Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը
Սկիզբը՝ այստեղ
Վաղն աշխարհի համար կարող է բախտորոշ լինել…
Կրեմլը պաշտոնապես հաստատել է, որ ՌԴ և ԱՄՆ- ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կկայանա վաղը՝ մարտի 18-ին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սկզբում չի բացահայտել քննարկման օրակարգը, սակայն Թրամփն այսօր առավոտյան արդեն հայտարարել էր, որ պատրաստվում է Պուտինի հետ քննարկել տարածքային հարցը (հակամարտության առանցքային հարցերից մեկը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքային խնդիրը), ինչպես նաև Զապարոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողության խնդիրը, որը 2022թ. փետրվարին անցել է ՌԴ վերահսկողության տակ:
ԱՄՆ- ի նախագահը ընդգծել էր, որ շատ հարցեր արդեն քննարկվել են և Ռուսաստանի, և Ուկրաինայի հետ: Նրա խոսքով՝ ՌԴ- ի հետ գործերն այժմ «լավ են ընթանում»։
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը, Tagesschau- ի հաղորդմամբ, Թրամփի հայտարարությունից հետո Սպիտակ տան ղեկավարին կոչ է արել չգնալ Վլադիմիր Պուտինին չբանակցված զիջումների՝ ի վնաս Ուկրաինայի (նկատի ունի ԱՄՆ- ի և եվրոպական կողմի միջև նախապես բանակցված, համաձայնեցված զիջումները):
«Այժմ շատ կարևոր է, որ եվրոպացիներն ու ամերիկացիները գործեն միասնական և ներդաշնակ»,- հայտարարել է նա:
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ բոլոր բանակցությունների հիմքը պետք է լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Հետագայում Պեսկովն ևս նշել է Պուտինի և Թրամփի առաջիկա հեռախոսազրույցի գլխավոր թեման՝ հայտարարելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ- ի նախագահների միջև վաղվա զրույցի նախապատրաստումն իրականացվում է հիմնականում Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով:
«Հիմնականում, իհարկե, ուկրաինական կարգավորման հարցը։ Այդ պատճառով նախագահի համար թեզեր կպատրաստվեն»,- ասել է Պեսկովը։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ- ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ պատմել էր, որ մարտի 13-ին հանդիպել է Պուտինի հետ և նրա հետ «քննարկում է անցկացրել՝ հիմնված լուծումների որոնման վրա»: Ուիթկոֆը նաև հայտարարել էր, որ ակնկալում է մի քանի շաբաթվա ընթացքում Ուկրաինայում հրադադարի հասնել: Թրամփի հատուկ բանագնացը հրաժարվել էր նշել Մոսկվայի առաջ քաշած պայմանները, սակայն նշել էր, որ այն տարածքները, որոնք այժմ գտնվում են ՌԴ վերահսկողության տակ, կլինեն կրակի դադարեցման շուրջ քննարկման մաս: Ուիթկոֆը «CBS News»- ին տված հարցազրույցում ասել էր, որ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահի հետ զրույցում կարող է բարձրացնել Սև ծովի նավահանգիստներ մուտք գործելու հարցը:
Դոնալդ Թրամփը Պուտինի և Ուիթկոֆի բանակցությունները լավ և արդյունավետ էր անվանել՝ նշելով, որ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի ուկրաինական հակամարտությունը շուտով ավարտվի: Թրամփն Ուկրաինայում հակամարտության ավարտի շանսերն անվանել է «շատ լավ»:
Մարտի 15- ին ԱՄՆ- ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը «Fox News»- ի եթերում ակնարկել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրում Ռուսաստանին կարող են ինքնիշխանություն ամրագրել Ղրիմի և այլ նոր տարածքների նկատմամբ: Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ներկայացրել են իրենց պահանջները, որոնք կցանկանային տեսնել ամփոփիչ փաստաթղթում: Ուոլցը, սակայն, ընդգծել է, որ երկու կողմերն էլ ստիպված կլինեն փոխզիջումների գնալ խաղաղության հասնելու համար:
ՌԴ նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան աջակցում է 30-օրյա զինադադարի գաղափարին, սակայն այն պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի ճգնաժամի բուն պատճառները: Պուտինը հավելել է, որ ՌԴ- ն ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ Ուկրաինան ենթադրյալ հրադադարի ժամանակ զորահավաք չի իրականացնի, զենք չի ստանա և զինվորներ չի պատրաստի: Պետության ղեկավարը ևս մեկ անգամ կրկնել է, որ պայմանավորվածությունների քննարկման ժամանակ Մոսկվան ելնելու է երկրի վրա ստեղծված իրավիճակից:
Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, թե ՌԴ- ն իրականում չի ցանկանում կնքել 30- օրյա զինադադար, և նրա ղեկավարի հայտարարությունը միայն «հերթական մանիպուլյացիա» է, այսինքն, չնայած զինադադարին համաձայնելու Կիևի պաշտոնական հայտարարությանը, ՌԴ- ի համար անընդունելի պահանջների ու պայմանների առաջադրմամբ զինադադարից իրականում հենց իր հրաժարվելու մտադրությունը Զելենսկին վերագրել է Ռուսաստանին, Պուտինին: Զելենսկու խոսքով՝ «Նրանք այնտեղ՝ Մոսկվայում, լռության (զինադադարի.- Ա.Հ.) գաղափարը բոլորապատում են այնպիսի նախադրյալներով, որ ընդհանրապես ոչինչ չստացվի կամ հնարավորինս երկար չստացվի»,- նշել է Զելենսկին։
Զելենսկին ավելի ուշ հայտարարել է, որ Եվրոպան և ԱՄՆ -ը չպետք է ընդառաջ գնան Մոսկվային ու պետք է հաշվի առնեն հակամարտության ավարտի Կիևի առաջադրված պայմանները, այդ թվում՝ Ուկրաինայում խաղաղապահ զորակազմ տեղակայելու հարցում։ Նա նաև նշել է, որ ռազմական կոնտինգենտը պետք է ունենա ամերիկյան կողմի աջակցությունը և կարող է դառնալ Եվրոպայի ապագա զինված ուժերի հիմքը, ինչն ամուր կդարձնի խաղաղությունը: Բացի վերոնշյալից, հայտնի ցեղի ներկայացուցիչը նաև կոչ է արել ուժեղացնել պատժամիջոցային ճնշումը ՌԴ- ի վրա, «որպեսզի գոնե առաջին քայլերն անեն պատերազմը դադարեցնելու ուղղությամբ»:
Այն, որ Մոսկվան ելնելու է երկրի վրա ստեղծված իրավիճակից, նշանակում է, որ Ռուսաստանը երբեք և ոչ մի դեպքում չի կատարելու Ղրիմը, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, ՌԴ- ին միացված Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ուկրաինային հանձնելու Կիևի, Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի, ԵՄ- ի և արևմտյան ոհմակի այլ անդամների, ինչպես նաև Ղրիմի առնչությամբ երբեմն տարբեր առիթներով Անկարայի արտահայտած պահանջները:
Շատ հնարավոր է, որ Մոսկվան մերժի նաև Սև ծովի նավահանգիստներ մուտք գործելու ԱՄՆ- ի պահանջը: 30- օրյա զինադադարին համաձայնելու համար Մոսկվային դժվար թե երաշխիքներ տրվեն, որ Ուկրաինան այդ ընթացքում զորահավաք չի իրականացնի, զենք չի ստանա և զինվորներ չի պատրաստի: Մոսկվայի համար միանշանակ անընդունելի են նաև հակամարտության ավարտի Կիևի և արևմտյան ոհմակի առաջադրած մյուս պայմանները, այդ թվում՝ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ զորակազմ տեղակայելու հարցում, թեկուզ առանց ամերիկյան կողմի աջակցության:
Քաղաքագետ Եվգենի Մինչենկոն կարծում է, որ Պուտինի և Թրամփի առաջիկա հեռախոսազրույցը սկզբունքորեն տարբերվելու է փետրվարի 12- ի զրույցից: Երկխոսության ուղղությունը մասամբ թելադրված է Կիևի հարցումներով։ Քաղաքագետը, մասնավորապես, նշել է, որ ԶԱԷԿ- ի թեման պատահական չի առաջացել։ Զապորոժիեի ատոմակայանը մեծ նշանակություն ունի Ուկրաինայի էներգետիկ համակարգի համար և կարևոր է նրա տնտեսության համար, ուստի Կիևը ցանկանում է այն հետ վերադարձնել: Քաղաքագետը նշել է նաև Ուկրաինական հակամարտությունն օպերատիվ կերպով լուծելու ԱՄՆ- ի ցանկությունը, սակայն, նրա կարծիքով, դրա համար նախադրյալներ չկան։
Պետդումայի պատգամավոր Դմիտրի Նովիկովը կարծում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ- ի նախագահները վաղը կքննարկեն հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են ոչ միայն ուկրաինական հակամարտության լուծմանը:
Բանակցությունները դեռ չսկսված, ամերիկյան կողմն արդեն հաթաթա է տվել Ռուսաստանին: ԱՄՆ- ն կարող է պատժամիջոցներ սահմանել, եթե Ուկրաինայում խաղաղության շուրջ ՌԴ- ի հետ բանակցություններն անհաջող լինեն. այս մասին, РБК- ի տեղեկացմամբ , այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:
«Իհարկե, նա պատրաստ է դա անել (պատժամիջոցներ սահմանել.- РБК), անհրաժեշտության դեպքում: Ես ոչինչ չունեմ հայտնելու, և ես երբեք նախագահից առաջ չեմ լինի նման լուրջ որոշման հարցում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք սահմանափակումներ կսահմանվե՞ն, եթե նախագահներ Թրամփի և Պուտինի զրույցը չընթանա այնպես, ինչպես հույս ունեն ԱՄՆ-ում:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան