Մարդկանց կյանքին ուղեկցող ինվարիանտները կամ ժամանակի մեջ կայուն հատկություններն ու տենդենցները ձևավորվում են երկար տարիների ընթացքում, իսկ դրանցից ամենակարևոր տենդենցներն ու համեմատաբար հզոր ինվարիանտները ստեղծվում են դարերի ընթացքում ու արտակարգ կայուն են նույնիսկ այն դեպքերում, երբ կյանքը ունենում է հիմնարար բնույթի փոփոխություններ:
Կա անմիջական կապ այդ ինվարիանտների ու տենդենցների կայունության աստիճանի և կյանքի հարատևման գործում դրանց կարևորության մեջ, այսինքն, ինչքան կարևոր է որևէ ինվարիանտ կյանքի հարատևման համար, այնքան այն ավելի կայուն է ժամանակի մեջ:
Մարդկային հասարակության պատմությունն իր բազմադարյա կյանքով ապացուցել է մի պարզ ճշմարտություն, այն է, որ կյանքը ծաղկում ու զարգանում է այնտեղ, որտեղ կան շահի լուրջ աղբյուրներ՝ ներառյալ շահի բուն աղբյուրը, հարստության այդ աղբյուրի պոտենցիալի իրացման կազմակերպական միջոցները, ռեսուրսների մատչելիությունը և մատակարարումների կառավարումը (supply chain management), շուկայի առկայությունը և այլն:
Այս և այլ բազմաթիվ պատճառներով շահել են և հարստություն կուտակել այն երկրները, որոնք գտնվել են կլիմայական ու տրանսպորտային համեմատաբար նպաստավոր պայմաններում:
Պատահական չէ, որ բոլոր հին ու հարուստ քաղաքակրթությունները առաջացել ու ծաղկել են տաք ու բարեխառն կլիմայական պայմաններում և, մեկ էլ, ջրային տրանսպորտից օգտվելու բարենպաստ պայմաներում, այսինքն, ծովափնյա շրջաններում ու մեծ գետերի գետաբերաններում:
Այս բոլոր պայմանների առկայությունն աստիճանաբար ձևավորում է հոգեբարոյական մի միջավայր՝ միտված դեպի մարդկանց համագործակցությունը, որպես շահի ու հարստության գեներացման լավագույն միջոց:
Ցանկացած մեծ շահն ու հարստությունն էլ պահանջում են պաշտպանություն, որի շուրջն էլ ձևավորվում է համապատասխան անվտանգության համակարգ՝ իշխանությունների ու պետականությունների տեսքով:
Եվ այն երկրներն ու տարածաշրջանները, որոնք զուրկ են եղել լուրջ շահ ունենալու և հարստություն կուտակելու ու այն պաշտպանելու հնարավորություններից, չեն կարողացել նաև ստեղծել դեպի զարգգացումը միտված հոգեբարոյական ստեղծագործական միջավայր, այլ ապրել են եղած շահի փոքր աղբյուրները և չնչին հարստությունները իրարից խլխլելու ու պարզունակ գզվռտոցով լի հոգեբանական մթնոլորտում:
Բացի այս ամենից, պատմությանը հայտնի է նաև հզոր պետականությունների ձևավորման մի այլ կարևոր պայման ևս, այն է՝ դրանցում կենտրոնախույս ուժերի ձևավորման հնարավորությունների բացակայությունը և, դրան հակառակ, հզոր պետականությունների ձևավորման անհնարինությունը այն տեղերում, որտեղ կենտրոնախույս ուժերի գործունեության համար կան բարենպաստ պայմաններ՝ տեղանքի կտրտվածության և դրանց լոկալ պաշտպանվածության տեսքով լեռնային շրջանները, կամ էլ հզոր գետերով պաշտպանված լինելը:
Այս իմաստով, ծովային և հզոր գետային քաղաքակրթությունները մեծ առավելություններ են ունեցել ցամաքային քաղաքակրթությունների նկատմամբ, քանի որ կարողացել են շատ ավելի մեծ ուժեր միավորել և հարստություններ գեներացնել, քան ցամաքայինները:
Այս առումով, հատկապես տուժել են մեզ նման այն ցամաքային քաղաքակրթությունները, որոնք հայտնվել են հզոր ծովագետային քաղաքակրթությունների արանքում՝ դառնալով մշտական կռվախնձոր նրանց միջև:
Այս է պատճառը, որ լինելով տարածաշրջանում մեծ տարածք զբաղեցնող ու մեծաթիվ ժողովուրդներից մեկը և գտնվելով օտար հզոր ուժերի արանքում ու ներքին լեռնային կտրտվածությունների պայմաններում՝ մենք ուժերի միավորման շատ փոքր շանսեր ենք ունեցել:
Քանի որ զարգացումն ու դրա հետ կապված, ավելի ու ավելի հզորացող գործունեության հիմնական աղբյուրը տարբեր իմաստներով ուժերի միավորումն է, ապա կյանքի անվտանգությունն ապահովելու նպատակով մեր լոկալ մեկուսացվածությունը բերել է ահավոր հոգեբարոյական ավերումների՝ ավելի ու ավելի գավառական ու չնչին հոգեբանության տեր դարձնելով մեզ և դա դեռ շատ առաջ՝ սկզբում, մինչև արաբների գալը և հետո էլ՝ թուրքերի կործանարար ներկայության պայմաններում:
Պավել Բարսեղյան