ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ զբոսաշրջությունը մեր երկրում տարեցտարի զարգանում է: Անընդհատ լսվում են հավաստիացումներ, թե ամեն ինչ արվում է ոլորտը զարգացնելու, մրցունակ դարձնելու համար։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2000-ից սկսած Հայաստանում ամեն տարի զբոսաշրջության աճ է արձանագրվել: Վերջին տարիներին աճը յուրաքանչյուր տարվա կտրվածքով շուրջ 10 % է, ինչը բացարձակ թվով 100 հազար զբոսաշրջիկից ավելի է: 2014 թ. Հայաստան է այցելել 1 միլիոն 203 հազար զբոսաշրջիկ, ինչը 11 %-ով գերազանցում է 2013 թ. ցուցանիշը: Ինչ վերաբերում է այս տարվան, ապա, երկրորդ եռամսյակի տվյալներով, ունեցել ենք ավելի քան 256 հազար զբոսաշրջիկ, որը 1,8 %-ով ավելին է, քան նախորդ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը։
ԵՊՀ սերվիսի ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու ԳՈՌ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ հարցրինք՝ արդյոք Հայաստանում օգտագործվո՞ւմ է զբոսաշրջային ամբողջ ներուժը։ Ըստ մասնագետի՝ մեր երկիրը զբոսաշրջային հսկայական ներուժ ունի, սակայն մենք ունենք որոշակի խնդիրներ՝ դա օգտագործելու առումով։ «Ամենամեծ խնդիրը մեր աշխարհաքաղաքական իրավիճակն է։ Երբ դուրս ենք գալիս երկրից, զրուցում ենք տարբեր զբոսաշրջիկների հետ, առաջին հարցը, որ տալիս են՝ արդյոք պատերազմ կլինի՞, թե՞ ոչ։ Նման ռիսկերը ստիպում են, որ մեր տուրիստական ներհոսքերը նվազեն։ Բացի այդ, մեր զբոսաշրջային ներուժը հիմնականում սփյուռքահայերն են (Հայաստան այցելող տուրիստների 80-90 տոկոսը)»,- ասում է Գոռ Ալեքսանյանը։ Նա նաև նշում է, որ ներուժն օգտագործելու առումով մենք ունենք բավականին տարածքային խնդիրներ. «Եթե Հայաստանի տարածքը մտովի բաժանենք մասերի, ապա ինտենսիվ օգտագործվող տարածք, որպես զբոսաշրջային կենտրոն, համարվում է Երևանը՝ իր հարակից շրջաններով։ Բանն այն է, որ մեզ մոտ փոխադրումներ կատարվում են «Զվարթնոց» օդանավակայանով։ Հենց այդտեղից է սկսվում Հայաստանի զբոսաշրջային կերպարը։ ՈՒնենք նաև փոքրիկ տարածքներ, որոնք համեմատաբար շատ են օգտագործվում. դրանք Լոռու և հարավային շրջաններն են։ Այսինքն, մենք ունենք ներուժի օգտագործման տարածքային խիստ տարբերություններ, ինչը ներկայումս ՀՀ զբոսաշրջության կայուն զարգացման հիմնական խնդիրներից մեկն է»։
Մյուս խնդիրը, որ Հայաստանում գոյություն ունի, սպասարկումն է։ Ընդ որում, եթե սպասարկումը դիտարկենք երեք տեսանկյունից՝ արտադրական որակ, ֆունկցիոնալ որակ և սպառողական որակ, ապա առաջին 2-ը կախված են Հայաստանից։ Այսինքն՝ լավ սպասարկում իրականացնելու համար Հայաստանը պետք է քայլեր իրականացնի։ Ըստ մասնագետի՝ գնային քաղաքականության առումով մենք պետք է ունենանք ռազմավարական մոտեցում։ Լեռնային երկրներում զբոսաշրջությունն ունի հստակ արտահայտված սեզոնային բնույթ։ Զբոսաշրջային հոսքերը Հայաստանի նման տարածքներում ավելի շատ գրանցվում են ամռան սեզոնին, երբ ավելի բարենպաստ կլիմայական պայմաններ են։ Եվ դա տևում է 4-5 ամիս։ Տարվա մնացած 7-8 ամիսը պասիվ շրջան է՝ ցածր սեզոն կոչվածը։ Այդ իսկ պատճառով պետք է ունենանք հստակ հարկային քաղաքականություն, որպեսզի ցածր սեզոնի զբոսաշրջությամբ զբաղվող մարդիկ ավելի քիչ հարկ վճարեն, և համամասնությունը պահպանվի։ Մարդիկ պետք է աշխատեն 4-5 ամիս և կլոր տարին ապահովեն իրենց ֆինանսական շրջանառությունը։ Այդ 4 ամսվա ընթացքում նրանք պետք է ապահովեն իրենց եկամուտները։ Այնպես որ, ըստ Գոռ Ալեքսանյանի, զբոսաշրջային ճիշտ գնային քաղաքականություն պետք է իրականացվի։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ