«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Նվիրյալները

Նվիրյալները
22.11.2024 | 13:29

ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆ

Կյանքում երբեմն հանդիպում ես մարդկանց ու թվում է, թե նրանց վաղուց գիտես։ Անգամ ենթագիտակցորեն զգացողություն ունես, թե նա քո վաղեմի ծանոթն է կամ մտերիմը, իսկ ավելի ճիշտ` քո հարազատը։

Առաջին կուրսում, առաջինների թվում` իր առինքնող, պատկառելի տեսքով, երբ լսարան մտավ հերթական մեծը, գրականագետների գրականագետը` ակադեմիկոս Էդուարդ Ջրբաշյանը, մենք ավելի զգաստացանք։

Մեր ուսումնառության տարիներին նա արդեն կյանքի ու գիտության ուրույն ճանապարհ անցած մարդ էր, հանրաճանաչ գիտնական, մեր` բանասիրական ֆակուլտետի «Գրականության տեսության ու գեղագիտության ամբիոն»-ի վարիչը։

Եկավ ձեռնափայտով ու մեզնից յուրաքանչյուրը հասկացավ, որ գործ ունի կյանքի դժվարին ճանապարհ անցած մարդու հետ։

Նա Հայրենական պատերազմով էր անցել` որպես խորհրդային բանակի սպա, տակավին երիտասարդ` ավեր ու ավար էր տեսել։ Ստալինյան բռնաճշումների էր ենթարկվել ու որպես «ձայնազուրկ» պիտակավորվել ու հալածվել Վանից գաղթած նրա հոր` Մկրտիչ Ջրբաշյանի ընտանիքը։ Եվ որ ավելի վշտացնող էր. 1944-ին` ընդամենը 21 տարեկան, կորցրել էր ոտքը։

ՈՒ այդ ամենից հետո` այնքա՜ն պարզ, վճիտ հայացք ուներ, այնքա՜ն մաքուր աչքեր, այնքա՜ն բարի դեմք։

Ավելի բարի տեսքով մարդ համալսարանի կամարներից ներս մինչ այդ չէի տեսել։ Սիրուն ժպիտ ուներ, խոշոր ձեռքեր, երկար մատներ։ Երբ երկու ձեռքով հենվում էր ամբիոնին ու սկսում էր դասախոսությունը, թվում էր` լսարանն իր գրկի մեջ է։ Եվ իսկապես այդպես էր. լսարանը ուշադրությամբ լսում էր նրան, լսում էր բաներ, որ մինչ այդ չէր լսել, չգիտեր։

Երբեք ձայնը բարձրացրած կամ զայրացած չտեսանք նրան։ Զարմանալի զուսպ, հավասարակշռված մարդ էր։

...Նրա դասավանդած` «Գրականության տեսություն» առարկային էլ դպրոցից ծանոթ էինք։ Բնական է` էլի մակերեսորեն, թեթևակի։

Երբ «Հայ գրականություն» դպրոցական դասագրքում ներառված հերթական հեղինակի ստեղծագործությանը ծանոթանալիս ընդամենն իմանում էինք, որ նրա գրական գործերը էպիկական են, լիրիկական (քնարական) կամ դրամատիկական։ Ընդամենը, ոչ ավելի։

Մինչդեռ «Գրականության տեսություն» առարկան ապագա բանասերներիս համար այն սկիզբն էր, որ մեզ տանելու էր անտիկ աշխարհ, մինչև Արիստոտելի «Պոետիկա», ուր դրվել էր գրական ստեղծագործությունները միմյանցից տարանջատելու և վերը նշված ժանրերի բաժանելու անկյունաքարային սկզբունքը, որի հայ սկզբնավորողը և գիտակը մեր դասախոսն էր` ընկեր Ջրբաշյանը։

«Գրականության տեսություն» արդեն վաղուց դասական դարձած առարկան ու ընկեր Ջրբաշյանի հեղինակած նույնանուն դասագիրքը մենք սկսեցինք լրջորեն ուսումնասիրել գրականագիտությանը զուգընթաց, քանզի այն մեր ընտրսծ մասնագիտության կարևոր ճյուղն էր։ Արտաքուստ թվում էր, թե չորուցամաք, տեսական գիտություն է։ Մինչդեռ այն գրական ստեղծագործությունները նաև գեղագիտորեն ընկալելու բանալին էր։

Նրա կարևորությունը խորապես ու բազմակողմասի մեզ պարզաբանեց այն ժամանակ գիտության ոլորտում արդեն իսկ լայն ճանաչում ունեցող Ֆերդինանտ (մաթեմատիկոս) Ջրբաշյանի գրականագետ եղբայրը` Էդվարդ Ջրբաշյանը։

Այս առնչությամբ մի հետաքրքիր դիտարկում. նրանք` Ջրբաշյան֊ եղբայրները երրորդն էին. եկել էին համալրելու հայոց կաճառի Հովսեփ և Լևոն-Օրբելի, Աբրահամ և Արտեմ Ալիխանյան֊ եղբայրների` ակադեմիկոսների ընտանիքը։ Սա եզակի երևույթ է հայ ժողովրդի պատմության մեջ։

...«Գրականության տեսություն»-ը գրականագիտության այն ճյուղն է, որ ուսումնասիրում և դասակարգում է գեղարվեստական գրական ստեղծագործություններն ըստ ձևի և բովանդակության։ Իսկ գեղագիտական տեսությունները հասնում էին հին աշխարհ, մինչ Արիստոտել։

Այդպես մենք առաջին անգամ համալսարանի կամարների ներքո առնչվեցինք անտիկ աշխարհի` Հին Հունաստանի գիտական մտքին ու գեղագիտական տեսություններին։

Գրական գործն ընկալելու համար առաջին հերթին պիտի դրանք իմանաս։ Եվ արդեն դեռևս 1950-ականներից հայտնի խորագիտակ թումանյանագետ ընկեր Ջրբաշյանը եկել էր լսարան` մեզ հետ իր պաշտելի հայոց չորս` Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան ու Եղիշե Չարենց գագաթներին «հանդիպելուց» հետո, նաև նրանց անմահ գործերով իր դասավանդող առարկան կարևորելու։ Նրա իմացության շրջանակներն այնքա՜ն լայն էին, այնքա՜ն ընդգրկուն, հանրագիտարանային գիտելիքներն այնքա՜ն ակնհայտ ու տեսանելի։ Այդպես կարծես ակամա նա մեզ աշխատասիրության ուսանելի դաս տվեց, դաս` ամբողջ կյանքի համար. «Հայ գրականության մեծերին ճանաչելու համար նրանց անդադար կարդալ է պետք, անընդհատ»։ Իսկ հայ գրականության ակունքներում մեզ այնքան անհայտ գանձեր կային, այնքան «խորհուրդներ»։

Իր տեսական խոսքը համեմելով գրական գործերից «թաքնված» մեջբերումներով` այդպես նա ավելի էր ընդգծում այդ գործերի ոչ միայն գեղարվեստական արժեքը, համամարդկային կարևորությունը, այլև իր անուրանալի վաստակը դրանք խորապես ուսումնասիրելու և արժևորելու գործում։

Կարևորելով գրական սեռերի դերը` նա մանրամասնորեն բացահայտեց գեղարվեստական խոսքը կառուցելու միջոցներն ու ձևերը, կարևորեց կյանքի արտացոլման ձևը, կառուցվածքը և ընդգրկումը, գեղագիտական հիմնական հասկացությունները` գեղեցիկը, վեհը, ողբերգականը, կոմիկականը, նրանց անքակտելի կապը։

Սրանք բանասիրության անկյունաքարային իմացական պահանջներ են։

Ահա այստեղ էր, որ անվանի գրականագետն առավել արժևորեց բառը` որպես խոսքի ատաղձ, որպես մեր` ապագա բանասերների զինանոցի «հատու զենք»։

...Արդեն ավարտել էինք համալսարանը, երբ լույս տեսավ նրա «Չորս գագաթ» (1982 թ.) ակադեմիական արժեք ունեցող աշխատությունը։ Այն օրերին հափշտակված թերթում էի գիրքը և խոնարհումի զգացողությամբ համակվում` ընկեր Ջրբաշյանի հետ կրկին «հանդիպելուց» հետո։ Այդ անգամ նրա գրավոր խոսքը եկավ ընդգծելու նրա բանավոր գունագեղ խոսքի շքեղությունը, որ լսել էինք տարիներ առաջ, լսել համակ ուշադրություն դարձած։

Մեզնից ոմանց` հոգու խորքում լրագրող դառնալու ցանկություն ունեցողների համար, ինչ խոսք, կարևորվում էր ԵՊՀ֊ի «Երևանի համալսարան» բազմատպաքանակ պաշտոնաթերթը։ Մինչդեռ. դեռևս 1967-ին ընկեր Ջրբաշյանի հիմնադրած և խմբագրած «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսն այն գիտական հանդեսն էր, որ ուղի էր հարթում մեր` ապագա հայագետների, ապագա

Բանասեր-գիտնականների համար։

Այսպես գիտնականի սրտացավությամբ կարող էր հանդեսի դերն ու կարևորությունն արժևորել միայն Էդվարդ Ջրբաշյանի պես մեծ գիտնականը։

Բազմաթիվ կոչումներ ու պարգևներ ունեցող գիտնական էր, կրկնակի` պետական մրցանակի էր արժանացել («Գրականության տեսություն» գրքի համար), շքանշանների։ Հայագիտության նվիրյալ էր, գրականագիտության անուրանալի գիտակ, բազմաթիվ գրքերի, մենագրությունների հեղինակ, գիտական ատենախոսությունների ղեկավար։

Կատակ բան չէ կես դար գրականգիտությանն անմնացորդ նվիրվելը։

Հիմա էլ, երբ պատեհ առիթով մեր` բանասիրության ֆակուլտետ եմ այցելում, ուր ընդարձակ ճեմասրահում մեզ դասավանդած վերջին մոհիկանների կիսանդրիներն են, մի պահ կանգնում եմ նաև իր կիսանդրու առջև ու թվում է, թե տեսնում եմ նրա բարի հայացքն ու սիրուն ժպիտը և կրկին համակվում նրա ուսանողը եղած լինելու անանց հպարտությամբ։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 8703

Մեկնաբանություններ