«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ

Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ
22.06.2025 | 21:08


Եթե ինձ դրախտ թողնեն, ես կգտնեմ դրախտի գրադարանը ու կսկսեմ կարդալ բոլոր էն գրքերը, որոնք չեմ հասցրել կարդալ երկրի վրա։ Կան տենց գրքեր, շատ կան։

Չկարդացած գրքերը, ճառագայթման նման, կուտակվելու հատկություն ունեն։ Ինչպես ճառագայթումն ա կամաց-կամաց կուտակվում օրգանիզմում, նենց էլ չկարդացած գրքերն են կուտակվում քո մտադրությունների մատյանում։ Էսօր մի գիրք ես ուզում կարդալ, բայց հետաձգում ես վաղվան, իսկ վաղը մի ուրիշ գիրք ես տեսնում, ու էլի հետաձգում ես, մյուս օրը՝ մի ուրիշը... Ու տենց՝ չկարդացած գրքերի ցուցակը գնալով մեծանում ա։ Ու գալիս ա մի օր, երբ քո մտքում շարված չկարդացած գրքերի թիվը գերազանցում ա կարդացածներինը, իսկ դու հասկանում ես, որ հաստատ չես հասցնի էդ բոլորը կարդալ։

Օրինակ՝ հիշում եմ՝ 70-ականների կեսերին հայերեն լույս տեսավ Լիոն Ֆոյխտվանգերի «Գոյա» վեպը, ու միանգամից Հայաստանի ամբողջ տառաճանաչ բնակչությունը լծվեց դրա յուրացմանը։ Գոյան գոյության գրավական էր դարձել։ Առանց էդ գրքի անգամ կոմսոմոլ չէին ընդունում։ Իսկ ես չկարդացի, ասեցի՝ հետո, իսկ էդ հետոն տենց էլ չեկավ։ Ու չնայած միշտ սիրել եմ Գոյայի կտավները, նրան նվիրված էդ հաստ գիրքը տենց էլ չկարդացի ու չիմացա նրա մասին էն բաները, ինչ մյուսները գիտեն։

Կամ Ֆոլկների «Աբիսողոմը»։ Մեր տակի գրադարանում կար՝ կարմիր գիրք էր։ Երևի քառասուն անգամ վերցրել, տուն եմ բերել, առաջին երկու էջը կարդացել եմ ու նորից տարել-հանձնել։ Ոչ մի կերպ չէր ստացվում շարունակել։ Բայց դա երևի հասկանալի ա՝ Ֆոլկների լեզուն դժվար ա։ Իսկ տարիներ անց իմացա, որ Սամվել Մկրտչյանը հայերեն ա թարգմանել։ Համոզված եմ, որ Սամվելը շատ լավ ա թարգմանել, բայց էլի չկարդացի։ Մի տեսակ, ամաչում ես հայերենը կարդալ, եթե կարող ես անգլերենը կարդալ, իսկ անգլերենն արդեն չես կարդում, որովհետև հայերենն արդեն կա։

Բայց ամենաշատը Տոլստոյի «Աննա Կարենինան» չեմ կարդացել։ Էդ գիրքը հե՛չ չեմ կարդացել, է՛։ Կինոն հազար անգամ տեսել եմ, էն էլ տարբեր ֆիլմեր, իսկ գիրքը՝ մի տառ չեմ կարդացել։ Առաջ ամաչում էի, բայց հիմա էնքան եմ ամաչել, որ սովորել եմ։ Ոչինչ, դրա փոխարեն «Պատերազմ և Խաղաղությունն» եմ կարդացել, էն էլ՝ բնագրով։ Ինչ-որ չափով կոմպենսացրել եմ։

Իսկ կան գրքեր, որ ես երբեք չեմ խոստովանի, որ չեմ կարդացել։ Դրանք մարդկային մտածողությունը ձևավորող էն կարևոր գրքերն են, որոնք մեր կյանքում միշտ ու ամենուր ներկա են։ Էդ գրքերի հերոսները վաղուց կյանք են մտել ու մարդու տեսակներ են դարձել, դրանց գաղափարներով մարդիկ ապրում են։ Հա՛, էդ գրքերից էլ մի քանիսը կան, որ չեմ կարդացել, բայց ո՞նց խոստովանեմ, բա ամոթ չի՞, մարդիկ ի՞նչ կասեն՝ կարծես թե կրթված մարդու տպավորություն եմ գործում, իսկ «էսինչը» չեմ կարդացել։ Բա ո՞նց եմ մտածում, ինչո՞վ եմ մտածում։ Իսկ ես չեմ կարդացել։

Ընդհանրապես, իմ հոգեկան աշխարհը շատ քաոսային ճանապարհով ա ձևավորվել։ Ինձ երբեք ոչ ոք չի ասել, թե ինչ կարդամ. կարդացել եմ՝ ինչ ձեռքս ա ընկել։ Դպրոցական տարիներին գրքերը կուլ էի տալիս ու աղում՝ ալրաղաց կոմբինատի նման։ Վրան էի խփել Երևանի թաղային, շրջանային, քաղաքային, հանրապետական գրադարաններում։ Բայց մեկը չկար, որ ինձ ուղղություն ցույց տար, ու շատ կարևոր գրքեր իմ տեսադաշտից դուրս մնացին։

Դրա համար՝ եթե ինձ դրախտ ընդունեն, ես անպայման կգտնեմ դրախտի գրադարանը ու կսկսեմ կարդալ բոլոր էն գրքերը, որոնք չեմ հասցրել կարդալ երկրի վրա։ Կկարդամ՝ թեկուզ էն բանի համար, որ վերապրեմ երկրի վրա իմ ապրած դրախտը։ Որովհետև մարդն իրան դրախտին ամենամոտն ա զգում, երբ գիրք ա կարդում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 195

Մեկնաբանություններ