Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա ՀԱԿՈԲՅԱՆԸ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ ցուրտ եղանակներին համեմատաբար ավելի շատ է արձանագրվում սեռական խանգարումների աճ` պայմանավորված խրոնիկական բորբոքային հիվանդություններով, ինչը հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր ադապտացիոն մեխանիզմների ընկճման: Ցուրտ եղանակներին սահմանափակվում է նաև մարդու ակտիվ գործունեությունը, որը ևս կարող է սեռական խանգարումների բերել։ Այդ իսկ պատճառով պետք է ընդհանուր սննդակարգը կարգավորել, քանի որ պասիվ կյանքը կարող է հանգեցնել ավելորդ քաշի կուտակման:
Սեքսապոթոլոգի խոսքով, այդ սեռական խնդիրները հաղթահարելու համար ոչ միայն կարևոր են դրական էմոցիաները, լավ տրամադրությունը, այլև բարձր տրամադրվածությունը: Օրգանիզմի կարգավորման մեխանիզմները ենթարկվում են նաև կենսառիթմերին, որոնք կարգավորում են օրգանիզմի հորմոնալ պրոցեսները: Ոչ պակաս կարևոր է նաև ճիշտ սննդակարգը: «Պետք է սննդակարգի կալորիականությունը իջեցնել և առավել շատ օգտագործել բանջարեղենային ուտեստներ և մրգեր, ինչպես նաև խորհուրդ է տրվում օգտագործել ծովային ձկներ, որովհետև այն պարունակում է առավել շատ չհագեցած ճարպաթթուներ, որը նպաստում է այդ ժամանակահատվածում արական սեռական հորմոնների իջեցված սինթեզի խթանմանը»,- խորհուրդ տվեց բժիշկը` հավելելով, որ ընդհանուր առմամբ կանայք և աղջիկներն առավել զգայուն են. «Հոգեբանական և էմոցիոնալ մթնոլորտն ավելի է արտահայտված նրանց մոտ, եղանակային սուր փոփոխություններն ավելի շատ են անդրադառնում հենց նրանց վրա»,-ասաց նա
Թե ինչպիսին է ալկոհոլի ազդեցությունը սեռական խնդիրներ ունեցող մարդու վրա, Ս. Հակոբյանը պատասխանեց. «Պատկերացրեք, ալկոհոլի քիչ քանակությունը նույնիսկ դրական ազդեցություն կարող է ունենալ: Մարդու սեռական գործունեությունը վերահսկվում և արգելակվում է գլխուղեղի ճակատային բլթերի կողմից: Ալկոհոլը հանում է որոշակի լարվածությունը և բերում է բնազդային գործունեության ակտիվացման»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ