«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Նրա ճամփան

Նրա ճամփան
17.11.2024 | 17:37

Երջանիկ է նա, ով երջանիկ է դարձնում մեկ այլ մարդու:

Իսկ նա՞, նա՞, ով դժբախտացնում է մարդու՞ն, մարդկա՞նց, մի ողջ ազգի՞... Ո՞վ է նա, որ խոզի պես ճղճղում է, Ազգային ժողովի ամբիոնից խռխռում, բղավում, լուտանք ու հայհոյանք թափում բոլոր նրանց վրա` ովքեր ձայն են տվել իրեն, հույս ու հավատ ընկալել, սակայն հուսախաբ եղել։

Ծանր է իշխանության թագը, ցավեցնող ճնշումը ժողողովրդի վրա, առավել ևս, որ նրա կրողը ազգի անփառունակ զավակն է, անառակ որդին` ում համար բացի իր գահից ու փառքեպսակից ոչ մի այլ սրբություն գոյություն չունի։

Փառքեպսա՞կ, ծաղկեպսա՞կ, թե փշեպսակ...

ՈՒմ աչքն է շոյում, ում աչքը ծակում, ում էլ քրքրում հոգին։ Ոստիկանական հազարավոր մահակներ կոչնակ են զարկում հանուն նրա պաշպանության, քծնաշուրթ բերաններ են ներբողում նրա փառքն ու պատիվը, հազար, հազար հիմար ու ապուշ հույսի ու հավատի ապարանքներ են հյուսում նրա շուրջ, եգիպտական երազներով օծված ապարոշներ դնում մազաթափ գլխին, ձոն երգում, խունկ խնկարկում ի փառս իշխանավորի, ի շարունակությունն իշխանության, հանուն փողի, հարստության, դիրքի ու անսասան կյանքի։

Մեծավորի արձանը մտքի մեջ է, սրտի մեջ է, հոգու մեջ մխրճված, պղծված ու խաթարված։ Էդպես էլ ապրում են ու թքած ունեն բոլոր նրանց վրա, ովքեր իրենց լավը չեն ուզում։

Իսկ թունելի վերջում լույսը չի երևում, թունելի վերջում կրկին նույն կուռքն է, այլևս սափրված, պլպլան դեմքով ու անվախճան ճաղատով։ Պրծում չկա։

Ընկերս սարդոստայնի մեջ էր, հենց էդ լորձով խճճված ու մոլորված։

Անունն իսկ լսելիս կարմրատակում էր, պեծ ու կրակ կտրում, հրաբխի պես ժայթքող բերանից միայն հայհոյանք ու լուտանք էր շատրվանում։

Զզվում էր, զզվում...

Քանի՜ հեռուստացույց ջարդեց. հեռուստացույցերը փոխվում էին` մեջի մարդը ոչ։

Քանի՜ օր, քանի՜ ամիս և քանի՜ տարի...

Ինչքա՞ն կարելի էր։

Դիմադրել անզոր էր։

Սիրտը կտոր, կտոր էր լինում, վանդակն ընկած թռչնակի պես պատեպատ զարկվում։

Երեկ ցանկացել էր փրկվել...

Այսօր իմացա, ուշ երեկոյան որոշել էր փակել ժայթքող երախի գուբը։ Ընդամենը փշրանքի պես մի պուճուր նախադասություն էր թողել սեղանին.

«Սա կյանք չէ»։

Բռով քնաբեր էր սահեցրել բերանն ի վար։ Նիրհել էր ուզել, ննջել, քնանար ու դինջանար` ցավերից, դարդերից, մարող հույսերից և հատկապես մեռնող հավատից։

Ոչ ոք չգիտր. ընտանիքից ծածուկ առանձնացել էր իր սենյակում։

Սնարին պառկած սպասում էր. փկությունը մոտ էր` պատի ծեփի պես սպիտակող դեմքին, պաղող ոտքերում, ընդարմացող մարմնին մերձ, հեռու երկրից ու հայրենիքից։

Մնում էր ջլատվող սիրտը, որ տրոփում էր, տրոփում, թրթռում ու պատեպատ զարկվում և նվաղուն ձայնով նույն երգը մղկտում.

- Բաբո, ո՞րն է մեր ճամփան...

...Վաղը հոգեհանգւստն է։

Մյուս օրը կգնա իր իմացած ճամփով։

Իսկ մե՞նք, մե՞նք...

Ի՞նչ պատասխան պիտի մենք տանք հող ու ծաղիկ տվողին...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5576

Մեկնաբանություններ