Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարեն Կարապետյան. Մենք 2018, 2019, 2020, 2021 -ին ունենալու ենք տնտեսական հաջողություններ

Կարեն Կարապետյան. Մենք 2018, 2019, 2020, 2021 -ին ունենալու ենք տնտեսական հաջողություններ
10.02.2018 | 09:16

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` ծանոթանալու 2017-ի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, 2018-ի անելիքներին։ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է գերատեսչության տեխնիկական հագեցվածության մակարդակը, այդ թվում՝ այն տեխնիկական միջոցները, որոնցով նախարարությունը համալրվել է անցած տարի: Կարեն Կարապետյանը տպավորված է ԱԻՆ տեխնիկական հագեցվածության աշխատանքներով և նշել. «Պետք է շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին՝ օժանդակության համար: Նախարարը զեկուցել է նաև ԱԻՆ տեխնիկական պատրաստականության ներկայիս մակարդակի մասին, իրականում տպավորիչ է»: Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ նախարարությունը 2017-ին իր գործունեությունն իրականացրել է առաջնորդվելով ՀՀ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության տեսլականով և ՀՀ կառավարության 2017-2022 թթ. կառավարության ծրագրով:


2018-ին ԱԻՆ-ի աշխատանքները նպատակաուղղված են լինելու բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը և վերացմանը, ինչը, որպես պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր, նպաստելու է երկրի կայուն զարգացմանը:
Տարվա ընթացքում նախատեսվում է շարունակել իրավական դաշտի կատարելագործումը` օրենքների միավորում մեկ օրենսգրքում, ենթաօրենսդրական իրավական ակտերի կատարելագործում և համապատասխանեցում: Նախարարը տեղեկացրել է, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվում է կազմակերպել «աղետներին դիմակայունության օր» կամ «Դիմակայուն Հայաստան» խորագրով միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվեն համապետական վարժանք, գիտաժողովներ, դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ և հիշատակման արարողություն:


Դ. Տոնոյանի համոզմամբ, ԱԻՆ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի՝ ՀՀ-ում 2018-ին նախատեսվող մի շարք միջոցառումների, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի, Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անվտանգ կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով: ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում 2017 թ. գրանցվել է 2 110 000 զանգ, զանգերի օրական միջին քանակը 5780 է: ՀՀ տարածքում գրանցվել է 14 619 արտակարգ դեպք: Նախարարի խոսքով, ՀՀ տարածքում խորհրդային տարիներից մնացած գործարաններում, պահեստային շինություններում և Նուբարաշենի թունաքիմիակտների գերեզմանոցում կուտակված քիմիապես վտանգավոր նյութերի հավաքման, դասակարգման, պիտակավորման, փաթեթավորման և մեկ ընդհանուր վայրում անվտանգ պահպանման և հետագայում ոչնչացման նպատակով նախատեսված պահեստարանի կառուցման նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ներդրվելու է 275 000 դոլար: Նախարարը նշել է, որ անտառային հրդեհների արձագանքման կարողությունների զարգացման նպատակով աշխատանքներ կտարվեն գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների հետ՝ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման համատեղ պլանի մշակման, կանխարգելիչ համակարգերի ստեղծման, համատեղ ուսումնավարժությունների և վարժանքների անցկացման ուղղությամբ: Բուսածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացումը և տարածումը կանխելու նպատակով կսերտացվի համագործակցությունն անտառտնտեսությունների և համայնքների հետ:


Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նախարարը տեղեկացրել է, որ հրշեջ-փրկարարական գույքի արդիականացման նպատակով Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնին ժամանակակից փրկարարական սարքավորումներով վերազինելու նպատակով ռուսական կողմը տրամադրել է 16 մլն դոլարին համարժեք աջակցություն: Ռուսական կողմից 2018-ին մատակարարումները շարունակվելու են: Ճապոնիայի կառավարության կողմից դրամաշնորհի շրջանակում տրամադրվել են 15 մլն դոլարի ամբողջովին նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենաներ, 3 ավտոսանդուղք և 1 շարժական արհեստանոց: Բացի դրանից, ԱԻՆ-ին կտրամադրվեն 2 մլն դոլարի 10 արագ արձագանքման մեքենաներ: Զեկուցվել է նաև, որ կառուցվել են «911», «112», «101» թվային հեռախոսակապի լրացուցիչ IP ցանցեր, որոնք կապահովեն «911», «112», «101» հեռախոսահամարների հասանելիության եռաստիճան պաշտպանվածություն: ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ներդրվել է ահազանգերի սպասարկման թվային համակարգ («IP call center»), որը ներկայումս գտնվում է փորձարկման փուլում: Բնակչության կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծման նպատակով հանրապետության համայնքներում փուլ առ փուլ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ տեղադրվում են ժամանակակից ազդարարման սարքավորումներ:
Կարեն Կարապետյանը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում նորմատիվային դաշտի շարունակական բարելավումը, սեյսմիկ անվտանգության, ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական անվտանգության ապահովումը, ԱԻ բնագավառի մասնագետների վերապատրաստումը և այլն: Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջնորդվում են կառավարության 2017-2022 թվականների ծրագրի առաջնահերթություններով, որոնք աստիճանաբար «միս ու արյուն են ստանում»: Արդեն ավարտվել է ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական անվտանգության զննությանն ու ապահովմանը վերաբերող օրենսդրական փաթեթի և կառավարության որոշման նախագծի մշակումը և կառավարության քննարկմանը կներկայացվի: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «2018-ը, կարծում եմ, շատ կարևոր է: Մակրո առումով, մեր կառավարության առջև ի՞նչ խնդիրներ են կանգնած. մենք 2018, 2019, 2020, 2021 թվականներին ունենալու ենք տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք և իրավունք են տալու մեր երկրում կատարել երկարատև, ֆունդամենտալ ռեֆորմներ, որոնք ունեն երկար հորիզոն և ստեղծում են հաստատուն աճի հիմք: Բոլոր ճգնաժամերը գալիս են հորիզոնի կարճատևությունից. արտակարգ իրավիճակների նախարարությունում մենք կարճատև մտածելու իրավունք ուղղակի չունենք: Մենք պետք է հստակ իմանանք՝ ուր ենք գնում, ինչպես ենք գնում, ամեն տարի ինչ խնդիր ենք դնում»:

Դիտվել է՝ 1986

Մեկնաբանություններ