ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումից հետո, երբ կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրարկումը, ստեղծվել է անհասկանալի իրավիճակ: Շատ ընկերություններում չգիտեն ինչպես վարել հաշվապահությունը, աշխատավարձերից պահե՞լ, թե՞ չպահել պարտադիր կենսաթոշակային գումարները: Շատ աշխատողներ էլ պնդում են, որ գործատուները ստիպում են ընտրել ֆոնդեր: Թեև օրենքի որոշ կետերի կիրարկումը կասեցված է, սակայն աշխատավարձից պահումներ իրականացվում են:
Պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք սոցիալական ապահովության պետական ծառայության 114 թեժ գծին: Օպերատորը պարզաբանեց, որ աշխատողն այս պահի դրությամբ կարող է ընտրել և՛ ֆոնդ, և՛ կառավարիչ, թեև ՍԴ որոշմամբ կասեցվել է ընտրություն չկատարած աշխատողի փոխարեն համակարգի կողմից մեխանիկորեն ֆոնդի կամ ֆոնդի կառավարչի ընտրությունը:
Նշանակո՞ւմ է արդյոք, որ գործատուն աշխատավարձից պահումներ չի կատարելու: Օպերատորը նշեց, որ գործատուն կարող է հաշվարկել տոկոսները, սակայն չփոխանցել: Իսկ չփոխանցելու դեպքում կենթարկվի՞ տույժ-տուգանքների` մեր զրուցակիցը հստակ չկարողացավ պատասխանել: Նա նաև տեղեկացրեց, որ կենտրոնական գանձապետարանում բացված կամուրջ հաշվին են փոխանցվում պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները, իսկ պետական եկամուտների կոմիտեն ստուգում է` ճի՞շտ են կատարված փոխանցումները, թե՞ ոչ, այնուհետև ուղարկում կենտրոնական դեպոզիտարիա, որտեղ բացված են աշխատողների անհատական կենսաթոշակային հաշիվները, և որտեղ էլ կուտակվում են գումարները: Մինչև Սահմանադրական դատարանի որոշումը եթե փոխանցում կատարվի, գումարը կգնա կամուրջ հաշվին ու կմնա այնտեղ: Իսկ եթե «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կետերը կամ օրենքը ՍԴ-ի կողմից ճանաչվեն հակասահմանադրական, գումարները կվերադարձվեն կազմակերպություններին:
Որոշ գործատուներ էլ տեղեկացնում են, որ իրենք ստիպված են համապատասխան պահումներ անել, քանի որ պետական եկամուտների կոմիտեն ստիպում է կատարել պարտադիր կուտակային վճարումները:
«Դ!եմ եմ» նախաձեռնությունն էլ տեղեկացրել է, որ մինչև մարտի 28-ը` Սահմանադրական դատարանի կողմից դիմումը քննելու օրը, լինելու են հստակ գործողություններ, հատկապես ակտիվ այցեր դեպի մարզեր: Մասնավորապես, փետրվարի 8-ին Վանաձորում տեղի կունենա հերթական բողոքի ակցիան` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ