18-ից 20 թվականներն էին, երբ ժողբաստիոնապետն իրեն բնորոշ էնտուզիազմով, դեմագոգիայով, պաթոսով ու պոպուլիզմով քաղաքական դաշտ նետեց՝ «Կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա թալանը հետ ենք բերելու» էքստրավագանտ արտահայտությունը:
Տարիների ընթացքում կենացները թանկացած, հոգեցունց ու ականջահաճո ինչեր ասես լսեցինք,
բայց արի ու տես, անցել է վեց տարի, սակայն աստղաբաշխական թվերի հասնող մեգաթալանը, որի մասին խոսվում էր, այդպես էլ կոպեկ առ կոպեկ հետ չբերվեց, թալանչիներն էլ չպատժվեցին:
Աբսուրդն ու մառազմն էլ այն է, որ ստացվում է՝ մեր սրտի վարչապետը «կոպեկ առ կոպեկը» հետ է բերել , հիմա էլ անցել է՝ «հատիկ առ հատիկին»…
Մեր փրկիչ-հերոսն այսօր պաթոսախեղդ կոկորդ է պատռում, թե բա՝ «Ապօրինի գույքի վերադարձի գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ»:
Որպես ժողվարչապետ էլ ունիկալ հաշվետվության ձև է մոգոնել.
թափանցիկության համար առաջիկայում՝ «հատիկառհատիկ» հեշթեգով, ֆեյսբուքյան իր անձնական էջով «հատիկ առ հատիկ» ներկայացնելու է արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը:
Դասականը կասեր՝ «իյա, իրո՞ք»…
Կարդում ու չես հասկանում՝ ծիծաղե՞ս, թե՞ լաս․․․
Լավ, քանի՜ տարի, քանի՞ ձևով կարելի է հանրությանը կերակրել նույն ստերով։
Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ դրանք կլուսաբանեմ իմ աձնական էջով:
Ֆեյսբուքյան էջդ՝ 02-ի հատուկ թողարկու՞մն է, թե՞ լրագրողի մասնագիտությունդ գլուխ է բարձրացնում:
Սա ի՞նչ էժանագին պոպուլիզմ է:
«Կոկա-Կոլան» ժամանակին մի ֆանտաստիկ մարքեթինգային քայլ էր նախաձեռնել, որն առ այսօր ակտուալ է ու «ուտվում է» հանրության կողմից:
Սանտայի գնացքն աշխարհով շրջում է ու երգում են՝ «տոներն են մոտենում, տոներն են մոտենում»:
Հիմա՝ «2026 թվականն է մոտենում, ընտրություններն են մոտենում»…
Էլի մոտեցան ընտրությունները, էլի «կոպեկ առ կոպեկ» վերադարձնելը դարձավ՝ «հատիկ առ հատիկ»։
ՈՒ պահի թելադրանքով, մեր մտքի գիգանտ, մտաֆանտազիայի կոնգլոմերատ մաքառող-մեսիան, մետամորֆոզվել, ինքնատրանսֆորմացվել է:
Մարդը թրաշվել է, ընդդիմադիր կեցվածքը հիշել է, «ղժիկ-ճվճվիկը միացրել է», քարոզչական ամբոխահաճո ծեքծեքումներն ու դիֆիրամբներ ձոնելը սկսել է:
Խոհափիլիսոփայականը «խոդ տված» խոստանում է վերստին խոստանալ նախկինում խոստացված խոստումները և խոստանում է ավելի շատ խոստումներ, քան նախկինում խոստացել է:
Էլի բան է, մանավանդ՝ սին խոստումներ ուտողների բանակը թիկունքին կանգնած է:
Այսպիսով, առաջին հեշթեգն արդեն կա.
«Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:
Բրավո՛, բի՛ս, - կասեն նիկոլապաշտ զանգվածը, և ոչ միայն:
ՈՒ նրանց հետաքրքիր էլ չէ, թե «նախկին-թալանչիներից» ընդհանուր թվով որքա՞ն գույք է վերադարձվել, ո՞ւմ են դրանք բաժին հասել։
Ավելին՝ Փաշինյանի մտերիմներից ու թիմակիցներից քանի՞սն են հիմա Ծաղկաձորում, Դիլիջանում ու այլ էկովայրերում ամառանոցների տեր դարձել կամ ասաբնյակներ կառուցել:
Նրանց հետաքրքիր չէ սերիալների մասսովկա նկարվող, ոչ վաղ անցյալում հացին կակա ասող ու հիմա դեպուտատ դարձած աներձագի «արդար քրտինքով» այս պահին դիզած ունեցվածքը:
Հետաքրքիր չէ 13 միլիարդի շեմին հասցրած արտաքին պարտքը, որը վերջում մնալու է ժողովրդի վզին:
Բա որ տեսնեք, թե այդ «հպարտ» զանգվածը որքան լայքեր ու քոմենթներ, հաճոյախոսություններ ու օրհնանքներ է շռայլում «դուխով» վարչապետին, երբ վերջինս «բարլուսով» ֆեյսբուքյան էջում սյուրպրիզ-աչքալուսանքով «ավետում» է, թե բա՝ «Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։
Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաև կոշտ հակազդեցություն։
Սա եկեք արձանագրենք»:
ՈՒ այստեղ է, որ պետք է ասվի՝ «հլը մի րոպե՜»…
Ա՛յ ընկեր, արի դու մի շտապիր ու մի ոգևորվիր:
Վեց տարի է անցել, նո՞ր ես թվարկածդ, խոստումներդ ու անելիքդ հիշել, հիմա էլ կոշտ ու բրուտալ, անհանդուրժող ու պրինցիպիալ դարձել:
Արի կլինի, դու քո բուտաֆորիան, ֆետիշն ու ձևականություններդ «թարգի» ու այլ բան արձանագրի:
Հլը մի կողմ, որ յոթ տարի շարունակ նույն կենացն է ու անհասցե հաթաթան, նույն արժեզրկված ու ծեծված, անգիր արած խոսքերն են, ժողովրդի աչքերին նույն թոզփչոցին է, որ նույն երգն ես երգում, նույն կինոն պատմում:
Որ յոթ տարի իբր արմատական ռեֆորմներ ես իրականացնում, կոռուպցիա ու կրիմինալ, գողական ու մաֆիա ես արմատախիլ անում, մարտի 1 ու հոկտեմբերի 27 ես բացահայտում ու պատժում, գողոնն ու թալանն ես վերադարձնում, բայց մարդիկ այդ վերադարձից, ռեֆորմներից, բացահայտումներից ու պատիժներից այդպես էլ բան չեն տեսնում:
Մարդիկ էլ չեն հավատում ապօրինի գույքի վերադարձի «հատիկ առ հատիկին», «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու», Բադեն-Բադենի հանգստավայրերից ու Մոնակոյի կազինոներից «սալյարկա գողացած» ու արդարացված մերժվածի, Մոնումենտի՝ «Կոռուպցիայի թանգարանը բաց երկնքի տակ» էժան պոպուլիստական մանիպուլյացիաներիդ, էմոցիոնալ սպեկուլյացիաներիդ, լիրիկական զեղումներիդ ու բարոյախրատական լոզունգներիդ:
Մարդիկ հասկանում են, որ դու «մուտիտի վարպետ» ես, որ մարդկանց հիմարի տեղ ես դրել, որ շատ դեպքերում մի գրպանից դուրս է հանվում ու մյուս գրպանը մտցվում:
Այնպես որ՝ գոնե հիմա պապանձվիր:
Իսկ քո մատնանշած թալանչիները ոչ միայն թալանը հետ չեն վերադարձրել, այլ նրանցից շատերը ձեր հետ սերտ համագործակցում, ուտում-խմում են, շատերը դարձել են ձեզ քավոր ու սանիկ, մի մասը ձեր իշխանության տարիներին ազատորեն լքել են Հայաստանը, մյուս մասն էլ ազատ ու անկաշկանդ շրջում են Երևանի փողոցներով:
Կամ որ ապօրինի կերպով, Հայաստանը մաս-մաս տալիս եք թշնամուն, դրանք ո՞վ է վերադարձնելու ու ե՞րբ է վերադարձվելու:
«Հատիկ առ հատիկ» հաշվեք թշնամուն հանձնված հայրենի հողերի, գույքի, զենքերի, մարդկային զոհերի, խեղված ճակատագրերի ու տառապանքների գինն ու համեմատեք ձեր կողմից նշված ձեռքբերումների հետ:
Ձեր գլխավոր ձեռքբերումը՝ մանկության տարիների փափագած երազանք հեծանիվն է, որն արդեն ունեք, պաշտոնն է, կառավարական տունն է, պադավատն է, որ ունեք, դմակով խաշլաման էլ երբ ուզեք կրակի վրա դրած է:
Այնպես որ, շարունակեք հեծոշոուն, լուրջ դեմք ընդունած, խոհեմ հայացքով սրճեք, վիդեոն ֆեյսբուք գցեք, բլոգերություն արեք ու ժամանակ «մեռցրեք»:
Ծանրաբեռնված գրաֆիկի, աշխատանքային ժամի հերն էլ անիծած:
Լուրջ թեմաներն ու բանուգործը թողած՝ ֆեյսբուքյան դիտողականությունից հրճվեք, տխմար ստատուսներ գրեք, քոմենթներ կարդացեք, սրան-նրան պատասխանեք, որոշների հետ «բլիժնի բոյ» մտեք, որին էլ կարող եք՝ համոզեք-հեղափոխեք:
Ձեռքի հետ էլ՝ թիմակիցների հեռախոսները քչփորեք, անձնական կյանք մտեք, մուտիտ ու պարաժ տարածեք, սրա-նրա վրա ինտրիգ, ալիբի ու կոմպրոմատ հավաքեք, փչացրեք ու գործեր կարեք:
Սա է ձերը, հոգեհարազատը, բնատուրը, առավել ևս, որ ուրիշ բանի ընդունակ չեք:
Ձերը՝ պղծել, խեղելն ու շեղելն է:
ՈՒ թքած, թե ժողովուրդը բերանից եկածը քեզ չի ասում, թուք ու մուր չի կերցնում:
Մեկ է դուք դրանից ո՛չ վատ եք զգում, ո՛չ էլ ազդվում:
ՈՒ չմտահոգվե՛ք, առավոտյան հեծոշոու անելիս ու «բուձելնիկի» ֆունկցիա կատարելիս.
ձեր վրա ոչ ոք ջուր չի պզզցնի:
Ճամփին պատահած 5-6 ավտոլվացման կետերն արդեն փակվել են:
Ամեն անգամ տեսնելով այս մարտնչող տգիտությունը, քաղաքական մտքի թշվառությունը, մառազմը, ցինիզմը, պրիմիտիվությունը, նագլիությունն ու «պոֆիգիզմը»՝ հասկանում եմ, որ ազգովի դեգրադացվել , անդեմ ու ամոռալ ենք դարձել:
Ողորմելին մեր ողբերգությունն է, մեր խաչը, մեր ամոթն ու խարանը, որն ամենօրյա ռեժիմով հանդուրժում ենք:
Լկտի լակոտներով, դիլետանտ-դեմագոգներով կակիստոկրատիա-«տականքակրատիա» է:
Նողկալի է…
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ