ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Զանգվածների կառավարում․ մեկդարյա դպրոցից մինչև ներկայիս Հայաստան

Զանգվածների կառավարում․ մեկդարյա դպրոցից մինչև ներկայիս Հայաստան
22.05.2026 | 12:02

Քաղաքական պատմությունը բազմիցս ապացուցել է մի պարզ ճշմարտություն` ժողովուրդներին միշտ չէ, որ կառավարել են միայն օրենքներով, ծրագրերով կամ տնտեսական հաջողություններով, շատ հաճախ պետության ղեկն իրենց ձեռքն առած առաջնորդներն իշխանությունն ամրապնդել են հանրային կարծիք ձեւավորելու միջոցով։ Քաղաքական այս արվեստը գիտական տեսքի է բերել 20-րդ դարի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Էդվարդ Բերնեյսը, որը քարոզչության եւ հասարակայնության հետ կապերի ժամանակակից մեխանիզմների հիմնադիրներից է:

Առաջինը հենց Բերնեյսն էր նկատել, որ զանգվածները հիմնականում առաջնորդվում են ոչ թե փաստերով, այլ վախերով, զգացմունքներով, խորհրդանիշերով եւ ցանկություններով։ Հետագայում նրա ամփոփած գաղափարները կիրառվեցին ինչպես բիզնեսում, այնպես էլ ընտրություններում եւ պետությունը կառավարելու համակարգում։ Իսկ երբ բերնեյսյան մեթոդները հայտնվում էին իշխանությունների ձեռքում, հաճախ դառնում էին հասարակության գիտակցության վրա ազդելու գործիք։

Անցյալ դարում Բերնեյսը ձեւակերպեց մի միտք, որն այսօր էլ շարունակում է աշխատել․ հնարավոր է ուղղորդել մարդկանց վարքը՝ ձեւավորելով նրանց ընկալումն իրականության մասին։ Այս մոտեցումը պարզ է, բայց ազդեցիկ. եթե կարողանում ես ստեղծել այն պատկերը, որը մարդիկ կցանկանան ընդունել, ապա կարող ես ազդեցություն ունենալ նրանց ընտրության վրա։ Փաստ է, որ այսօր էլ այդ մեխանիզմն աշխատում է։ Օրինակ՝ Եվրոպայում նախորդ դարի առաջին կեսին քաղաքական համակարգերը կառուցվում էին պարզ խոսքի, կրկնության եւ «մեղավորի» մշտական որոնման վրա։ Դա որոշ ժամանակ ապահովում էր համախմբում։ Բայց երբ ներկայացվող պատկերն ու իրականությունը սկսում էին հեռանալ իրարից, առաջանում էր ճաք՝ դառնալով փլուզման նախահիմք։

Երբ քարոզչությունը դարձավ պետական մեքենա

Անշուշտ, բերնեյսյան մեթոդները տարբեր ժամանակահատվածներում կիրառվել են ինչպես Ամերիկա մայրցամաքի տարբեր երկրներում, այնպես էլ Եվրոպայում եւ Ասիայում, անգամ՝ աֆրիկյան երկրներից մի քանիսում։ Սակայն առանձնացնենք ամենահայտնի օրինակը. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տարբեր երկրների ռեժիմները քարոզչությունը դարձրել էին պետական կառավարման մեխանիզմի մաս։

Ժամանակակից աշխարհում էլ ամեն ինչ նույնն է, պարզապես փոխվել են քարոզչության գործիքները՝ ռադիոն դարձել է սոցիալական ցանց (Ֆեյսբուք, Տիկ-տոկ եւ Տելեգրամ), իսկ պատի պաստառը՝ ուղիղ եթերներ, օնլայն լրատվական հարթակներ եւ այլն։

Բերնեյսը տարանջատել էր քարոզչության հինգ հիմնական մեխանիզմներ՝ կրկնվող պարզ ուղերձներ, զանգվածների հոգեբանության վրա ազդեցություն, առաջնորդի պաշտամունք, ընդհանուր մեղավորի ստեղծում եւ մեդիայի վերահսկում։ Երբ ուսումնասիրում ենք տարբեր ժամանակների իշխանությունների գործելաոճը, հասկանում ենք, որ այս մեխանիզմները բազմիցս կիրառվել են տարբեր երկրներում՝ հաճախ ունենալով ժամանակավոր ազդեցություն։

Նախորդ հարյուրամյակում Բերնեյսի ձեւակերպած մեխանիզմները կիրառած առավել հայտնի պետություններից են եղել նացիստական Գերմանիան, ֆաշիստական Իտալիան, ստալինյան ԽՍՀՄ-ը, մաոական Չինաստանը եւ մի շարք այլ ավտորիտար երկրներ։

Բերնեյսի ստվերը՝ մերօրյա հայ քաղաքականության վրա

Ոչ ոք չի կարող հերքել փաստը, որ վերջին տարիներին Հայաստանի քաղաքական կյանքում եւս նկատելի են նույն օրինաչափությունները։ Մերօրյա իշխանությունները, պետական հնարավորությունները օգտագործելով, հասարակությանը բաժանեցին տարբեր ճամբարների՝ «հին» եւ «նոր», «մերոնք» եւ «ձերոնք» տրամաբանությամբ։ Այս բաժանումը շարունակվում է արդեն ութ տարի եւ հարմար է դարձել գրեթե ամեն ինչ բացատրելու համար․ խնդի՞ր կա, ուրեմն «նախկիններն են մեղավոր», անհաջողությո՞ւն կա, «նախկիններն են թողել» եւ այլն։

Այս մոտեցումը երկար ժամանակ աշխատեց, որովհետև մարդիկ հեշտ են ընդունում «պարզ» բացատրությունները։ Հետո սկսվեց նույն խոսքերի, նույն շեշտադրումների ու մեղադրանքների անընդհատ կրկնությունը։ Եվ, ինչպես ասում են, երբ ինչ-որ բան լսում ես օրեր, ամիսներ ու տարիներ շարունակ, այն աստիճանաբար դառնում է սովորական։ Հենց այդ պահին մարդը դադարում է ստուգել՝ ճի՞շտ է լսածը, թե՞ ոչ, սկսում է ընդունել այն, ինչ երկար ժամանակ լսել ու ընկալել է։

Այդ ամենին զուգահեռ՝ իշխանությունները հաճախ հանրային քննարկումների կենտրոն բերեցին տարբեր մարդկանց անուններ եւ դրանց շուրջ ստեղծեցին սկանդալային իրավիճակներ՝ հասարակության ուշադրությունը շեղելով իրական խնդիրներից։ Այնուհետև սկսվեց մեղավորների որոնումը, իսկ այդ ընթացքում հասարակության տարբեր շերտերի միջեւ խորացավ փոխադարձ վիրավորանքը, լարվածությունն ու պառակտումը, ինչը հատկապես ի ցույց դրվեց սոցիալական ցանցերում գործող ֆեյքային «հզոր բանակի» միջոցով։ Մինչդեռ ռազմավարական թեմաները՝ անվտանգություն, ժողովրդագրություն, կրթություն եւ տնտեսություն, մղվեցին տասներորդ պլան։

Այս նույն տրամաբանությամբ էլ ձեւավորվեց քաղաքական հաղորդակցության նոր մշակույթ։ Պետական քաղաքականությունը սկսեց ներկայացվել ոչ թե պետական ինստիտուտների լեզվով, այլ սոցիալական ցանցերի գրառումների, ուղիղ եթերների եւ անձնական հռետորաբանության միջոցով։ Քաղաքականությունը տեղափոխվեց ֆեյսբուքյան, տիկտոկյան եւ ինստագրամյան հարթակներ, իսկ պետական համակարգը սկսեց խոսել ոչ թե կառույցների, այլ մեկ ձայնի միջոցով։ Այո, ոչ թե նախարարություն կամ պետական ինստիտուտ, այլ մեկ մարդ, որը խոսում էր, բացատրում, մեղադրում եւ արդարացնում իրեն ու իր ստեղծած բուրգը։ Այս մոդելը երկար գործեց, որովհետեւ ստեղծում էր անմիջական շփման զգացում, մարդկանց շրջանում պատկերացում էր ձեւավորում, թե իրենք ուղիղ կապ ունեն իշխանության հետ։

Բայց հենց այստեղ էր թաքնված վտանգը․ երբ ամբողջ համակարգը սկսում է նույնացվել մեկ մարդու հետ, պետությունը դադարում է լիարժեք համակարգ լինելուց եւ կախված է մնում մեկ կենտրոնից։ Իսկ երբ այդ մեկ կենտրոնն է որոշում խոսքի տոնը, օրակարգը եւ մեղավորների շրջանակը, հասարակությունը սկսում է ապրել մշտական տեղեկատվական աղմուկի մեջ։

Վերջին ութ տարիները հենց այդ աղմուկով էլ լցված էին՝ ամեն օր նոր թեմա, նոր սկանդալ, նոր մեղավոր։ Այս ամենը հնարավորություն էր տալիս շեղելու հասարակության ուշադրությունն առավել կարևոր հարցերից՝ անվտանգությունից, տնտեսությունից եւ ապագայից։ Նախնական փուլում այս մեխանիզմն աշխատեց, սակայն որոշ ժամանակ անց սկսեցին սկզբնավորվել հիասթափությունն ու վստահության կորուստը։

Երբ պատկերը սկսում է չհամընկնել իրականության հետ

Նմանատիպ մեխանիզմն աշխատում է այնքան ժամանակ, քանի դեռ մարդկանց ներկայացվող պատկերը չի բախվել իրական կյանքին։ Հենց այդ բախումն է այն պահը, երբ փլվում են տարիներով կառուցված պատրանքները։

44-օրյա պատերազմի ընթացքում հանրային դաշտում անընդհատ հնչում էր «Հաղթելու ենք» ձեւակերպումը։ Դա պարզապես խոսք չէր․ մարդկանց համար այն դարձել էր հույս, հավատ, հոգեբանական հենարան։ Սակայն պատերազմի ավարտից հետո իրականությունը բոլորովին այլ պատկեր ցույց տվեց՝ տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր եւ կոտրված վստահություն, եւ այդ պահին խոսքն այլեւս չէր կարող ծածկել իրականությունը։

Նույնը կարելի է տեսնել նաեւ տնտեսության ոլորտում։ Պաշտոնական թվերը կարող են ցույց տալ տնտեսական աճ, բայց երբ մարդն ամեն օր գնում է խանութ եւ տեսնում, թե ինչպես են բարձրացել գները, այդ թվերը նրա համար դառնում են դատարկ վիճակագրություն։ Մի կողմում պաշտոնական պատկերն է, մյուս կողմում՝ մարդու առօրյա դաժան կյանքը։

COVID-19-ի ընթացքում եւս մարդիկ օրեցօր բախվում էին հակասական հայտարարությունների եւ մշտապես փոփոխվող մոտեցումների։ Արդյունքում շատերը սկսեցին հավատալ ոչ թե ընդհանուր տեղեկատվությանը, այլ այն պատկերին, որն ավելի մոտ էր իրենց վախերին կամ սպասումներին։

Իսկ 2023 թ․-ին Արցախից ավելի քան 100 հազար մարդու տեղահանումը դարձավ այն կետերից մեկը, երբ խոսքն ու իրականությունն ամենացավոտ ձեւով բախվեցին։ Մինչ այդ մարդկանց մի հատված դեռեւս հավատում էր, որ հնարավոր է կայունացում կամ որեւէ լուծում։ Բայց երբ սեփական աչքերով տեսան դատարկվող Արցախը, արդեն ոչ մի խոսք չէր կարող փոխել իրականության պատկերը։

Եվ հենց այսպիսի պահերին է առաջանում ամենավտանգավոր ճեղքը՝ վստահության կորուստը։ Որովհետև մարդը կարող է երկարատև հավատալ խոսքին, բայց այն պահին, երբ իր աչքով տեսածը սկսում է հակասել լսածին, սկսում է կասկածել ոչ միայն կոնկրետ հայտարարության իսկությանը, այլ ամբողջ համակարգին։

Հայաստանի գլխավոր ընտրությունը

Հայաստանի առջեւ այսօր ծառացած առաջնային խնդիրը իշխանափոխությունն է, քանի որ առանց դրա դժվար է պատկերացնել պետական մտածողության, պատասխանատու կառավարման եւ ազգային շահերի վրա հիմնված նոր փուլ։

Ընտրությունը միայն քաղաքական չէ։ Հարցը հետեւյալն է՝ շարունակել ապրել հույզերով, կարգախոսներով եւ պատրանքներով կառավարվող միջավայրո՞ւմ, թե՞ վերջապես անցնել պետական հասունության։

Վերջին շրջանում քաղաքական պայքարը Հայաստանում ստացել է առավել ագրեսիվ եւ վտանգավոր բնույթ։ Հանրային դաշտում սկսել են գերակշռել ոչ թե ծրագրային քննարկումները, այլ վիրավորանքներն ու սպառնալիքները ընդդիմադիր դաշտի տարբեր ներկայացուցիչների հասցեին։ Երկրի ղեկավարի հնչեցրած «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «կոխելու եմ» «համբալներ», «ստահակներ» եւ նմանատիպ արտահայտություններն ավելի են խորացնում հասարակության ներսում արդեն ձեւավորված լարվածությունն ու պառակտումը։

Հայաստանին պետք չեն նոր կուռքեր, նոր մեղավորներ ու կախարդական խոսքեր։ Հայաստանին հարկավոր են սառը միտք, պատասխանատու կառավարում, ուժեղ ինստիտուտներ եւ իրական արդյունք, որպեսզի հասարակությունն իշխանությանը դատի ոչ թե խոսքերով, այլ գործերով: Ահա այդ ժամանակ էլ կսկսվի պետության իրական վերածնունդը։

Թերեւս հենց այս ընտրությունների ժամանակ պարզ կդառնա՝ հասարակությունը կշարունակի՞ հավատալ ներկայացվող պատկերին, թե՞ արդեն կկարողանա տարբերել այն իրականությունից եւ իր ընտրությունը կատարել հենց դրա հիման վրա։

Խաբել հնարավոր է մեկ անգամ, գուցե՝ երկու, բայց երբ կրկնվում է երրորդ անգամ, դադարում է մոլորեցում լինելուց՝ վերածվելով ընտրություն։

Մնում է հուսալ, որ հասարակությունը չի խաբվի եւ իր որոշմամբ թույլ չի տա, որ վերարտադրվեն ներկայիս հակահայ իշխանությունները, եւ որ նրանք էլ ընտրություններից առաջ եւ հետո չեն փորձի վնաս հասցնել առանց այն էլ հոշոտված Հայաստանին։

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Ֆրամինգհամ (Մասաչուսեթս)

Դիտվել է՝ 188

Մեկնաբանություններ