Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայկ Կազազյանի ջերմ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ

Հայկ Կազազյանի ջերմ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ
18.10.2013 | 15:22

Երեկ 17 տարի ընդմիջումից հետո հայկական բեմում հանդես եկավ մոսկվայաբնակ հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը։ «Վերջին անգամ ես հայրենիքում նվագել եմ, երբ 14 տարեկան էի։ Իհարկե, շատ հուզիչ զգացումներ եղան բեմի վրա։ Կարծում եմ՝ սա կլինի իմ հայաստանյան համերգների մեկնարկը, և հուսով եմ, որ շատ շուտով հնարավորություն կունենամ նվագել այստեղ։ Հանդիսատեսի ընդունելությունը շատ ջերմ է։ Ես դա զգացի բեմ դուրս գալուն պես։ Հանդիսատեսի էներգետիկան միշտ զգացվում է, նվագելիս այդ էներգիան փոխանցվում է, փոխանակվում և էլ ավելի հզորանում»,- ասում է Հայկը։

Նա նշում է, որ իրեն գալիս են ունկնդրելու և՛ երիտասարդները, և՛ տարիքով մարդիկ։ Հայկ Կազազյանը նկատում է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում դասական երաժշտության համերգին մեծահասակներն են այցելում. «Լավ կլիներ, որ նոր սերունդը հետաքրքրվեր ոչ միայն գիշերային ակումբներով, ժամանակակից փոփ երաժշտությամբ, այլև դասական արվեստով։ Դասական երաժշտությունը խնջույքների, զվարճանքի համար չէ, այն մտածելու, խորհելու առիթ է տալիս։ Այնպես որ՝ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ վաղ տարիքից լսեն ու զգան այն»։

Հայ հանդիսատեսն իրոք շատ ջերմ ընդունեց Հայկի կատարումը՝ Յան Սիբելիուսի ջութակի կոնցերտը, որից հետո նաև ունկնդրին նվիրեց «Կռունկի» հանպատրաստից կատարումը։

Նշենք, որ Հայկ Կազազյանը 2008-ից Մոսկվայի կոնսերվատորիայում ջութակի դասախոս է: Ելույթներ է ունեցել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Շոտլանդիայի ազգային թագավորական նվագախումբը, Ֆրանսիայի ազգային նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Յու.Սիմոնովի ղեկավարությամբ, Մոսկվայի Ե. Սվետլանովի անվան սիմֆոնիկ նվագախումբը, Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Դուբլինի ազգային նվագախումբը, Պոզնանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կատովիցեի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Մյունխենի կամերային նվագախումբը, Մոսկվայի կամերային նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի, Կազանի, Սամարայի սիմֆոնիկ նվագախմբերը և այլն:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ