Այսօր «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Ամանորին սպասվող թանկացումներից, և ներկայացրեց ամանորյա տոնական սեղանի հաշվարկը: Ըստ Պիպոյանի հաշվարկի, ամանորյա «ծախսերի տակից» պատվով դուրս գալու համար յուրաքանչյուր հայ ընտանիք առնվազն պետք է 150-200 հազար դրամի առևտուր անի: Դա միայն 30 հյուր ընդունելու համար: «Սա պատվով սեղան ունենալու գինն է, և մենք վերցրել ենք ապրանքների միջին գները: Իհարկե, եթե մարդը որոշի ձկնկիթ դնել սեղանին, ձկնեղենի տեսականի, ապա այդ գումարը չի հերիքի, բայց կարելի է նաև 2 մլն դրամից ավելի ծախս անել»,- նկատեց նա` հավելելով, որ ինքը ծախսելու է 220 հազար դրամ, քանի որ սիրում է էկզոտիկ խմիչքներ գնել։
Ինչ վերաբերում է Ամանորից առաջ մթերքի թանկացմանը, բանախոսը վստահեցրեց, որ թանկացումներ չեն լինի` բացառությամբ միրգ-բանջարեղենի։ «Ամանորից առաջ միսը չի թանկացել ու չի թանկանա, ընդեղենի գները կայուն են և չեն փոփոխվի: Թանկացում է սպասվում միրգ-բանջարեղենի շուկայում: Ալկոհոլային խմիչքները, հակառակը, զեղչային գներ կունենան»,- ասաց նա` նշելով, որ թանկացում կլինի հատկապես փաթեթավորված նվերների տեսքով ապրանքների, քաղցրավենիքի մեջ: Մի կողմից էլ բանախոսը նկատեց, որ եթե Ամանորին մսամթերքը չթանկանա, չպետք է շատ ուրախանալ, որովհետև «եթե այսօր դա դրական է, ապա հետագայում հնարավոր է բացասական երևույթների հանգեցնի»: Բ. Պիպոյանի մեկնաբանմամբ, գյուղացին մորթում է կենդանիներին, որովհետև այլևս չի կարողանում պահել, և այս տեմպով շարունակելու դեպքում առաջանալու է դեֆիցիտ, ինչն էլ հետագայում բերելու է գնաճի: Անդրադառնալով հագուստի շուկային, բանախոսն ասաց, որ եթե մեծահասակների հագուստների գներում թանկացումներ չեն նկատվում, ապա մանկական հագուստների ակցիաները խաբկանքի էֆեկտ են կրում: Նրա խոսքով, խաբկանք է նաև տեխնիկայի խանութներում հայտարարված ամանորյա որոշ ակցիաները, որոնք շատ դեպքերում իրականությանը չեն համապատասխանում: Վերջինս խորհուրդ տվեց չգնել «կեղծ էֆեկտ» առաջացնող փաթեթավորված նվերները, որովհետև դրանց մեջ հիմնականում էժան խաղալիք կամ քաղցրավենիք է լինում, այլ անձամբ գնել և փաթեթավորել: Իսկ ընդհանրապես, խաբեության զոհ չդառնալու համար, նա խորհուրդ տվեց շուկան ուսումնասիրել և նոր գնումներ կատարել:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ