Երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահար ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱՆ սովորում է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի կոմպոզիցիայի բաժնում։ 2009թ. որպես կոմպոզիտոր արժանացել է ՌԴ «Տրիումֆ» մրցանակին և ոսկե մեդալին` արվեստի ասպարեզում ունեցած բարձրագույն նվաճումների համար։ Այս մրցանակին արժանացել են այնպիսի մեծանուն արվեստագետներ, ինչպիսիք են Ա. Շնիտկեն, Ս. Ռիխտերը, Եվ. Կիսինը, Մ. Պլիսեցկայան, Վ. Գերգիևը, Ա. Ֆրեյնդլիխը և այլք: Վերջերս Արփինե Կալինինան արժանացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած Հայկյան մրցանակին։ Զրույցը Արփինե Կալինինայի հետ ներկայացնում ենք ստորև։
-Արփինե, Դուք նախաձեռնել և կյանքի եք կոչել կոմիտասյան համերգաշար։ Կոմիտասի ստեղծագործությունները նոր ձևաչափով ներկայացնելու գաղափարն ինչպե՞ս առաջացավ։
-2007թ. հիմնեցի հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլը, որի նպատակն է ներկայացնել ու տարածել հայ դասական երաժշտությունն ակունքներից մինչև մեր օրերը: Ձգտում ենք լայն հանրությանը, հատկապես երիտասարդներին խորապես սիրելի դարձնել մեր երաժշտական արվեստի գոհարները։ 2010-ին նախաձեռնեցի կոմիտասյան համերգաշարը, որը բաղկացած է համերգ-դասախոսություններից։ Դասախոսության հիմքում Կոմիտասի ստեղծագործությունների մասին իմ երաժշտագիտական աշխատանքն է, իսկ համերգային հատվածների ընթացքում հնչում են Կոմիտասի մեներգերն ու իմ դաշնամուրային իմպրովիզացիաները՝ գրված կոմիտասյան մեղեդիների հիման վրա։ Կոմիտասյան համերգ-դասախոսություններում դինամիկ կերպով միահյուսված են խոսքն ու երաժշտությունը։ Ունկնդիրն այդ համերգ-դասախոսությունների միջոցով կարողանում է համակողմանի ընկալել Կոմիտասի արվեստը։ Ի դեպ, իմ երաժշտագիտական աշխատանքից մի հատված անցյալ տարի տպագրվեց ամերիկյան «California Courier» շաբաթաթերթում։ Մինչ օրս կոմիտասյան 23 համերգ-դասախոսություն ենք անցկացրել Հայաստանում։ Ընդ որում, ընդգրկել ենք նաև մարզերը։ Մեր թիրախը հիմնականում ուսումնական հաստատություններն են։
-Ինչպե՞ս է ունկնդիրն ընդունում կոմիտասյան ստեղծագործությունները։
-Շատ ջերմ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում Կոմիտասը ներկա է։ Մարդիկ արյան կանչով են զգում Կոմիտասի երաժշտությունը։
-Արփինե, վերջերս Լոնդոնում ներկայացրիք համերգ՝ նվիրված Եղիշե Չարենցին։
-Խորհրդանշական էր, որ համերգը կայացավ Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում։ Հնչեցին Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված իմ ստեղծագործությունները։ Ինձ հետ ելույթ ունեցան Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի ուսանողներ Քիրսթի Մ. Անդերսոնը (սոպրանո) և Գրեգ Բարքերը (սաքսոֆոն)։ Անգլուհի Քիրսթի Մ. Անդերսոնը երգեց հայերեն։ Համերգին պատրաստվում էինք գրեթե 3 ամիս: Իմ երաժշտությունը սերում է հայկական դասական երաժշտության ակունքներից, հայկական լադաինտոնացիոն համակարգում է, որն օտարերկրացիների համար նորություն է։ Կար նաև լեզվի խնդիրը, սակայն հաղթահարվեցին բոլոր դժվարությունները, և երգչուհին մեծ վարպետությամբ հայերեն ներկայացրեց ստեղծագործություններս։ Եղիշե Չարենցի պոեզիան իմ վոկալ ստեղծագործությունների առանցքն է։ Չարենցյան պոեզիան մեծ ուժ, երաժշտականություն ունի։ Ինձ համար ուրախալի էր, որ համերգին ներկա էր նաև Չարենցի ծոռնուհին` բրիտանաբնակ Սոնա Ջեռահյանը։ Համերգի կազմակերպիչներն էին ՀՀ դեսպանությունը Միացյալ Թագավորությունում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմը և Բրիտանահայ համայնքային խորհուրդը: Բացման խոսքով ելույթ ունեցավ Բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Սարգսյանը:
-Արփինե, Երևանի պետական կոնսերվատորիան ավարտելուց հետո այժմ սովորում եք Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում։ Ո՞րն է հայկական և բրիտանական կրթական համակարգերի տարբերությունը։
-Բրիտանիայում ծանրաբեռնվածությունը շատ մեծ է։ Ակադեմիայում ուսանողներին անընդհատ խթանում են լինել բուռն աշխատանքային, ստեղծագործական պրոցեսում։ Հնարավորություն են տալիս, որպեսզի գրածդ ստեղծագործությունները հնչեն, ինչը շատ կարևոր է կոմպոզիտորի համար։
-Հայաստանում կրթություն ստացած երիտասարդները մրցունա՞կ են դրսում։
-Կարող եմ խոսել միայն իմ անունից։ Երևանի պետական կոնսերվատորիայում ունեցել եմ հրաշալի պրոֆեսորներ. կոմպոզիցիայի բաժնում սովորել եմ Լևոն Չաուշյանի, դաշնամուրային բաժնում՝ Մարո Ղազարյանի դասարանում, գործիքավորում ուսանել եմ Վահրամ Բաբայանի մոտ։ Արժանացել եմ միջազգային մրցանակների, և այդ ամենի հիմքը հայկական կրթական համակարգն է։
-Դուք տարվա սկզին արժանացաք Հայկյան հատուկ մրցանակի, որը սահմանել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Եվ եթե Հայաստանում լինեիք, ապա մրցանակը կստանայիք անձամբ ՀՀ նախագահի ձեռքից։ Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ տեղեկացաք մրցանակի մասին։
-Մրցանակի լուրն ինձ համար շատ հուզիչ էր։ Մանավանդ որ այն կոչվում է Հայկյան։ Իմ՝ արտասահմանում սովորելու և համերգային գործունեություն ծավալելու գլխավոր նպատակը հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելն է։ Եվ երբ տեղեկանում ես, որ նվիրումով ու սիրով արված աշխատանքդ գնահատվում է հայրենիքում` մեծ լիցքեր ես ստանում։ Ընդ որում, մրցանակը ստանալուց անմիջապես հետո իմ ստեղծագործական մենահամերգն էր Լոնդոնում։ Մրցանակն ինձ ուժ տվեց, որ ավելի մեծ եռանդով, նվիրումով շարունակեմ իմ ստեղծագործական ընթացքը։
Հարցազրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ