Հասարակական կազմակերպությունները Հայաստանի երիտասարդական հիմնադրամ կարող են ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի մասնակցության հայտեր։ Այս տարի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, հայտարարել է դրամաշնորհային մրցույթ 19 անվանակարգում, որից 7-ը վերաբերում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, 2-ը՝ մերօրյա հերոսների կերպարի ներկայացմանն ու նրանց օրինակով սերունդների դաստիարակմանը նվիրված ծրագրերին։ Անվանակարգերում տեղ է հատկացված նաև սելեկտիվ աբորտների դեմ պայքարին, հակածխախոտային միջոցառումներին, գյուղական համայնքների խնդիրների լուծմանը։
Ի՞նչ սկզբունքով են ընտրվում դրամաշնորհային մրցույթի անվանակարգերը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ հակածխախոտային, վերարտադրողական առողջությանը, առողջ ապրելակերպին ուղղված արդեն ավանդական անվանակարգերին 2013 թվականից գումարվել են նաև մարզաբանակ երիտասարդությանը հասցեագրված ծրագրերը։ Ըստ Ավագյանի՝ մարզերում աշխատանքի մեծ ասպարեզ, անհրաժեշտություն ու պահանջ կա։ Հիմնադրամի համակարգողն առանձնացրեց 1915թ. նախաշեմին Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով գործում է պետական հանձնաժողով, և դրամաշնորհի մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունների սեմինարները, քննարկումները, գիտական և տարաբնույթ այլ միջոցառումները կգումարվեն բոլոր այն ծրագրերին, որ իրականացվում են հանձնաժողովի կողմից։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերը դրամաշնորհային մրցույթի անվանակարգերում տեղ կգտնեն ոչ միայն մեծ ողբերգության 100-րդ տարելիցին ընդառաջ, այլև հետագայում նույնպես, քանի որ դրա անհրաժեշտությունը զգացվում է։
«Առանձնահատուկ ուշադրության են արժանի մատաղ սերնդի դաստիարակության գործում հայ զինվորի կերպարի ու Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսների արժևորմանը միտված ծրագրերը։ Որոշակի փոփոխություններ են նկատվում պատանիների, երիտասարդների արժեհամակարգերի մեջ։ Վերջին օրերին Արմեն Հովհաննիսյանի հերոսական սխրանքը եկավ ապացուցելու, որ այսօր էլ կան հերոսներ, նրանք մեր կողքին են, և մենք պետք է նրանց կերպարը դարձնենք հասանելի, վարակիչ երեխաների ու երիտասարդների համար»,- նշեց Կարեն Ավագյանը։
Մեր զրուցակիցն ընդգծեց նաև պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը. «Սելեկտիվ աբորտների հարցը բավականին լուրջ ժողովրդագրական, անվտանգության խնդիր է Հայաստանի համար։ Մեր նպատակն է, որ խնդիրը հնչեղություն ստանա, և հասարակական կազմակերպությունները հանրության շրջանում իրենց ծրագրերով կարողանան կանխել այն»։
Կարեն Ավագյանը նշում է, որ արվում է ամեն ինչ՝ հնարավորինս շատ կազմակերպությունների տեղեկացնելու նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի մրցույթի մասին։ Որքան շատ կազմակերպություններ դիմեն, այնքան որակյալ ծրագրերի ընտրության հնարավորությունը կմեծանա։ Բացի այդ, երիտասարդական հիմնադրամի համակարգողը նկատեց, որ ծրագրերի համար հատկացվող առավելագույն գումարը 5 միլիոն դրամն է։ Այս գումարը սահմանվել է, որպեսզի մեծ թվով ՀԿ-ներ կարողանան ներգրավվել գործընթացում։ Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհների համար տարեկան հատկացվում է 200 միլիոն դրամ, և առավելագույն 5 միլիոն դրամ շեմ սահմանելու դեպքում տարեկան նվազագույնը մի քանի տասնյակ ՀԿ հնարավորություն է ստանում ծրագրեր իրականացնելու։ Նախորդ տարեվերջին, երբ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, հայտարարեց դրամաշնորհի մրցույթ, դիմել էր 19 ՀԿ։ Կարեն Ավագյանը հույս է հայտնում, որ այս տարի դիմող կազմակերպությունների թիվը կկրկնապատկվի ու կեռապատկվի, քանի որ ՀԿ-ների հետ կարճ ժամանակահատվածում համագործակցության արդյունքում կարողացել են գրավել նրանց վստահությունը։
Անդրադառնալով նախորդ տարի իրականացված ծրագրերին՝ պարոն Ավագյանը նշեց, որ դրանք մշտապես եղել են հիմնադրամի աշխատակիցների մոնիտորինգի ներքո։ Մոնիտորինգի խումբը հետևել է ծրագրերի ընթացքին, և մեկ հասարակական կազմակերպությունից հատկացված գումարը հետ է գանձվել՝ աշխատանքները ոչ պատճաշ իրականացնելու համար։
Հասարակական կազմակերպություններին տեղեկացնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 4-ը՝ ժամը 12.00-ն է։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ