Որքան էլ պարադոքսալ է, Ցեղասպանության 100-րդ տարելիցը շատ քիչ` մեր կամքով, իսկ իրականում տիեզերաբանական ուրույն ցիկլով ազգ-էթնոսին տանում է այնտեղ, ուր էթնոսը վաղուց պետք է լիներ: Անչա՜փ «հետաքրքիր» գործընթացով: Դիտենք:
ա) Քաղկեդոնի ժողովից հետո երկու համահավասար` կաթոլիկ ու առաքելական եկեղեցիները մեկտեղվեցին աղոթքի: Նրանց կապողը երկու միլիոն զոհերն էին: ՈՒշացա՞ծ էր նման պատարագը, թե՞ ոչ, չքննարկենք, քանզի «ուսուցիչը գալիս է այն ժամանակ, երբ աշակերտը պատրաստ է»:
Կոնկրետ դեպքում «աշակերտը» երկու եկեղեցիներն էին:
բ) Տեղի ունեցավ Նարեկացու տիեզերական վարդապետացում: ՈՒշացա՞ծ էր, թե՞ ոչ, դա նույնպես չքննարկենք:
Նախ` եթե հնարավոր լիներ չափել այս երկու իրադարձությունների էներգետիկ տարածականությունը` երկրի, տիեզերքի, բոլորիս համար, այն ուղղակի անչափելի կլիներ: Կարևորագույնը, սակայն, այս դեպքում նույնիսկ դա չէ, այլ փաստագրումը, որ քրիստոնեական ամբողջական «տունն» աշխարհում հասել էր գիտակցության.
ա) որ պարտք ունի երկու միլիոն հոգիների հանդեպ` նահատակված այն պատճառով, որ քրիստոնյա են:
ՈՒ աշխարհը այդքան մասով տվեց իր պարտքը:
բ) ՈՒ կա մի ազգ այս աշխարհում, որը ոչ միայն առաջինն է քրիստոնեությունն ընդունել, երկու միլիոն զոհ է տվել` վասն հավատի, այլ որ ազգ է, որն ունի Նարեկացի:
Իսկ հիմա կասեմ մի բան, որից շատ քաղաքական գործիչներ, նրանց հետ ՀՀ երկու նախկին նախագահները, գուցե թե «ընկնեն աթոռից», բայց և նշանային համակարգում էր նաև «տարրը», որ այդ ամենին մասնակցող հայոց նախագահը, կաթոլիկ Սուրբ Պետրոսի տաճարում, շրջապատված հայոց կաթողիկոսներով, նստած էր բավականին վսեմաշուք առանձնությամբ (մոռացե՛ք նրանց բոլորի այիբները. նրանք այդ պահին նույնիսկ ինստիտուտներ չէին, նրանք այդ պահին էթնոսի նշանային համակարգն էին, որ ներկա էին այդ կարևոր` պատմական «նշանադրությանը»):
ՈՒշադի՛ր. մեկ դար հետո: Հայոց ոգու ու մարմնի նախճիրից:
Որպես և այլևս Հայաստան-երկիր-պետության աշխարհիկ և հոգևոր իշխանություններ: Ասել է` մեկ դար հետո Ցեղասպանությունից` Հայաստան-պետական կազմավորման հետ հաշվի է նստում համայն կաթոլիկ-քրիստոնեական աշխարհը` յուր հարգանքի տուրքով:
Պարտավորեցնո՞ղ է: Ահավոր: Դա այսօրվա՞ ձեռքբերում է: Երբե՛ք: Դա Նարեկի (ցնցող էր նաև Լուսավորչի մասունքի հինգերորդ դարից այս կողմ գաղտնարանից դուրսբերումը) ու Լուսավորչի, դեպ երկինք համբառնած մեր միլիոնավոր զոհերի արյան գինն էր: Քրիստոսին միախառնված:
Ընդ որում, այս կարգի մի մեծ «ընծայաբերում» էլ լինելու է ապրիլի 23-ին: Զոհերի սրբադասման օրը: Այդ կարևորագույն օրվա խորհրդի մասին պետք է առանձին խոսել. զի այդ օրը տեղի է ունենալու ազգ-էթնոսի հոգևոր տրանսֆորմացիա, էներգետիկ փոխակերպում, զի սրբադասելով զոհերին, մեզնից անջատելով նրանց, մենք նոր «հարաբերությունների» մեջ ենք հայտնվելու նրանց, աշխարհի, ինքներս մեզ և մեր երկիր-պետություն, պատմություն-ապագայի հետ:
Մնում է ակնածանքով, սրբազան դողով ու զուլալ գիտակցությամբ այս ամենին մոտենալ, հավաստագրել ու ճանաչել, իսկ որ ամենակարևորն է` վերցնել արտածված պատասխանատվությունը` մեծից փոքր, առաջին, երկրորդ նախագահից մինչև կաթոլիկ տաճարում «առանձին» նստած երրորդ նախագահ ու վեհափառներ, քանզի բոլորս նույն մարմնում ենք և միատեղ հառաչելու համար ենք եկել աշխարհ… Հայոց աշխարհ։ Եվ սա չհասկանալը կարող է կրկին անչափ թանկ նստել մեզ վրա:
Սակայն կարծես նաև մեզ այդ բանը… երկինքը թույլ չի տա:
«Նշաններից» է երևում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ