Երբ ես և իմ գործընկերները Հայաստանից դեռևս 2020 թվականին զգուշացնում էինք, որ Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից, պետք է հստակ դիրքորոշում ընդունի Արցախյան պատերազմում, ինչպես դա արեց Թուրքիան, որը Ադրբեջանի դաշնակիցն է, մեզ Մոսկվայից փորձագիտական մակարդակով փորձում էին համոզել, որ դա անհնար է: Ասում էին, որ Ռուսաստանը Թուրքիա չէ, այն շատ ավելի լայն շահեր ունի տարածաշրջանում, ուստի Մոսկվան կպահպանի հավասարակշռությունը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։
Ի պատասխան մենք նշում էինք, որ նման դիրքորոշումը կհանգեցնի Հայաստանի պարտությանy, Արցախի օկուպացիային և, իհարկե, թուրք-ադրբեջանական տանդեմի ամրապնդմանը՝ հետագայում Հարավային Կովկասի տարածաշրջանում ստատուս քվոյի արմատական փոփոխությամբ: Ավելին, այս գործընթացները բացասաբար կազդեն նաև Ռուսաստանի շահերի վրա, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասում և Վոլգայի շրջանում մուսուլմանական և թյուրքական գործոնի հետ կապված ռիսկերի աճով: Ի՞նչ լսեցինք ի պատասխան Մոսկվայից. «Սիրելի՛ հայեր, դուք սրում եք իրավիճակը և չափազանցնում ամեն ինչ»։
2020 թվականի Արցախյան պատերազմից անցել է գրեթե 5 տարի։ Հայաստանը պարտվեց պատերազմում, Արցախը օկուպացված է, իսկ 2023 թվականի էթնիկ զտումներից հետո Արցախում այլևս հայեր չեն մնացել։ Տարածաշրջանում ստատուս քվոն կտրուկ փոխվել է, և թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչպես և կանխատեսվում էր, ամրապնդվել է։
Ի՞նչ ենք տեսնում հիմա։ Ռուսական կողմը՝ վերահսկվող լրատվամիջոցների և Telegram-ալիքների միջոցով, խոսում է տարածաշրջանում Թուրքիայի աճող դերի և Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող ռիսկերի մասին։
Հետաքրքիր է՝ Մոսկվայում հասկացա՞ն, թե որքան կարճատես էր իրենց դիրքորոշումը տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ 2020 թվականին։
Անդրանիկ Հովհաննիսյան