ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Փաշինյան․ «ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը»

Փաշինյան․ «ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը»
23.05.2018 | 23:48

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր ողջույնի խոսքով դիմելով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի մասնակիցներին՝ Փաշինյանը ասել է․«Կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաև՝ գաղափարական: Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի և ավելի նեղացնում անհնարինի սահմանը: Կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարևոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, և հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում, և սա վերաբերում է բոլոր ոլորտներին»:

Սա ընթացիկ շրջանի ամենակարևոր գաղափարական խնդիրն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը երկար տարիներ արգելակվել են «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ, ընդգծել է վարչապետը:
«Այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են, և դրանց իրագործումը մեր գործնական խնդիրն է՝ անկախ նրանից, թե մյուսները որքանով են դա հնարավոր համարում: ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը, և դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը»,- ասել է Փաշինյանը:


«Մենք սկսել ենք հնարավորինի սահմանների ընդլայնման գործընթացը, պետք է շարունակենք այն և այդ հարցում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները և հայ ժողովուրդը պետք է ունենան առաջամարտիկի դերակատարում: Այո, այսօր աշխարհը մեզ նայում է որպես առաջամարտիկի, և մենք նորանոր նվաճումներով պետք է հաճելի անակնկալներ մատուցենք աշխարհին, մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը: Շնորհակալ եմ այս գործում Հայաստանին, հայ ժողովրդին աջակցելու ձեր պատրաստակամության և վճռականության համար»,- դիմելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ նշել է վարչապետը։

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ