Որպես օրենք, թյուրիմացություններին գերի մնալը կամ էլ ստիպողաբար շարունակել նույն ձախլիկ քաղաքականությունը վարելը կարող է դառնալ կորուստների շատ մեծ աղբյուր։
Օրինակ, 90-ականների սկզբին, թյուրիմացաբար, տգիտության պատճառով, թե ստիպողաբար կարծելով, որ շուկան կառավարելու կարիք չունի, քանի որ ունի ինքնակառավարման հատկություն, և պահանջարկն ու առաջարկը ավտոմատիկորեն բալանսի կգան, մեր երկրի համար դարձավ ահռելի կորուստների աղբյուր։
Նույնը՝ գլոբալ քաղաքականության մեջ, որտեղ, սկսած Գորբաչովի սխալների ու թյուրիմացությունների վրա հիմնված քաղաքականությունից, որի արդյունքում փլուզվեց ԽՍՀՄ-ը,, և որն էլ դարձավ ահռելի կորուստների աղբյուր բոլոր նորանկախ հետխորհրդային պետությունների համար և, առաջին հերթին, Ռուսաստանի համար։
Բայց, նաև դրան զուգահեռ, Արևմուտքը լուծեց իր անվտանգության հարցը, ստացավ նոր հսկայական շուկա և Ռուսաստանի անբավ ռեսուրսներից ու հարստություններից օգտվելու հնարավորություն։
Դրան էլ հաջորդեց հաղթած Արևմուտքի անհաշվենկատ, թյուրիմացությունների ու սխալների վրա հիմնված քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, այն էլ բարձրացող ու հզորացող Չինաստանի ֆոնին և առանց հաշվի նստելու ռուսների խիստ ուսանելի պատմության հետ։
Դրան էլ հաջորդեց սառը պատերազմում հաղթած Արևմուտքի ուժային միաբևեռության հետ կապված ու դրանով պայմանավորված թյուրիմացությունների ու սխալների շարքը, որը, վերջին հաշվով, հանգում էր ոչ թե աշխարհում բարձրացող նոր ուժերի հետ կոմպրոմիսի գալուն, այլ արագացված տեմպերով նրանց վերելքը կասեցնելուն։
Ռուսաստանի հետ կապված Արևմուտքի նման քաղաքականությունը, ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ի մեջ մտնելու նրա ցանկությունը կտրուկ մերժելը, հնարավոր է բացատրել նաև նրանով, որ ամերիկյան կողմը մտածում էր, որ, նույնիսկ նույն ռազմական ալյանսի մեջ գտնվելով, վաղ թե ուշ ռուսի ըմբոստ ոգին ոտքի է կանգնելու և դառնալու է նախկինի նման գլոբալ ուժ, այն, ինչ տեղի ունեցավ հետագայում։
Այս ամենի տակ էլ ընկած է այն հիմնարար միտքը, որ աշխարհաքաղաքական մեծ պոտենցիալ ունեցող, բայց հանգամանքների բերումով թուլացած մեկի հետ բարեկամանալով նրան իրեն ենթարկելը կամ էլ նրա հետ թշնամանալը, բերելու են նույն արդյունքին, և նա, վաղ թե ուշ, դառնալու է գլոբալ ուժ։
Իսկ գլոբալ ուժը ոչ թե անտեսում ու արհամարհում են, այլ հետը հաշվի են նստում և, վերջին հաշվով, նրա հետ կոմպրոմիսի են գալիս։
Այս հանգամանքը լավ հասկանալով՝ Թրամփը և իր կողմնակիցները բոլոր միջոցներով ձգտում են գտնել նման ուժային կոմպրոմիսի հնարավորինս էֆեկտիվ տարբերակներ, բայց որը հանդիպում է նաև այդ կոմպրոմիսի արդյունքում մեծ կորուստներ ունեցող արևմտյան կապիտալի և աշխարհաքաղաքական իմաստով թուլացած Եվրոպայի դիմադրությանը։
Բայց նման բարձր մակարդակի ու լարված աշխարհաքաղաքական պայմաններում հարցերը լուծվում են միմիայն ուժային մեթոդներով, և լավագույն լուծումն էլ ռացիոնալ փոխզիջումն է, ու որի միակ այլընտրանքն էլ բոլորի կործանումն է, չնայած նրան, որ ոմանց թվում է, թե արմագեդոնի պայմաններում իրենք կարող են փրկվել, որն էլ մի այլ բնույթի թյուրիմացություն է։
Պավել Բարսեղյան