ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Եթե սիրիահայերն աշխատանք ունենան, չեն լքի Հայաստանը

Եթե սիրիահայերն աշխատանք ունենան, չեն լքի Հայաստանը
05.05.2014 | 13:27

Հայաստանում մշակվել է պետական քաղաքականություն, որի նպատակն է սիրիահայերի տեղավորումն ու Հայաստանի հասարակությանը ինտեգրումը: Քաղաքականությունն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Անցած երեք տարիների ընթացքում ՀՀ կառավարություն են ներկայացվել տասնյակ իրավական ակտեր, որի արդյունքում սիրիահայերը շատ խնդիրներ ստացել են հեշտացված լուծումներ՝ սկսած նրանց վարորդական իրավունքների ճանաչումից մինչև մաքսային, կրթական, առողջապահական և այլ արտոնությունների տրամադրումը:

Փոքր և միջին բիզնես հիմնելու համար աշխատանքներ են տարվել սիրիահայերին վարկային արտոնություններ տրամադրելու, խրախուսելու ուղղությամբ: Սիրիահայերի ցանկությամբ և առաջարկությամբ Աշտարակում հիմք դրվեց «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս հիմնելու ծրագրին, որի տարածքի տրամադրման, երկրաչափական և ճարտարապետական աշխատանքները կատարվել են անվճար։
Հայասանում բնակվող սիրիահայ Մանվել Կոստանյանը Հայաստանում սիրիացի ուսանողների միության անդամ է։ Մեզ հետ զրույցում նա նշում է, որ Հայաստանում այսօր սովորում է մոտ 550 սիրիահայ ուսանող։ Մոտ 80-ը վերադարձել են Սիրիա կամ մեկնել են այլ երկրներ։ Մանվել Կոստանյանն ասում է, որ սիրիահայ ուսանողների և աշակերտների խնդիրները հիմնականում լուծված են։ «Ուսանողների մոտ երբեմն առաջանում է բացակայությունների խնդիրը։ Նրանցից շատերն աշխատում են ընտանիքները պահելու համար։ Այդ առումով անհարմարություններ են առաջանում»,- ասում է Մանվել Կոստանյանն ու ավելացնում, որ ուսանողներից շատերը հնարավորություն չունեն ուսման վարձը վճարելու, թեև ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Հայկական բարեգործական ընդհանուր միությունը փոխհատուցում են Հայաստանում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձը։ Նա առանձնացնում է նաև լեզվի խնդիրը։ Որոշակի դժվարություններ են առաջացնում արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունները։ Կա նաև ռուսերենի հարցը։ Սիրիահայ աշակերտները դժվարանում են ռուսերեն սովորել։
Որտե՞ղ են պատկերացնում սիրիահայերն իրենց ապագան։ Մանվել Կոստանանը նշում է, որ սիրիահայերի մեծ մասը զրույցներում ասում է, որ Սիրիայում իրավիճակը շտկվելու դեպքում պատրաստ են վերադառնալ այնտեղ. «Կարծում եմ՝ 85-90 տոկոսը կվերադառնա։ Ոմանք էլ ասում են՝ մենք մեր երկրում ենք ու ուզում ենք մեր հայրենիքում մնալ։ Գործի պրոբլեմը եթե լուծվի, շատերը կմնան Հայաստանում»։ Մանվելն ինքը առաջիկա 4 տարիներին կբնակվի Հայաստանում, քանի որ աշխատում է ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը։ Դրանից հետո պատրաստվում է վերադառնալ ծննդավայր։ Թեև նկատում է, որ եթե հետագայում էլ լավ աշխատանք ունենա, կշարունակի մնալ հայրենիքում։ Մանվելը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Դեսպանատնից բացի, մասնավոր ընկերություններից մեկում աշխատում է նաև որպես հաշվապահ։
Մանվել Կոստանյանի տեղեկացմամբ, վերջին 3 տարիներին ռազմական գործողությունների հետևանքով Սիրիայում 80-100 հայ է զոհվել։ Ընդ որում, նրանցից միայն 7-8-ն են զինվորականներ։ Մեր զրուցակիցը նկատում է, որ լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվությունը, իբրև թե հայաստանցիներից ջոկատներ են գնացել Սիրիա, Քեսաբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, մեծ վնաս է հասցնում մեզ։ Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ նման բան իրականում գոյություն չունի, և այդպիսի լուրերի շահարկումը բացասաբար է անդրադառնում սիրիահայերի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։
Մանվել Կոստանյանն ասում է, որ իրենց միակ ցանկությունը Սիրիայում խաղաղության հաստատումն է, որպեսզի օտար երկրները դադարեցնեն ահաբեկիչներին հովանավորել ու իրենց ձեռքերը քաշեն Սիրիայից։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ