Պարզվում է` ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ դառնալու «թանաքը դեռ չչորացած»` բազմաժանր արտքաղաքական գործունեության մեջ է հայտնվել երբեմնի «հաղորդավար» Արմեն Աշոտյանը:
Պարզվում է նաև, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը, ի շարս այլոց, Արմեն Աշոտյանին ևս շնորհավորել է ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու առիթով: Ի դեպ, նրան շնորհավորել է նաև ՀՀ-ում Իրանի դեսպան պարոն Սաջադին: Նաև` այլք:
Պարզվում է նաև` հայոց կոմպլեմենտար քաղաքականության խորհրդարանական կառավարման կենսագրության այս կարճ ժամանակահատվածում Աշոտյանը հասցրել է լինել Մոսկվայում, հանդիպել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոսաչևի հետ, քննարկել հայ-ռուսական, միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող բարձր հարցեր: Նույն ընթացքում հասցրել է ընդունել-ճանապարհել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորներին, այցելել նրանց հետ Ծիծեռնակաբերդ, ստեղծել վայբեր-խումբ` հանձնաժողովի աշխատանքները նոր ձևաչափով կազմակերպելու համար:
Հետո էլ զարմանում են, թե հիմնականում «դանթող» խորհրդարանում ինչո՞ւ է Աշոտյանն ամենաքիչ ձայներն ստացել: Բա չհակազդե՞ն «յուրայիններն» ու «օտարները» ՀՀԿ-ական այս «նանո-սթայլին»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ