Ժնևում Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ կառավարության առաջարկը: Վերջիններս նշել են, որ բանակցություններում դա շատ կարևոր կետ է, որի լուծումը երկու կողմի համար էլ անհրաժեշտ է: Սիրիայի ընդդիմադիր ուժերը մերժել են այն` համարելով միակողմանի: Նրանք հայտարարել են, որ երկու կողմերը ոչնչի չեն հասնի, քանի դեռ չի կազմավորվել անցումային կառավորությունը: Իսկ կառավարությունն իր առաջարկը չընդունելու ընդդիմության որոշումը համարում է մեծագույն սխալ, ինչը նշանակում է դեմ գնալ կամ չճանաչել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը. «Մենք այսօր առաջարկեցինք ընդդիմության պատվիրակությանը միավորվել Սիրիայում ընթացող ահաբեկչության դեմ պայքարում: Այն հիմնված է Միավորված Ազգերի կազմակերպության որոշումների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա: Այն, որ ընդդիմությունը հրաժարվեց ընդունել այն, կարելի է դիտել առաջին հերթին որպես ընդդիմադիր քայլ, որը մերժում է այդ բանաձևը, երկրորդ` որ նրանց համար միևնույն է, թե ինչ է իրականում տեղի ունենում Սիրիայում»,- ասել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաբանը:
Համաձայն ներկայացված նախագծի, Սիրիայի տարածքում անհրաժեշտ էր դադարեցնել ահաբեկիչներին աջակցելու, զինելու, ֆինանսավորելու գործընթացը: Բանաձևի ընդունելու նպատակը Սիրիայի բոլոր շրջաններում անվտանգություն, խաղաղություն և կայունություն հաստատելն է: Մինչդեռ այդ փաստաթղթի մերժումը շարունակական է դարձնելու երկրում տիրող իրավիճակը:
Ի դեպ, Սիրիան հարևան երկրներին նույնպես կոչ է արել աչալուրջ լինել և կանխել ահաբեկիչների մուտքը Սիրիայի տարածք:
ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր տեղական ժամանակով 16.00–16.30-ին տեղի կունենա «Ժնև-2» եզրափակիչ համաժողովը. «Այսօր կավարտվի «Ժնև-2» բանակցությունների առաջին փուլը: Կունենաք վերջնական զեկույց. ինչպիսին կլինի այն` առայժմ չեմ կարող ասել»,-ասել է Բրահիմին:
Հիշեցնենք, հունվարի 22-ին, Շվեյցարիայում սկսվեց «Ժնև-2» խաղաղության համագումարը, որն ուղղված է Սիրիայում հակամարտության կարգավորմանը: Սիրիական կոնֆլիկտը լուծելու նպատակով կլոր սեղանի շուրջ հավաքված իշխանական և ընդդիմադիր պատվիրակությունը դեռևս չի ցանկանում խաղաղ ճանապարհով փոխզիջումների գնալ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ