Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ զրույցը ՈՒկրաինայում և Ղրիմում ընթացող զարգացումների շուրջ է:
-Պարոն Ալեքսանյան, ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում ՈՒկրաինայում և Ղրիմում, զուտ ՈՒկրաինայի և Ղրիմի խնդիրը չէ: Ի՞նչ հարց են ուզում լուծել Արևմուտքը և Ռուսաստանը:
-ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նոր աշխարհաքաղաքական իրավիճակն ու գլոբալ կառավարման համակարգն արմատապես փոխակերպվեցին, ինչի հետևանքով ակնհայտ դարձավ ԱՄՆ-ի գերակա կարգավիճակը գլոբալ քաղաքական որոշումների ընդունման համակարգում: Հետագայում Եվրամիության հիմնադրումն ու ինստիտուցիոնալ կայացումը նոր մակարդակի վրա բարձրացրին արևմտաեվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ու գերակայության ընթացակարգերը: Եվրամիությունը դարձավ ոչ միայն Արևմտյան Եվրոպայի, այլև հետկոմունիստական Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկրների ինտեգրման առանցքային կենտրոն` առավել արդյունավետ դարձնելով տարածաշրջանային ազգ-պետությունների ինտեգրման գործընթացները:
Ժամանակակից աշխարհը տեղեկատվական-հաղորդակցության տեխնոլոգիաների աննախադեպ առաջընթացի պայմաններում դարձել է բազմակողմանիորեն փոխկապակցված ու փոփոխվող: Ներպետական գործընթացները ձեռք են բերել վերպետական ու համաշխարհային նշանակություն: Այս համատեքստում ՈՒկրաինայի արևմտյան ու արևելյան շրջաններում և Ղրիմում ընթացող գործընթացներն ունեն գլոբալ նշանակություն` դառնալով աշխարհաքաղաքական որոշումների ընդունման օրակարգային հիմնահարցերից մեկը: 1990-ական թվականներից, երբ հետխորհրդային տարածաշրջանում տեղի էին ունենում անկախացման և ազգային պետականության կայացման գործընթացներ, արևմտաեվրոպական երկրներն ու եվրատլանտյան հաստատություններն արդեն ունեին մշակված ռազմավարական ընթացակարգեր տարածաշրջանային երկրների հետ համագործակցության ու ինտեգրման համար, մինչդեռ նախկին ԽՍՀՄ պետությունների միջև հարաբերությունները բախումնածին էին, և այսօր էլ մենք ականատես ենք կուտակված քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային հիմնահարցերի տարատեսակ դրսևորումների: Ռուսաստանի Դաշնությունը, ի տարբերություն արևմտաեվրոպական երկրների, հայտնվեց ներազգային և միջազգային գործընթացների ազդեցության տակ: Գործազրկությունը, աղքատությունը, սոցիալական բևեռացումը, արժեզրկումը, ազգամիջյան բախումները, հակամարտությունները և ահաբեկչությունները նոր մարտահրավեր առաջացրին ոչ միայն ներպետական քաղաքական կայունության պահպանման, այլև միջպետական հարաբերությունների կարգավորման մակարդակներում: Դեռևս 1999 թ. դեկտեմբերի 30-ին Վ. Պուտինը, լինելով ՌԴ կառավարության ղեկավար, իր հայտնի ծրագրային հոդվածում («Ռուսաստանը հազարամյակների սահմանագծին»), դիտարկելով առաջիկա մարտահրավերները, նշում էր, որ Ռուսաստանը վերջին 200-300 տարիների ընթացքում թերևս առաջին անգամ կանգնած է իրական վտանգի առջև` հայտնվելու աշխարհի պետությունների երկրորդ կամ էլ գուցե երրորդ շարքում: Իրականում հենց Պուտինի նախագահության առաջին տարիները դարձան բեկումնային ՌԴ ժամանակակից պատմության ընթացքում: 2000 թվականից մինչ օրս Ռուսաստանն ակտիվորեն պայքարում է աշխարհաքաղաքական կարգավիճակի վերականգնման և գլոբալ քաղաքական համակարգի բազմաբևեռության համար:
Արևմտաեվրոպական երկրների համար ՈՒկրաինան եվրոպական ինտեգրման առանցքային նշանակություն ունեցող երկիր է, որն ունի սոցիալ-տնտեսական զարգացման չիրականացված զգալի ներուժ: ՈՒկրաինայի հետ Եվրամիության գործընկերային հարաբերությունները հետևողականորեն կշարունակվեն` ստանալով ինստիտուցիոնալ ուղղվածություն, մինչդեռ Ռուսաստանի համար ՈՒկրաինան հակասություններով ու անհամաձայնություններով լի երկիր է: Չնայած սոցիալ-պատմական և հոգևոր-մշակութային ընդհանրություններին, այնուամենայնիվ, միջպետական հարաբերություններում գերակայող են տնտեսական գործոնները, որոնք էլ դառնում են բախումնածին` արգելափակելով բնականոն հարաբերությունների պահպանումը: Ռուսաստանի համար ՈՒկրաինան կարևորվեց այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ ՈՒկրաինայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացումը: Ընդ որում, հետաքրքրականն այն էր, որ եվրաինտեգրման ընթացակարգերն արևելյան գործընկերության երկրների հետ հրապարակային էին ու նախապես հայտարարված, իսկ ակնկալվող արդյունքներն ու արևելյան գործընկերության երկրների քայլերի հաջորդականությունը` փոխհամաձայնեցված: Ռուսաստանի նախաձեռնությունները, Մաքսային միության և Եվրասիական ինտեգրման ընթացակարգերի հետ կապված, շրջադարձային են ու անվտանգային արևելյան գործընկերության երկրների համար:
Ռուսաստանի համար տեղի ունեցած վերջին իրադարձությունները բարձրացրին ՈՒկրաինայի տարածաշրջանային դերը (բացի ռուսական էներգակիրների տարանցիկ երկիր լինելուց)` առանձնահատուկ նշանակություն տալով Ղրիմի, Սևաստոպոլի և «Ռուսական աշխարհի» դերակատարությանը, ինչի համար էլ Ռուսաստանը պայքարել է, պայքարեց և կպայքարի հետագայում էլ: Ի դեպ, դեռևս 1992 թվականի մայիսի 21-ին ՌԴ ԳԽ-ն իրավական գնահատական է տվել 1954 թվականին Ղրիմի կարգավիճակի փոփոխմանն ու տեղափոխմանը` այն համարելով հակասահմանադրական, միաժամանակ առաջարկելով առկա բոլոր հիմնախնդիրները կարգավորել ՌԴ, ՈՒկրաինայի և Ղրիմի միջև բանակցությունների միջոցով: Ռուսաստանի դիրքորոշումը Սևաստոպոլի հետ կապված ամրագրվել է դեռևս 1993 թվականի հուլիսի 9-ին ընդունված «Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի մասին» որոշման մեջ:
-Ձեր կարծիքով` Մայդանն ՈՒկրաինայի ժողովրդի պայքա՞րն էր, թե՞ համաշխարհային բևեռների խաղարկած սցենարը:
-Այս հարցի վերաբերյալ առկա են բազմաթիվ մեկնաբանություններ, սակայն մեկ բան ակնհայտ է, որ Մայդանը հերթական անգամ ցույց տվեց ուկրաինական հասարակության և պետականության կայացման թերություններն ու հակասականությունը, որը «նարնջագույն հեղափոխությունից» հետո երկրորդ անգամ քաղաքական էլիտայի արմատական վերափոխման փորձ է: Ցավալին այն է, որ Մայդանը տրոհեց ուկրաինական հասարակությանն ըստ լեզվական և էթնիկ պատկանելության` անհանդուրժողականության տրամադրություններ տարածելով Ռուսաստանի և «Ռուսական աշխարհի» նկատմամբ: ՈՒկրաինայում մենք ականատես ենք քաղաքացիական անհնազանդությունների և սոցիալական ընդվզման հանգուցալուծման, որովհետև անկախացման ժամանակաշրջանից մինչ օրս ուկրաինական հասարակության մեջ կուտակված են հրատապ լուծում պահանջող բազմաբնույթ հարցեր: Դրանց կարգավորման ուղղությամբ իրականացվող բոլոր փորձերը ձախողվեցին, իսկ ընդունված քաղաքական որոշումներն ունեին միակողմանի բնույթ: «Նարնջագույն հեղափոխությունը» չկարողացավ հաղթահարել նույնիսկ քաղաքական լեգիտիմության ճգնաժամը, իսկ սոցիալ-տնտեսական ու հոգևոր-մշակութային հրատապ լուծում պահանջող հիմնահարցերը ծայրահեղ ուղղվածություն ստացան: Բնականաբար, նման իրավիճակներում անխուսափելի էր աշխարհաքաղաքական առանցքային դերակատարների ակտիվ ներգրավվածությունը:
-Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը և դառնալ նոր, հզոր կենտրոն` փոխելով աշխարհաքաղաքական կենտրոնների հարաբերակցությունը: Այդ համատեքստում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:
-Ռուսաստանը կարճաժամկետ հեռանկարում փորձում է առավելապես ամրապնդել իր աշխարհաքաղաքական կարգավիճակը, սակայն երկարաժամկետ հեռանկարում ռազմաքաղաքական բաղադրիչին պետք է ավելանան նաև սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային բաղադրիչները: Սկսած 2000 թվականից, ՌԴ-ն փորձում է դառնալ համաշխարհային քաղաքականության առանցքային սուբյեկտներից մեկը, սակայն պետականության կայացման հիմնախնդիրները, հետկոմունիստական և հետխորհրդային ժառանգությունը զգալի դժվարություններ են առաջացնում այդ ճանապարհին: ՈՒկրաինական վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ համաշխարհային քաղաքականության ասպարեզում կխորանա Ռուսաստանի և արևմտաեվրոպական երկրների հարաբերությունների բախումնածին ուղղվածությունը: Այս համատեքստում Ռուսաստանի համար պետք է առանցքային նշանակություն ունենան արևելյան գործընկերության և հետխորհրդային մյուս երկրների հետ գործընկերային հարաբերությունների վերանայումն ու արդյունավետ կառուցակարգերի առաջարկումը: Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող Եվրասիական ինտեգրման ընթացակարգերը պետք է հիմնվեն սոցիալ-տնտեսական իրատեսական և փոխշահավետ մոդելների վրա, որոնք հետևողականորեն կնպաստեն կյանքի որակի բարձրացմանն ու մարդկային կայուն զարգացմանը:
-Արդյոք Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներն արժանահավա՞տ են:
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղրիմն ունի ինքնիշխան պետության բոլոր ատրիբուտները դեռևս 1991-1992 թվականներից, 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հերթական հանրաքվեի արդյունքներն արժանահավատ են և արդարացիորեն բխում են Ղրիմում ապրող ժողովուրդների շահերից: ՈՒկրաինայի անկախացումից ի վեր Ղրիմում միշտ էլ ընթացել են քաղաքական գործընթացներ, որոնք ՈՒկրաինայի ԽՍՀ-ի և ՈՒկրաինայի Հանրապետության կողմից ստացել են միակողմանի լուծումներ: Այսպես, 1991 թ. հունվարի 23-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեին մասնակցեց ընտրական իրավունք ունեցող անձանց 81,3 %-ը, որոնց 93,26 %-ը կողմ արտահայտվեց, որպեսզի վերականգնվի Ղրիմի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը` որպես ԽՍՀՄ-ի սուբյեկտ, և Ղրիմը դառնա միութենական պայմանագրի մասնակից: Հանրաքվեն համարվեց օրինական, որի արդյունքների հիման վրա էլ ՈՒկրաինայի ԽՍՀ-ի ԳԽ-ն ընդունեց «Ղրիմի ԻԽՍՀ-ն ՈՒԽՍՀ-ի կազմում վերականգնելու մասին» օրենքը: Ճիշտ է` վերականգնվեց Ղրիմի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, սակայն անտեսվեց Միութենական նոր պայմանագրին մասնակից լինելու հարցը։ Հետագայում` 1991 թ. սեպտեմբերի 4-ին, հանրաքվեի արդյունքների հիման վրա Ղրիմի Գերագույն խորհուրդն ընդունեց Ղրիմի պետական անկախության մասին հռչակագիրը, որի համաձայն` Ղրիմը հռչակվեց որպես Միութենական պայմանագրի մասնակից: Հետագայում Ղրիմի ԳԽ-ն Ղրիմի ԻԽՍՀ-ն վերանվանեց Ղրիմի Հանրապետության (26.02.1992 թ.), իսկ Ղրիմի հանրապետական շարժումը նախաձեռնեց ստորագրահավաք հանրաքվեի անցկացման համար և հավաքեց 246 հազար ստորագրություն: Դրան ի պատասխան տրվեցին իրավիճակային լուծումներ, որոնք, սակայն, չկարգավորեցին առկա լարվածությունը (Սևաստոպոլ քաղաքի հանրապետական կարգավիճակը, ՈՒկրաինայի և Ղրիմի Հանրապետության միջև իրավասությունների տարանջատման մասին օրենքը): 1992 թ. մայիսի 5-ին Ղրիմի ԳԽ-ն որոշեց 1992 թ. օգոստոսի 2-ին անցկացնել Ղրիմի պետական անկախության մասին հանրաքվե, իսկ մայիսի 6-ին` Ղրիմի Հանրապետության Սահմանադրության: Այդ որոշումները չեղյալ համարվեցին ՈՒկրաինայի խորհրդարանի կողմից, իսկ ճնշումների պատճառով Ղրիմի Հանրապետության ԳԽ-ի ընդունած որոշումները նույնպես սառեցվեցին կամ առկախվեցին Ղրիմի Հանրապետության ԳԽ-ի կողմից: 1995 թվականին ՈՒկրաինայի և Ղրիմի Հանրապետության միջև լարվածության գագաթնակետն ՈՒկրաինայի ԳԽ-ի ընդունած որոշումն էր Ղրիմի Հանրապետության Սահմանադրությունն ու մի շարք օրենքներ չեղյալ հայտարարելու մասին:
Հարցազրույցը`
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ