Միջազգային ասպարեզում բոլոր իրադարձությունները, ինչու չէ՝ նաև ներքաղաքական գործընթացները հասկանալու բանալին ՌԴ-Արևմուտք հակամարտության մեջ է: Այստեղ ամեն մի փոփոխություն և նոր իրավիճակի առաջացում կապված է այդ հակամարտության և հատկապես ուկրաինական պատերազմի հետ: Սիրիական իրադարձությունները ևս կարելի է դիտարկել այդ համատեքստում: Նորույթ չէ հաղթանակի հասնելու համար պատերազմում «երկրորդ ճակատի» բացման տեխնոլոգիան., եթե չես կարողանում հաղթել հակառակորդ պետությանը, նրա համար այլ տեղ երկրորդ ճակատը «նվիրիր», մաշիր և հյուծիր, ստիպողաբար մղիր նրան այնտեղ, որտեղից նա կգա մաշված և հյուծված ռեսուրսներով: Հիշենք Գերմանիայի միավորման ճարտարապետ մեծն Բիսմարկի մարգարեական խոսքերը, այն մասին, որ Գերմանիայի համար մահացու վտանգ է պատերազմը երկու ճակատով, որն անտեսեցին նացիստական ղեկավարները երկրորդ աշխարհամարտի ժամանակ և, անավարտ թողնելով պատերազմը արևմուտքում, հարձակվեցին ԽՍՀՄ-ի վրա: Ուկրաինական պատերազմի սկզբից ևեթ դիվանագիտական-քաղաքական աշխատանք էր տարվում Վրաստանում ՌԴ ի դեմ երկրորդ ճակատ բացելու ուղղությամբ: Երբ սկսվեց պատերազմը Գազայի հատվածում, ԱՄՆ-ի և ԵՄ երկրները երկրորդ ճակատի «նվերը» ստացան, զգալիորեն փոքրացան Կիևին ուղարկվող օգնության ծավալները: Արևմուտքի պատասխան քայլը Ասադի ռուսամետ վարչակարգի տապալումն է Սիրիայում: Պարզ է, որ ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների հավաքական կոալիցիայի հսկայական կարողություններն օգտագործող Ուկրաինայի դեմ պատերազմը չավարտած Ռուսաստանը ֆիզիկապես ի վիճակի չէր փրկել իր դաշնակից վարչակարգը Դամասկոսում: Իմ կարծիքով՝ Պուտինը խուսափեց ծուղակից և մարտունակ պահեց երկիրը ուկրաինական ճակատում: Եթե նա գնար Ասադի փրկության ճանապարհով, մեծ բարդություններ էր ունենալու ուկրաինական ճակատում: Ոմանք սիրիական վարչակարգի փոփոխությունը որակում են որպես ռուսական ազդեցության փլուզում Մերձավոր Արևելքում: Ինչ-որ առումով, իհարկե, դա կայացած իրողություն է, սակայն իրադարձությունները պետք է վերլուծել շղթայական կապի տրամաբանությամբ: Արդյո՞ք Բաշար Ասադի աշխարհիկ վարչակարգի տապալումը նոր մարտահրավերներ չի ծնելու անգլո-սաքսերի և նրանց դաշնակից Իսրայելի համար, ինչպես եղավ Իրաքում Սադամ Հուսեյնի տապալումից հետո: Փորձեմ առանձնացնել դրանք: Առաջինը՝ իսլամամետ արմատական ռազմական ներկայության հայտնվելը Իսրայելի սահմանին, երկրորդը՝ սիրիական քրդերի կողմից անկախության հռչակումը, թուրքերի հետ նոր ռազմական էսկալացիայի վտանգով, երրորդը՝ քրդերի, ալավիների, իսլամական արմատական խմբավորումբերի և թուրքոմանների քաղաքացիական պատերազմի վտանգը և իրաքյան սցենարների կրկնությունը, չորրորդը՝ Իրանի և Իրաքի միջամտությունը ներքաղաքական բախումներում: Այստեղ դեռևս մի բան մնում է անփոփոխ, դա Իրան-Իսրայել կոշտ հակամարտությունն է, որն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում: Ամեն դեպքում, եթե նոր իշխանությունները գնան ազատ բազմակուսակցական ընտրությունների ճանապարհով, և սիրիական հասարակության տարբեր հատվածների միջև գերակայի պետական միասնության պահպանման առաջնահերթությունը, կարելի է լավատեսական ակնկալիքներ ունենալ:
Գարիկ Քեռյան