Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ո՞րն է իսկական մարգարիտը

Ո՞րն է իսկական մարգարիտը
02.12.2012 | 13:46

Մատթեոսի Ավետարանի 13-րդ գլխի 45-46 համարներում մեր Տերը ուրիշ առակների շարքում պատմում է նաև իրական մարգարիտի առակը:

Երանության լեռան վրա Հիսուսի առաջին քարոզով իսկ աշխարհի թշվառությունը, սուգը, ծարավն ու որբությունը մոռացած` մարդիկ մի այլ ճշմարտություն տեսան: Երկնքի թագավորությունը ժառանգություն էր տրվում երեկվա խեղճ ու աղքատ, երկրի վրա թագավորներից ու աշխարհի իշխաններից միայն զրկանք ու արհամարհանք տեսած մարդկանց:
Հովհաննես Մկրտիչն անապատում խոսում ու նախապատրաստում էր մարդկանց սրտերը, որպեսզի ապաշխարությամբ մաքրվեն, սրբվեն և արդար ու բարի գործեր կատարեն: Հիսուսի խոստացածը, սակայն, ավելի իրական ու շոշափելի էր, քանի որ Նրան հավատացողը պիտի ճաշակեր Աստծու թագավորությունը ժառանգելու քաղցրությունը։
Ամեն ժառանգություն կամ մեծ ու փոքր հարստություն ձեռք է բերվում միայն զոհողությամբ, այսինքն` ծանր և երկարատև աշխատանքով: Անշուշտ, լինում են դեպքեր, երբ մարդու «բախտը» բերում է ու չսպասված տեղից անակնկալ կերպով ժառանգում է մեծ հարստություն, սակայն դրանք շատ հազվադեպ են լինում: Իրապես չես կարող հարստանալ, եթե գիշեր-ցերեկ առանց հանգստի չաշխատես: Ես կարդացել եմ, որ մի մեծահարուստ մարդ իր ամբողջ կյանքն անցկացրել է մի երազով` դառնալ միլիոնատեր: Եվ առանց հանգստի աշխատելով` իր կյանքի հիսուներորդ տարուց հետո հասել է իր նպատակին, սակայն, դժբախտաբար կորցրել է իր ամենաթանկ բանը` առողջությունը: Բժիշկը նրան արգելել է նույնիսկ մի կտոր միս ուտել և շատ այլ բաներ: Կարդացել եմ նրա խոսքն ուղղված մի առողջ մարդու. «Ամբողջ հարստությունս կտամ` քեզ պես առողջ լինելու համար»: Հիսուս, երբ հավատացյալին խոստանում է Երկնքի թագավորությունը, չի մոռանում նաև շեշտել զոհողությամբ դրան հասնելու դժվարություններն ու նեղությունները:
Նա ասում է, որ Աստծու թագավորությունը նմանվում է մի վաճառականի, որի գործը ապրանք գտնելն ու ծախելն էր, նաև` թանկարժեք մարգարիտներ: Եվ այս վաճառականը մի մարդու մոտ տեսնում է մի թանկարժեք մարգարիտ: ՈՒշադրությամբ նայելուց, քննելուց հետո համոզվում է, որ այն շատ արժեքավոր է, ուզում է անպայման գնել, այնուհետև վերավաճառել, որպեսզի շատ դրամ աշխատի: Սակայն ցանկությունը քիչ էր. վաճառականն ստուգում է իր գրպանի դրամը, քիչ է գալիս, ապա տուն է գնում, վաճառում կնոջ ամբողջ ոսկեղենն ու դրամի վերածում, այնուհետև վաճառում է այլ զարդեր և իրեր, մի խոսքով, կարողանում է հավաքել անհրաժեշտ գումարն ու մարգարիտը գնել: Ես պատկերացնում եմ, թե նա ինչպիսի՜ ուրախություն պիտի ապրեր` իր առջև դնելով այդ արժեքավոր մարգարիտը (հմմտ. Մատթ. 13:46):
Առակի պատմությունն այս է. «Աստծու կամ Երկնքի արքայությունն ընդհանուր մտքով նշանակում է, որ Աստված կատարելապես իշխում է ու ամեն ինչ կատարվում է Նրա կամքի համաձայն»,- ասում է 20-րդ դարի Սուրբ Էջմիածնի միաբանության նշանավոր դեմքերից լուսահոգի Կարապետ եպս. տեր Մկրտչյանը և շարունակում. «Եթե ավետարանների մեջ շատ տեղերում արքայությունը ներկայացվել է իբրև մի բարիք, մի գանձ, որը պետք է աշխատենք ձեռք բերել, այդ նրա համար է, որ նույնիսկ Աստծու հովանավորության տակ գտնվելը, Նրա կամքի համաձայն շարժվելը նկատվում է իբրև բարձրագույն բարիք» (Կարապետ եպս. տեր Մկրտչյան, «Քրիստոնեության իսկությունը»):
Հիսուս սակայն բացատրում է, որ Երկնքի արքայությունը միանգամից չի կարող տեղի ունենալ, դրա համար ժամանակ է պետք: Ինչպես մանանեխի հատիկի ամբողջ բույսը պարունակում է իր սկզբնական վիճակում, այդպես էլ քրիստոնյան, որը մանանեխի հատիկի չափ հավատ ունի, Աստծու արքայությունը ժառանգելու ու ստանալու երազն ունի իր սրտում: Եվ նա կարող է դա ստանալ, եթե արժանի է, անշուշտ, միայն այն ժամանակ, երբ մարմինը մեռնի և մնա Աստծու սիրով ստեղծված նրա անմահ հոգին:
Հասկանալի է, որ ապրելով այս երկրային կյանքում` բոլորս էլ մտածում ենք ինչ-որ ձևով ապահովել մեր ընտանիքների նյութականը, որպեսզի քիչ թե շատ լավ ապրելակերպ ունենանք: Իբրև կյանքի վաճառականների` մեր բոլորիս առջև միշտ էլ դրվում են թանկարժեք ու արժեքավոր մարգարիտներ, և մենք մտածում ենք դրանք վաճառելով ավելի օգուտ ունենալու մասին, որպեսզի մեր ընտանիքների ապագա երջանկությունն ապահովենք, այսինքն` ավելի պարզ ասած, հանգիստ քնենք ու դրամական մտահոգություն չունենանք:
Բայց հարց է ծագում, արդյոք ա՞յդ է իրական մարգարիտը, որը երկար ժամանակ փնտրում ենք: Քրիստոնյա մարդու պատասխանը պիտի լիներ. «Անշուշտ, ո՛չ»: Ինչո՞ւ: Ինչպես վաճառականի պարագայում ասացինք, նա ամեն ինչ արեց, որպեսզի այդ թանկագին մարգարիտը գնի, այսինքն` կարողացավ հավաքել անհրաժեշտ դրամը, նույնը համոզված ենք, պիտի աներ մեզնից ամեն մեկը, եթե դրա անհրաժեշտությունը զգացվեր: Պատկերացրեք, եթե մենք նույնպիսի հավատով, եռանդով ու աշխատասիրությամբ մեր ունեցած հարստությունը տրամադրենք` գտնելու Իրական Մարգարիտը` Ճշմարտության Բանալին, որ է մեր Փրկիչը` Հիսուս Քրիստոս, ապա, վստահ եղեք, անպայման պիտի ժառանգենք Երկնային թագա-վորությունը: Ո՛չ մի գանձ, հարստություն և ժամանակավոր երջանկություն չեն կարող փոխարինել հավիտենական այն ուրախությանը, որը Փրկիչն Ինքն է մեզ տալիս Իր թագավորական իշխանությամբ, Իր հույսով ու մանավանդ, մեր նկատմամբ ունեցած Իր անհուն սիրով:
ՈՒրեմն, լավ պիտի հասկանանք ու գիտակցենք, որ այս երկրային կյանքի թանկարժեք մարգարիտներն աղոթքի և հավատի միջոցով մեր կատարած բարի ու արդար գործերն են, որոնցով միայն պիտի կարողանանք Քրիստոսին ունենալ մեր մեջ: Քրիստոսին ունենալ մեր մեջ նշանակում է, ինչպես Ինքն է ասում. «Խաչն առնել ու գնալ Նրա հետևից», այսինքն` խնամել հիվանդին, մխիթարել սգավորին, բարձրացնել ընկածին, մի խոսքով` նմանվել Աշխարհի Լույսին, մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին: Ամեն:


Տ. Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2854

Մեկնաբանություններ