Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Վեհանձնության երգիչը

Վեհանձնության երգիչը
17.11.2024 | 19:15

Օրերս լույս տեսավ Էռնեստ Հեմինգուեյի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Դարը պահանջում էր» (հրատարակիչ՝ «Ոգի-Նաիրի», թարգմանիչ՝ Քրիստինե Քոչարյան):

Շատերը տեղյակ չեն ամերիկացի նշանավոր արձակագրի գրական այս դիմագծի մասին, որ նա միաժամանակ հետաքրքիր բանաստեղծ է եւ այդ ժանրում եւս թողել է արժեքավոր ժառանգություն: Թեպետ նա շատ բանաստեղծություններ չի գրել, առանձին հետազոտողների հաշվարկով՝ մոտ ինը տասնյակ, բայց հասանելի գործերի թիվը հազիվ դրա կեսն է կազմում:

Հեմինգուեյն ավելի շատ բանաստեղծել է երիտասարդ տարիքում, առաջին համաշխարհային պատերազմից հետո, որի մասնակիցներից ու ծանր վիրավորներից է եղել: Նրա այդ շրջանի չափածոն, հասկանալիորեն, պատերազմական թեմայով է՝ հագեցած սարսափի նկարագրությամբ եւ մարդկային արնահեղությունը դատապարտող շեշտադրումներով: Առաջին հայացքից՝ պացիֆիստ է, իրականում նա խորությամբ հանդես է գալիս համամարդկային արժեքները պաշտպանողի դիրքից:

Ավելի հասուն տարիքում գրած բանաստեղծությունները բազմաթեմա են՝ սեր, քաղաքականություն, վերհուշներ եւ այլն:

Որպես ժողովածուի կազմող ու խմբագիր՝ պարտքս համարեցի հայ ընթերցողներին ներկայացնել բանաստեղծ Հեմինգուեյին, ում հոգեւոր ներկայությունն իր վառ դրսեւորույթով կարող է մեզ հավելյալ օգնել՝ հաղթահարելու ներկա տագնապալից ժամանակաշրջանը: Իր բանաստեղծություններում եւս նա վեհանձնության, տոկունության, ազնվության, հավատարմության երգիչն է: Հայրենի թե օտար դասականներն աներեւույթ ձեւով գործում են ձեռք-ձեռքի, ի սատարումն մարդկային ու ազգային արժանապատվության:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Էռնեստ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

ՄԵՆՔ ՎԱՏՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ,

ԻՆՉԸ ՍՏԵՂԾՎԱԾ ՉԷ ՎԱՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Իմ միակ սեր.

Մենք վատնում ենք, վատնում ենք, վատնում ենք

Այն, ինչը ստեղծված չէ վատնելու համար:

Մենք ավիրում ենք, ավիրում ենք, ավիրում ենք

Այն, ինչն անիմաստ է ոչնչացնել:

Մեր սիրտը լարված է՝

Հրացանի պես նշանառված...

Շուտով տասներկուսն է՝

Գողերի ժամանակը,

Եվ դու կվազես

Դեպի խառնակ անցյալ:

Անսպասելիորեն, հանգիստ, մեղմաձայն

Պարզապես կհարցնես՝

Կարելի՞ է… Ես եմ:

Թարգմ.՝ Ք. Քոչարյանի

Դիտվել է՝ 5145

Մեկնաբանություններ