Մեկնարկող նախընտրական փուլն արդեն իսկ մի քանի առանձնահատկություններ ունի: Խոսքն Արցախի սահմանին տեղի ունեցած դիվերսիոն գործողություններին է վերաբերում նախ և առաջ, ապա Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցին, ուր վերջինս մեծ փաթեթով «անդրադարձավ» հայաստանյան, եվրոպական, ՆԱՏՕ-ական օրակարգերին:
Կարելի էր կարծել, որ այս երկու «առանձնահատկությունների» միջև առանձնապես մեծ կապ լինել չէր կարող, սակայն ամեն բան հերթով:
Ընդհանուր առմամբ, եթե ելնենք Սերժ Սարգսյանի «հաշվողականությունից», ապա Բրյուսել «նոն-ստոպ» ռեժիմով այցը, հաստատապես, նրա ժանրում էր: Որպես օրինաչափություն, նա միշտ է այդպես վարվել. ընտրությունների նախաշեմին «գույքագրել» է բոլոր կարգի գեոքաղաքական հարցերը, տվել դրանց հիմնարար լուծումները, ազատել ներքաղաքական դաշտը ավելորդ արտքաղաքական բալաստից, որ իրեն ու Հայաստանին «խանգարող» հանգամանքները հնարավորինս չեզոքացված լինեն:
Հիշենք` նախագահ դառնալու նախօրյակին, որպես վարչապետ, նա հյուրընկալվեց Սպիտակ տանը, Պենտագոնում, դրանից առաջ, որպես պաշտպանության նախարար զորամիավորում էր Իրաք ուղարկել, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի փոփոխության պատճառով նա անգամ հարկ համարեց թռչել Իրաք, և այդպես շարունակ: Ասել է` Սերժ Սարգսյանը փորձում է խաղը մշտապես այնպես տանել, որ ավելորդ «գլխացավանքներ» չլինեն:
ՈՒստի ամենևին էլ պատահական չէր, որ օրերս Բրյուսելում` Տուսկի ներկայությամբ ազդարարվեց, որ ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրն արդեն իսկ պատրաստ է, այն կստորագրվի մայիսին: Հետո` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրավիրվեց Հայաստան` «նշելու» Հայաստան-ՆԱՏՕ 25-ամյա համագործակցությունը, և դա, հիշեցնենք, ադրբեջանական դիվերսիայից մի քանի ժամ անց: Մնացյալի, այդ թվում` ԵԺԿ-ի և նրա ղեկավար Ժ. Դոլի հետ հանդիպումներին չանդրադառնանք, որովհետև առավելաբար նախընտրական էին, քան գեոքաղաքական:
Մեկ շտրիխ էլ ավելացնենք նախընտրական փուլի այս առանձնահատկություններին ու ծայրերը հավաքենք: Խոսքը վերաբերում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և տարբեր փորձագետների (այդ թվում` ռուսական) կողմից ակտիվ շրջանառության մեջ դրված «Իսկանդերի» օգտագործման «գաղափարին»:
Այսպիսով. նախ` կարծում ենք, որ Ալիևը հենց այնպես չէր ընտրել չհաջողված դիվերսիաների օրը. նա թերևս կարծել էր, թե Բրյուսել մեկնող, ասոցացման համաձայնագրին «դաբրո» տվող, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ստոլտենբերգի հետ ասուլիս տվող Սերժ Սարգսյանը կարող է և առաջացնել հարգարժան Ռուսաստանի զայրույթը, և ինքն իր հարբեցողի-ոչխարային բնազդով կկարողանա «դաս տալ» եվրոպաների գիրկը «գնացող» հայաստանյան կողմին: Սակայն թե՛ ռուս փորձագետների, թե՛ առաջին հերթին Վիգեն Սարգսյանի բարձրաձայնումը` անհրաժեշտության դեպքում «Իսկանդերն» անպայման կօգտագործվի, սառը ցնցուղ էր առանց այն էլ դիվերսիայի ժամանակ լուրջ կորուստներ կրած Ալիևի համար, որը, թերևս, պետք է կարողանա իր հաստ գլխով մտածել, թե այդ ինչպես եղավ, որ նախորդ ապրիլին հայերը «չնկատեցին» իրենց առաջխաղացումը, իսկ այս անգամ, դեռ տեղից չշարժված, հուժկու «զարկով» տապալեցին: Իհարկե` մտածելու բան է:
Ապա և` Ալիևը պետք է «մտածի», որ հայկական և ռուսական փորձագետների բարձրաձայնումը` «կօգտագործվի Իսկանդերը», ինչո՞ւ «չի արժանանում» միջազգային հանրության հակազդումին, որպես ռազմական ռիտորիկա:
Ասել է` միջազգային հանրությունը, որը ինչ-որ առումով, այո, չեզոք պահվածք է որդեգրում շատ դեպքերում, այս անգամ նման պահվածք է որդեգրել ի շահ Հայաստանի:
Որից, ի դեպ, հետ չի մնում անգամ Ադրբեջանին զենք վաճառող Ռուսաստանը ու չի դատապարտում այդ ռիտորիկան (չնայած այստեղ այլ նրբերանգներ ևս կարող են լինել):
Բոլոր դեպքերում, Ալիևը մտածելու բան ունի: Օգնենք նրան այդ հարցում. պատճառը, ըստ ամենայնի, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների ներկա փուլն է, ուր Թրամփն ու Պուտինը փորձում են որոշակի վերաբեռնում իրականացնել: ՈՒ խաղի այդ պայմաններում Ադրբեջանը չի կարողանում «տեղավորվել-խցկվել» նրանց արանքում` ձեռնտու տարբերակներով: Ի տարբերություն Հայաստանի, որը գոնե այս պահին հմտորեն մանևրում է բոլորի արանքում:
Համոզվելու համար` Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը, որին պետք է հաջորդի դեպի Ռուսաստան այցը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ