Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը երկարամյա անբասիր ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու կապակցությամբ ԱԻՆ փրկարար ծառայության «Անբասիր ծառայության համար 10 տարի» 3-րդ աստիճանի, «Անբասիր ծառայության համար 15 տարի» 2-րդ աստիճանի և «Անբասիր ծառայության համար 20 տարի» 1-ին աստիճանի մեդալներ շնորհեց համակարգի 42 աշխատակցի:
Նախարար Դավիթ Տոնոյանը ավարտական վկայականներ հանձնեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան գերազանց ավարտած 19 շրջանավարտի: Շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին և շրջանավարտներին՝ նախարարը նշեց, որ զուգակցվում է երկու խորհրդանշական իրադարձություն՝ խրախուսվում են տարիների վաստակ ունեցող փրկարար ծառայողներն ու դիպլոմներ են հանձնվում նրանց փոխարինելու պատրաստ՝ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին.
«Վաստակաշատ փրկարարները լավագույն օրինակն են, ում կարող է հետևել երիտասարդ սերունդը՝ ընտրելով ամենապահանջված մասնագիտություններից մեկը: Սիրով շնորհավորում եմ ձեզ: Շարունակեք ավելացնել ձեր պատրաստվածության աստիճանը և գիտելիքները: Սովորեք նաև ձեր ավագ ընկերներից, և հուսով եմ, որ մի օր դուք էլ կհայտնվեք պարգևատրվողների շարքում»,- ասաց Դավիթ Տոնոյանը: Նախարարը նաև նշեց, որ թեև ոչ բոլոր շրջանավարտներն են ապահովվելու աշխատանքով, բայց արվում է հնարավորը, որ առնվազն գերազանցությամբ ավարտածները մոտ ապագայում անցնեն ծառայության՝ ըստ մասնագիտության: Նախարարի խոսքով՝ զինվորական ծառայություն անցած երիտասարդների համար ստեղծվելու է հնարավորություն՝ կարճաժամկետ վերապատրաստումից հետո համալրելու երկրի սահմանների պաշտպանների՝ հայոց բանակի սպայակազմի շարքերը: «Մեր ծառայությունն ու աշխատանքը չունեն սկիզբ և ավարտ, մենք մշտապես պատրաստ ենք արձագանքելու ցանկացած ահազանգի: Այո, արտակարգ իրավիճակներն ու ճգնաժամերը կառավարելի են, և մենք պետք է գիտակցենք, որ արագ ու արհեստավարժ արձագանքումը չունի և երբեք չի կարող ունենալ այլընտրանք: Պատրաստ լինենք, անխուսափելի աղետների դեպքում անգամ, նվազագույնի հասցնելու կորուստները, իսկ տուժածներին՝ օր առաջ վերադարձնելու բնականոն կյանքի»,- եզրափակեց նախարարը: