Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հայկական կողմի գլխավոր անհանգստությունն այդ իրադարձություններին Թուրքիայի ակտիվ մասնակցությունն է: Եվ խոսքը ոչ միայն այն մասին է, որ զորավարժություններից հետո Անկարան Ադրբեջանի տարածքում էր թողել ամբողջ տեխնիկան, սպառազինությունը և զինծառայողներին, այլև պետության առաջին դեմքերի հայտարարությունների, որ իրենք մինչև Բաքվի ամբողջական հաղթանակը կշարունակեն համապարփակ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ՝ ռազմական: Նրանք կարծում են, որ հայերը պետք է անհապաղ լքեն ԼՂ-ն: Հայերն, իհարկե, դրա հետ համաձայնվել չեն կարող: Նրանք տեղ չունեն գնալու: Հայերը իրավունք ունեն պաշտպանել այն հողերը, որտեղ ապրել են իրենց նախնիները և այժմ ապրում են իրենք՝ գրում է Независимая газета-ն: Տեղացի դիտորդները կարծում են, որ եթե Թուրքիային հաջողվի վերջնականապես ամրապնդվել Հարավային Կովկասում, մեծ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար: Փաստացի նա ստիպված կլինի եթե չհեռանալ տարածաշրջանից, էապես «մի կողմ քաշվել»:
«Ադրբեջանա-թուրքական տանդեմը գլխացավանք է դարձել միջազգային հանրության համար: Նույնիսկ կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները վերսկսելու և հրադադարի կոչ անելով՝ բոլոր պետությունները և միջազգային հեղինակավոր կառույցները չեն կարող հստակ չգիտակցել՝ ով է հրահրել նոր պատերազմը: Եվ եթե Ադրբեջանը, ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, դեռ փորձում է ինչ-որ կերպ դա թաքցնել, Անկարան վաղուց առանց դիմակի է. Թուրքիայում հայտարարում են, որ հայերը պետք է հեռանան Ղարաբաղից: Մինչդեռ ադրբեջանական բանակի գործողությունների ընթացքում անմիջական հարձակումների է ենթարկվել նաև հենց Հայաստանի տարածքը: Սակայն Հայաստանը դեռ չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը՝ հույս ունենալով իր ուժերով հաղթահարել խնդիրը:
Եվ այն հարցին՝ ինչու Հայաստանը դեռ չի դիմել, կա պարզ պատասխան. ՀԱՊԿ հավաքական անվտանգության մասին կանոնադրության պարբերությունը տարածվում է բացառապես Հայաստանի միջազգայնորեն ընդունված տարածքի վրա, և Հայաստանի իշխանությունները նախ պետք է դիմեն կազմակերպությանը նախքան այնտեղից օգնություն ստանալը: Այսպիսով, քանի դեռ ռազմաճակատը չի ընդլայնվել մինչև հայ-ադրբեջանական սահման, ՀԱՊԿ-ի արձագանքին կամ այդ կազմակերպությանը օգնության համար դիմելուն սպասել պետք չէ»,-եզրափակում է պարբերականը: