Յուրաքանչյուր քաղաք ունի իր դեմքը, ճարտարապետական ոճը, բարքերը, ավանդույթները, ունի իր զարգացման հեռանկարները։ Շատ մասնագետների այսօր առավելապես անհանգստացնում է քաղաքի դիմագծի օր օրի անհետացումը։
Ո՞րն է Երևանի դիմագիծը։ Այս հարցով դիմեցինք «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։
Մարիամ Խաչատրյանը նշում է, որ այդ հարցին ամենահստակ պատասխանը կտան Երևան այցելող զբոսաշրջիկները։ «Այսօրվա զբոսաշրջիկի դիտարկմամբ՝ Երևանը գյուղատիպ քաղաք է։ Գուցե և այսօր դա է աչքի ընկնում, բայց Երևանը, ինչպես և շատ այլ քաղաքներ, մի խնդիր էլ ունի. դիմագիծն առաջին հայացքից չի երևում։ Սովորական մարդը կամ Հայաստանի միջին մակարդակի մասնագետը կդժվարանա ասել, թե որն է Երևանի դիմագիծը, և ինչը կարելի է պահպանել ու զարգացնել, որը և կընդգծի Երևանի դիմագիծը և կանդրադառնա այն արտահայտիչ դարձնելու վրա։ Իհարկե, տարբեր շենքեր, ճարտարապետական անսամբլներ կարող են ընդգծել քաղաքի դիմագիծը, ու դա թեև Երևանում առկա է, սակայն դրանք միայն նմուշներ են։ Մինչդեռ քաղաքի դիմագիծ ասվածն ավելի գլոբալ հասկացություն է»։
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ Երևանի դիմագիծը ստեղծել են Ալեքսանդր Թամանյանը և նրա հետնորդները, այդ դիմագիծը ստեղծվեց նաև խորհրդային մոդելների և նորմերի կիրառումով, որոնք լայն տարածում ստացան 1956 թվականից։ «Երևանի դիմագծերից են լանդշաֆտի ներդաշնակ օգտագործումը քաղաքի կառուցապատման մեջ, ինչը Երևանին հաղորդեց յուրօրինակ քաղաքային պեյզաժ, ինչպես նաև ստեղծվեց քաղաք քաղաքի մեջ։ Երևանի այժմյան կենտրոնի հատակագիծը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին, որտեղ կիրառվել են այդ ժամանակի սկզբունքները և նորագույն նորմերը, որոնք հաղորդեցին նոր դիմագիծ, ինչը չէին կարող կիրառել շատ ու շատ եվրոպական քաղաքներում։ Երևանի կենտրոնը 20-րդ դարասկզբի մի չքնաղ քաղաք է, որի մասին կերազեին անգամ Արևմուտքի շատ քաղաքներ։ Եվ այդ փաստն է, որ զարմացնում է շատ եվրոպացի կրթված զբոսաշրջիկների, ովքեր հեռավոր Հայաստանում կարողանում են գտնել այդպիսի մի քաղաք։ Եվ այսօր այդ քաղաքն է, որ պետք է պահպանվի ու արժեքավորվի, այլ ոչ թե ավերվի Նարեկ Սարգսյանի սխալ քաղաքաշինությամբ և աղճատված քաղաքային ճարտարապետությամբ ու նոր դիմագիծ ստեղծելու մոլուցքով կառուցվող շենքերով։ Բայց ամենևին պետք չէ այն պահպանել որպես «արգելանոց», մեր հասարակությունը դրան պատրաստ չէ, և ամեն մի գործողություն այդ ուղղությամբ կբերի անհաջողության։ Կան Թամանյանի հատակագծի հիմքում ընկած սկզբունքներ, որոնց կիրառումը նույնիսկ այսօրվա քաղաքաշինական քաոսի պայմաններում կնպաստի քաղաքի պահպանմանը, կգեղեցկացնի այն առանց մեծ ներդրումների և մասնագիտական ճիգերի՝ միևնույն ժամանակ աջակցելով Երևանի այդ հատվածի 21-րդ դարին համապատասխան արդիականացմանը»,- ասում է Մարիամ Խաչատրյանը։ Ինչ վերաբերում է Երևան քաղաքին արվարձաններից հաղորդած դիմագծին, ապա, ըստ մասնագետի, հակառակ քաղաքի կենտրոնական մասի, դրանք զուտ խորհրդային են և շատ չեն տարբերվում սովետական մյուս քաղաքներից։ Տարբեր է միայն Երրորդ մասը, որը ստեղծվել է 1920-50-ական թվականներին, և մեծ հետաքրքրություն է առաջացնում տարբեր (զարգացած, զարգացող և այլ) երկրների մասնագիտական միջավայրում իր յուրօրինակ կառուցվածքով ու լուծումներով և արժանի է առանձնակի արժեքավորման ու պահպանման։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ