Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

«Քեսաբի դեպքերը երիտթուրքերի քաղաքականության շարունակությունն են»

«Քեսաբի դեպքերը երիտթուրքերի քաղաքականության շարունակությունն են»
27.03.2014 | 11:21

Սիրիա-թուրքական սահմանին գտնվող Քեսաբ բնակավայրում իսլամիստ ծայրահեղականների զինված գրոհների հետևանքով հայաթափվեց Քեսաբը։ Գրոհայինների թվում կային նաև թուրք և ադրբեջանցի զինյալներ։ Վերջին դեպքերի շուրջ զրուցում ենք Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ։

-Ե՞րբ է ձևավորվել Քեսաբի հայկական համայնքը։
-Քեսաբի հայկական համայնքը ունի դարերի պատմություն, և հատկապես 1915թ. Ցեղասպանությունից հետո Քեսաբի հայ համայնքը սկսեց էլ ավելի մեծանալ։ Այն, որ Քեսաբում հայկական համայնքը խոր արմատներ ունի, վկայում է այն, որ դեռ 1909թ. թուրքական պետության կողմից ևս մեկ անգամ փորձ արվեց հայաթափել քեսաբահայությանը։ Հետագայում նույն ճակատագիրը սպառնաց նաև 1939 թվականին։ Վերջին դեպքերը 100 տարվա մեջ հայերի արդեն չորրորդ տեղահանությունն է Քեսաբից։ Պատմությունը ցույց տվեց, որ Թուրքիան արդեն քանի անգամ խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ քանի որ Սիրիան այսօր ներքին կռիվների մեջ է, չի կարողանում համարժեք պատասխան տալ այս դեպքերին։ Այսօր ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ղրիմի դեպքերի վրա։ Թուրքիան անմիջապես օգտագործեց այդ փաստը, օգնեց գրոհայիններին, որպեսզի վերջիններս ևս մեկ անգամ թուլացնեն Սիրիայի ուժեղ հայ համայնքը, որով միշտ մենք հպարտացել ենք։ Ես կարծում եմ՝ Քեսաբի դեպքերը երիտթուրքերի քաղաքականության շարունակությունն են մի քիչ ավելի մեղմ ձևով։ Եվ եթե տարիներ առաջ այդ քաղաքականությունը կյանքի էր կոչվում թուրքական բանակի կողմից, այսօր նույնն արվում է զինյալ ահաբեկիչների կողմից, որոնց մեջ քիչ չեն ազգությամբ թուրքերը։ Թուրքիան ուրիշի ձեռքով փորձում է լուծել Քեսաբի հայերի խնդիրը, քանի որ միշտ վտանգ է տեսնում Սիրիայի սահմանի հայության այդ փոքր հատվածից՝ սիրիական պատերազմի ընթացքում անընդհատ փորձելով թուլացնել սիրիահայ համայնքը։ Եվ պետք է ասեմ, որ սիրիահայ համայնքն այսօր բավականին թուլացել է։
-Միջազգային հանրության արձագանքն այդ դեպքերին ինչպե՞ս կգնահատեք։
-Ողջունելի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես եկավ Քեսաբի հայության հետ կապված հայտարարությամբ։ Սա նշանակում է, որ խնդիրը գտնվում է հանրապետության նախագահի, պետության ուշադրության ներքո։ ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ հիմնված էր միջազգային իրավունքի վրա։ Ազգային փոքրամասնությունների պահպանումն ամրագրված է միջազգային կոնվենցիաներով, ինչն այսօր ոտնահարվում է ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Միջազգային մամուլն էլ արձագանքեց նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, բայց խնդիրն այն է, որ Եվրոպան, ԱՄՆ այսօր ունեն Ղրիմի հարցը, որը միջազգային ասպարեզում ավելի արդիական է, և Քեսաբը, ցավոք, մղվում է երկրորդ պլան։ Այս իրավիճակը Թուրքիան շատ լավ օգտագործում է։ Թուրքիան մեկ կրակոցով փորձում է երկու խնդիր լուծել՝ թուլացնել Սիրիայի նախագահ Ասադի վարչակարգը և ջլատել հայկական համայնքը։ 2015թ. մենք հիշատակելու ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և 100 տարի անց էլ երիտթուրքերի քաղաքականությունը մի քիչ այլ ձևերով և ուրիշի ձեռքով շարունակվում է ժամանակակից Թուրքիայի կողմից։ Հիշենք, որ Քեսաբի հայության մեծ մասն այսօր 1915թ. Ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդներն են, ովքեր 100 տարի անց կրկնում են իրենց պապերի ճակատագիրը՝ ապաստանելով Լաթաքիայում, և պարզ չէ՝ կվերադառնան իրենց ծննդավայր, թե ոչ։ Տեղեկություններ կան, որ քեսաբցիների ամբողջ ունեցվածքը, շարժական գույքը տեղափոխվում է Թուրքիա, փաստորեն, ամեն ինչ արվում է, որպեսզի հայկական համայնքը լքի տարածքը։ Եվ բնական է, որ երբ մարդիկ կրակի ու անորոշության մեջ են, կնախընտրել հեռանալ Քեսաբից։ Ողջունելի է, որ Թուրքիայի մտավորականության մի քանի ներկայացուցիչներ դատապարտեցին Էրդողանի կառավարության այս քայլը։ Հետաքրքիր էր, որ թուրք որոշ մտավորականներ հայտարարեցին, որ վերջին դեպքերն ուղղված էին հայերի դեմ, ինչին անմիջապես եղավ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի պատասխանը. նա դավաճան համարեց այն թուրք մտավորականներին, ովքեր սա համարում են հայերի դեմ ուղղված ակցիա։
-Այսօր խոսում են ինքնապաշտպանական խմբեր ստեղծելու և Քեսաբ ուղարկելու մասին։ Որքանո՞վ է այդ հեռանկարն իրական։
-Նման առաջարկներ եղան, սակայն դա վտանգներ է պարունակում, քանի որ կարող է ոչ ճիշտ ընկալվել միջազգային հանրության կողմից։ Սիրիայի զինյալներին, Թուրքիայից բացի, աջակցում են որոշ արևմտյան երկրներ, և Ուկրաինայի դեպքերի հետ կապված՝ սա կարող է այլ կերպ ընկալվել։ Սակայն ըստ իս՝ մենք չպետք է նայենք նման արձագանքներին, եթե կա մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության խնդիրը։ Հայաստանը ամեն կերպ՝ դիվանագիտական միջոցներով, և եթե սպառնալիք կա, դիվանագիտականից բացի, պետք է դիմի ավելի կոշտ միջոցների։
-Սիրիան պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է։ Ինչո՞ւ այդտեղ ապրող հայ համայնքը չի զինվում, որպեսզի ապահովի ինքնապաշտպանություն։ Ամեն մի ընտանիք եթե մեկ հրացան ունենար, գուցե կկարողանար դիմագրավել զինյալներին և չտեղահանվել։ Նույն պատմությունն է, ինչ 1915 թվականին։
-Միամտություն կլիներ մտածել, թե Քեսաբի վրա հարձակումն անսպասելի էր։ Նման բան չէր կարող լինել, բոլորը պետք է կանխատեսեին դեպքերի այսպիսի զարգացումը։ Կան տեսագրություններ, որ թուրքական սահմանային 8 անցակետերից առանց որևէ խնդրի գրոհայիններն անցել են Քեսաբ։ Թուրքիան այսօր էլ շարունակում է մնալ անկանխատեսելի պետություն հարևանների համար՝ դրանով ստեղծելով սպառնալիք հարևան երկրների ժողովուրդների համար։ Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ վաղը հարմար պահին Թուրքիան նման քաղաքականություն չի փորձի իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Կարծում եմ նաև, որ Քեսաբում տեղի ունեցածը Թուրքիայի պատասխանն էր Ղրիմի դեպքերին։

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ