Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը
09.05.2018 | 20:27

Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի օրերի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Նվիրական է այս օրը մեր ժողովրդի համար, որ հերոսաբար իր ավանդն է բերել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի կերտմանը՝ հանուն աշխարհում խաղաղության և ժողովուրդների ազատ ու առաջադեմ կյանքի։ Հայրենանվեր նույն ոգով մեր ժողովուրդն ազատագրեց Շուշին՝ հաղթական նոր էջ հավելելով ազգային մեր պատմության մեջ։ Այսօր մենք հանդիսավորապես նշում ենք նաև Պաշտպանության բանակի օրը, որն աննկուն ու քաջաբար պահպանում է Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը:


Գոհություն Տիրոջը, որ մեր ժողովրդի զավակները լի են վճռականությամբ ու նախանձախնդրությամբ հայրենիքի սահմանները պաշտպանելու և նորանոր իրագործումներով կերտելու լուսավոր ու պայծառ գալիքը ազգի և հայրենյաց: Սուրբ Էջմիածնի կամարների ներքո Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալ Տերը, որ խաղաղ լինի հայոց երկինքը և անվտանգ ու անխռով ապրի մեր ողջ ժողովուրդը։ Թող Տերը ամուր պահի հայրենի մեր պետականությունը, օրհնի և զորակից լինի մեր ժողովրդին այսօր և հավիտյանս. Ամեն:

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ