ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Մեր ոսոխը՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է, որ մեկին հոշոտի»

«Մեր ոսոխը՝ սատանան, մռնչացող  առյուծի պես շրջում է, որ մեկին հոշոտի»
03.10.2017 | 00:08

Ավետարանում բազմիցս կրկնվում է միշտ արթուն լինելու մասին պատվիրանը: «Եվ այսպես, արթու՛ն եղեք,- ասում է Քրիստոսը,- և որովհետև չգիտեք, որ ժամին է գալու ձեր Տերը»:
Նաև ուրիշ տեղ ասում է. «Արթու՛ն եղեք և աղոթեցե՛ք, որ փորձության չմատնվեք. հոգին հոժար է, սակայն մարմինը՝ տկար»: Նաև առաքյալն է ասում. «Արթուն եղե՛ք, հավատքի մեջ հաստատ եղեք, արի և զգաստ»:


Մարդը իր բնությամբ տկարություններ շատ ունի և հակված է ժամանակի ընթացքում թուլանալու, թմրելու և քուն մտնելու: Սկզբից, երբ Աստված մեզ Եկեղեցի է բերում, մեզ տրվում է նորադարձների առանձնահատուկ շնորհը, որը օգնում է արթնությամբ և խնդությամբ կատարելու եկեղեցական կյանքի կարգերն ու ծառայությունները: Սակայն անցնում է մի որոշ ժամանակ, և այդ շնորհը մենք կորցնում ենք, և մարդկային մեղանչական բնությունը սկսում է գերակշռել: Կամաց-կամաց մենք հոգեպես մտնում ենք քնի մեջ, ընկնում անզգայության ու թուլության մեջ: Մենք դառնում ենք անտարբեր այն ամենի հանդեպ, ինչը առաջ ընկալում էինք մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ: Այդ վիճակում հայտնվելով՝ մարդը սկսում է ավելի հազվադեպ մասնակցել եկեղեցու արարողություններին, կրճատել աղոթքները, թուլացնել պահքը, ավելի քիչ հաղորդվել: Եվ, իհարկե, այդ բանի համար շատ է ուրախանում սատանան և ամեն գնով նպաստում է դրան, և եթե հնար լիներ, կցանկանար բոլոր մարդկանց բաժանել եկեղեցուց: Բացի դրանից՝ հոգու թշնամին գիտի, որ եթե մարդ հոգեպես թուլացել է, ապա նրա դեմ ավելի հեշտ է պատերազմել, գայթակղեցնել և մղել մեղսագործության: Որովհետև հոգևոր թուլացման պատճառով առաջանում են բազում վտանգավոր վիճակներ, ինչպիսին են՝ տրտմությունը, հուսահատությունը և անգործությունը, որը իրավացիորեն կոչում են բոլոր արատների մայր:


Որպեսզի կանխենք հոգու թուլացումը, անհրաժեշտ է պահպանել արթնություն, «Արթո՛ւն եղեք, - ասում է Պետրոս առաքյալը, - որովհետև մեր ոսոխը՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է, որ մեկին հոշոտի»: Քրիստոնյաները այս աշխարհում մշտական պատերազմի մեջ են մարդկային ցեղի թշնամու՝ սատանայի դեմ: Իսկ պատերազմի դաշտում պետք է լինել ուշադիր, զգոն և շրջահայաց: Հակառակ դեպքում թշնամին կարող է մեզ շատ արագ խփել, զավթել ու հաղթել: Սովորական պատերազմում սպանվում է միայն մարմինը, իսկ հոգևոր պատերազմում կարող է կորստյան մատնվել հոգին, ինչը անհամեմատ սոսկալի է: Քանզի մարմինը մահկանացու է և ուշ թե շուտ պիտի մեռնի, իսկ հոգին անմահ բնություն է, և նրա պարտությունը չի նշանակում ոչնչացում, այլ հավերժական բաժանում Աստծուց և տանջանք դժոխքի խավարի մեջ:


Որպեսզի դա չպատահի մեզ, անհրաժեշտ է միշտ հիշել, որ մեզ շրջապատում են անտեսանելի, անմարմին թշնամիները, որոնք ցանկանում են մեր կորուստը: Այս թշնամիներին մենք չպետք է թողնենք մոտենալ մեր հոգու ամրոցին, որն ուզում են գրավել և ավերել: Դրա համար մեզ պետք են մշտական արթնություն և ուշադրություն ամրոցը պաշարել կամեցող անձնակազմից:


Եթե մարդ դադարի կատարել իր ամենօրյա աղոթական կարգը, թշնամին ավելի կմոտենա: Եթե մարդ երկար ժամանակ Տերունական Մարմնին և Արյանը չի հաղորդվում, դրանով նա հանձնում է կարևորագույն դիրքը, և թշնամին արդեն շատ է մոտենում: Նմանապես և բոլոր քրիստոնեական մեր հոգևոր ջանքերն ու առաքինի գործերը մեր սյուներն ու ամրոցներն են, որոնք մեզ օգնում են պաշտպանվելու և հետ մղելու թշնամու գրոհներն ու հարձակումները: Իսկ եթե մենք դրանք հանձնենք, թշնամիները մեզ կհաղթեն:
Այսպիսով՝ հոգևոր պատերազմի մեջ, որը մենք մղում ենք, պետք է մշտական արթնություն: Պետք է տրամադրենք մեզ ամուր պահել մեր ամրոցներն ու սյուները՝ աղոթքը, պահքը, եկեղեցական կանոնները, Խոստովանությունը, Հաղորդությունը: Թշնամու դեմ մեր պատերազմի մեջ լինենք համառ և հաստատակամ, սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր: Լինենք նրանում ուշադիր և զգոն: Սովորենք այդ հոգևոր պատերազմի արվեստը հաղթանակած մարտիկներից՝ սրբերից: Որովհետև, եթե մենք այդպես մարտնչենք, ապա նրանց նման կդառնանք հաղթողներ չար ուժերին և որպես Քրիստոսի հավատարիմ զինվորներ՝ գալիք հավիտենության մեջ Երկնավոր Թագավորից պսակների կարժանանանք: Ամեն:

Իոան ՊԱՎԼՈՎ
Թարգմանությունը ռուսերենից՝
Դարբասի հոգևոր հովիվ տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ

Դիտվել է՝ 2017

Մեկնաբանություններ