հայաստանը վերջնական կործանումից: Այս իրադարձությունների մասին կան սկզբնաղբյուրների, արխիվային փաստաթղթերի վրա հիմնված բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ, այդ պատճառով պարոն Արիստակեսյանը նկատեց, որ անհրաժեշտ է ստեղծել նաև թանգարանային ցանց, որը կմիավորի Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հուշահամալիրները:


-Այդ նպատակով պատրաստակամություն են հայտնել մեզ տրամադրելու համապատասխան կառույց, որտեղ, ի մի բերելով առկա անհրաժեշտ բոլոր նյութերը, կներկայացվի Բաշ-Ապարանի ռազմաճակատի պատմությունը։ Հույս ունենք, որ պետական աջակցությամբ, ինչպես նաև թանգարանի բարեկամների խորհրդի և բարերարների շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել մեր ծրագրերը: Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում կերտել է հերոսական էջեր, և մենք չենք կարող անտարբեր գտնվել Սարդարապատի, ինչպես նաև մերօրյա հերոսների հիշատակի հանդեպ։ Պատրաստվում ենք հանդես գալու մի առաջարկությամբ, որ մեր պետական տոնացույցում ավելանա ևս մեկ տոն՝ «Հերոսների օր»,- ասաց Կարեն Արիստակեսյանը: Նա հավելեց նաև, որ ամեն տարի Սարդարապատի հերոսամարտի տոնակատարությունից առաջ զոհված հայորդիների և այլազգի հերոսների շիրիմներին կատարած ուխտագնացությունը նրանց հանդեպ խոնարհում է:
Առաջիկայում թանգարանի տարածքում կտեղադրվի հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կիսանդրին, ում ծննդյան 110-ամյակը լրանում է 2018 թ. սեպտեմբերի 4-ին:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ