«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Ջանլուկա Մարչիանոն՝ օպերային թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժոր

Ջանլուկա Մարչիանոն՝ օպերային թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժոր
05.09.2015 | 10:30

Երեկ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած բարեգործական համերգի ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը ներկայացրեց օպերային թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժորին։ Այսուհետև թատրոնի նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Գեղամ Գրիգորյանը նշեց, որ բանակցությունները մաեստրոյի հետ դեռևս շարունակվում են, սակայն Մարչիանոն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը։
Նշենք, որ Ջանլուկա Մարչիանոն այս օրերին գտնվում էր Հայաստանում՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով՝ մասնակցելու Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային։ Նա այն 4 դիրիժորներից էր, ովքեր ապրիլի 24-ին ղեկավարել էին «24/04» համաշխարհային նվագախումբը։
Սեպտեմբերի 4-ի բարեգործական համերգի վերջին համարը նվագախումբը կատարեց հենց Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ՝ դրանով սկիզբ դնելով իր գործունեությանը Հայաստանի օպերային թատրոնում։
Ինքը՝ Մարչիանոն, իր խոսքում նշեց, որ աներևակայելի երջանիկ է լինել Հայաստանում, Արցախում, աշխատել մեր օպերային թատրոնում։
Նշենք, որ բարեգործական համերգին հանդես եկան տենոր, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը և սոպրանո Լյուբով Կազարնովսկայան (Ռուսաստան)։ Վերջիններս նաև վարում էին համերգը։
Երեկոյին մասնակցում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան): Համերգի հյուրերն էին մեցո սոպրանո Վիշնիա Ռադոսավը (Սերբիա), սոպրանո Մարինա Պոլուխինան, տենոր Ալեքսանդր Չերնովը (Ռուսաստան), բաս Նիկոլա Ուլիվերին (Իտալիա), Գևորգ Հակոբյանը, Սոֆիա Թումանյանն ու Գոշ Սարգսյանը: Համերգը ղեկավարել են դիրիժորներ՝ Անատոլի Լևինը, Սերգեյ Սմբատյանը:
Համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Օպերայի արվեստի միջազգային ակադեմիային:
Բարեգործական երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ