ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին
12.12.2019 | 13:45

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքները հղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով: Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրության Ազգային Պատգամավորական ժողովի ատենապետ Խաչիկ Ճանելը և ատենադպիր Արետ Քարապուլութը պաշտոնական գրությամբ Վեհափառ Հայրապետին տեղեկացրել են ժողովի արդյունքների վերաբերյալ և հայցել Նորին Սրբության աղոթքն ու օրհնությունը նորընտիր Հայոց Պատրիարքի համար:


Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորագրում ասված է.
«Ամենապատիվ Պատրիարք Սրբազան,
Գոհունակությամբ տեղեկացանք, որ Կ. Պոլսում գումարված համագումար ժողովը ձայների մեծամասնությամբ ընտրել է Ձեզ՝ որպես Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարք:
Հոգու բերկրանքով Սուրբ Էջմիածնից ողջունում և շնորհավորում ենք Ձեր ընտրությունը՝ բերելով եղբայրական Մեր սերը և զորակցությունը Ձերդ Ամենապատվությանը: Ուրախ ենք, որ երկարատև ընդմիջումից հետո Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռն օժտվեց նոր գահակալով:


Ծնվելով ու հասակ առնելով պոլսահայ ավանդաշատ համայնքում՝ Դուք մանկուց կրթվել ու դաստիարակվել եք աստվածսիրությամբ, եկեղեցասիրությամբ ու ազգասիրությամբ, որոնք բնորոշ հատկանիշներն են պոլսեցի հավատավոր Մեր ժողովրդի:
Գոհունակությամբ ենք անդրադառնում, երբ տարիներ առաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսաճեմ խորանի առջև ծնրադրումով, ստանձնեցիք եպիսկոպոսական բարձր իշխանությունը և նոր հանգամանքի մեջ շարունակեցիք տերունապատվեր Ձեր ծառայությունը՝ որպես Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ: Արդարև, Մայրավանքում անցկացրած Ձեր տարիները նշանավորվեցին արդյունաշատ գործունեությամբ: Շնորհիվ Ձեր հոգևոր, աստվածաբանական ու դաստիարակչական գիտելիքների՝ ունեցանք ճեմարանականների նոր սերունդ, ովքեր ծառայասեր ոգով այսօր սպասավորում են Մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում:
Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը ուժ ու կարողություն պարգևի Ձեզ՝ ամենայն իմաստությամբ և բարձր պատասխանատվությամբ ստանձնելու Մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռի՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության hոգևոր առաքելությունը` ի պայծառություն Մեր Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն Կ. Պոլսի հավատացյալ Մեր ժողովրդի զավակների: Թող Տերը օգնական և զորավիգ լինի Ձեզ՝ շնորհելով քաջառողջ արևշատություն և հաջողություններ հոգևոր Ձեր ծառայության մեջ:


Սիրով սպասում ենք՝ որպես Կ. Պոլսի նորընտիր Պատրիարք Ձերդ Ամենապատվության անդրանիկ այցին ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ