«Դեռ չծնված՝ Մաքսային միությունն օրորոցում խեղդվում է: Մաքսային միության անդամ Ղազախստանում թենգեն՝ ղազախական դրամը, խոր դևալվացիա է ապրում ռուսական ռուբլուն զուգահեռ»։ Նման տեսակետներ են հայտնում լրատվամիջոցները։ Հարցի պարզաբանման համար դիմեցինք վերլուծաբան, քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ։
-Պարոն Հակոբյան, վերջին շրջանում և՜ Ռուսաստանում, և՜ Ղազախստանում ազգային արժույթներն արժեզրկվում են։ Որոշ վերլուծաբաններ այդ արժեզրկումները կապում են նաև Մաքսային միության հետ՝ կանխատեսելով տնտեսական այդ կառույցի տապալումը։
-Բնական եմ համարում, որ քաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից և շահերից ելնելով՝ տարբեր քաղաքական ուժեր, խմբեր կամ վերլուծաբաններ, ցանկացած գործընթաց յուրովի են մեկնաբանում։ Եթե հիշում եք, ժամանակին Հայաստանի կողմից Եվրամիության ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հակառակորդները Հունաստանում, Կիպրոսում և Եվրամիության մի շարք այլ երկրներում տիրող ճգնաժամային երևույթները որպես հակափաստարկ էին բերում։ Հիմա նույնն անում են Մաքսային միությանն անդամակցելու ընդդիմադիրները։ Եվ սա վերաբերում է ոչ միայն տնտեսական հարցերին։ Ասվածի վկայությունն է նաև, օրինակ, Սոչիի օլիմպիադայի շուրջ ծավալված մտքերի փոխանակումը մամուլում և սոցցանցերում։ Չցանկանալով շատ խորանալ բուն տնտեսական խնդիրների մեջ՝ միայն հիշատակեմ լուրջ տնտեսագետների կանխատեսումները, որոնք չէին բացառում, որ, մասնավորապես, ամերիկյան դոլարի ամրապնդման պայմաններում զարգացող երկրների սեփական արժույթները որոշակիորեն կարժեզրկվեն։ Կարծես թե այդ կանխատեսումների իրականացման ականատեսն ենք այսօր։ Եվ ոչ միայն Ձեր կողմից նշված երկրների դեպքում։ Ուկրաինայում նույնպես բավականին անկայուն իրավիճակ է. երկիրը դեֆոլտի առջև է կանգնած և ՌԴ կողմից հատկացված վարկի շնորհիվ է, որ քիչ թե շատ կայունացել է, սակայն, այնուամենայնիվ, բավականին լուրջ վիճակ է ստեղծվել գրիվնայի հետ կապված, և մարդիկ նույնիսկ շտապում են բանկերից իրենց գումարները փրկել։
-Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանում կարձանագրվեն սպառողական ապրանքների կտրուկ թանկացումներ։
-Կարծում եմ՝ նման խոսակցություններն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունեն։ Ոչ ոք հիմա ճշգրիտ չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի։ Որպեսզի այդ ամենը հստակ ուրվագծվի, Հայաստանը երկար ճանապարհ պետք է անցնի՝ Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզի հետ կապված։ Ճանապարհային քարտեզում բավականին շատ կետեր կան, որոնք առնչվում են Մաքսային միության մյուս երկրների տնտեսական դաշտի սինխրոնիզացիային։ Ոմանք, իրենց քաղաքական նախասիրություններից ելնելով, ասում են՝ ապրանքները կթանկանան, ոմանք էլ՝ կէժանանան։ Եթե Մաքսային միության անդամների միջև մաքսատուրքը և այլ վճարները վերանում են, տրամաբանական է, որ այդ երկրների ապրանքները հայաստանյան շուկա կմտնեն ավելի էժան։ Որքան ես հասկանում եմ, այդ գործընթացը մեկնարկել է, և վերջերս ՀՀ-ում ՌԴ դեսպանը նույնիսկ նկատեց, որ ճանապահային քարտեզի հետ կապված աշխատանքների տեմպերն այնքան բարձր են, որ իրենք չէին սպասում։
-Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացներում որոշակի դադար չե՞ք նկատում։
-Որոշակի աշխարհաքաղաքական նախագծեր, տարածաշրջանային գործընթացներ կարծես թե փոքր-ինչ սառեցված վիճակում են, ոչ մի կտրուկ քայլ չի արվում։ Այն տպավորությունն է, որ քանի որ Ռուսաստանն օլիմպիադայի հետ պայմանավորված իր ակտիվությունը սառեցրել է, այս ժամանակաշրջանի համար որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել գերտերությունների հետ, ապա պետք է սպասել, որ քաղաքական այդ գործընթացները կապասառեցվեն օլիմպիադայից հետո։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ